Մատչելիության հղումներ

Նավալնին հետազոտվում է գերմանական կլինիկայում


Գերմանիա - Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարում Բեռլինի «Թեգել» օդանավակայանում, 22-ը օգոստոսի, 2020թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին անգիտակից վիճակում այսօր առավոտյան տեղափոխել են Գերմանիա։ Նա արդեն գտնվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում։

Նավալնիին տեղափոխող գերմանական բժշկական հատուկ օդանավը Օմսկի օդանավակայանից Բեռլին էր մեկնել այսօր առավոտյան։ Քաղաքական գործչի հետ Բեռլին է մեկնել նրա կինը՝ Յուլիան։

Օդանավը Ռուսաստան էր ուղարկել Cinema for Peace կազմակերպությունը, որի հիմնադիր Յակա Բիզիլը գերմանական Bild թերթին ասել է, որ թռիչքի ժամանակ և վայրէջքի պահին Նավալնիի վիճակը կայուն էր։

Հիվանդանոցը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին հաստատել է, որ Նավալնիին ընդունել են բուժման։ Հիվանդության ախտորոշման ուսումնասիրության ավարտից ու ընտանիքի համաձայնությունից հետո բժիշկները հանդես կգան հետազոտման արդյունքների և բուժման պլանների մասին հաղորդագրությամբ։

«Հետազոտությունների համար որոշ ժամանակ կպահանջվի, մենք խնդրում ենք համբերատար լինել։ Մամուլին ու հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի, հենց հայտնի լինեն արդյունքները», - հայտարարել է «Շարիտե» համալսարանական կլինիկան։

Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆան Զայբերտը այսօր Բեռլինում լրագրողների հետ զրույցում ասել է. - «Ամենակարևոր առաջնահերթությունը, իհարկե, պարոն Նավալնիի կյանքը փրկելն է և առողջության վերականգնումը»։

Գերմանական օդանավը Օմսկի օդանավակայանում մոտ երկու օր սպասում էր Նավալնիին Բեռլին տեղափոխելու թույլտվությանը։ Օմսկի բժիշկները թույլ չէին տալիս կոմայի մեջ գտնվող Նավալնիին տեղափոխել, պնդելով, որ նրա վիճակը կայուն չէ։ Նրա կինը նույնիսկ դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` պահանջելով թույլատրել ամուսնուն տեղափոխել գերմանական կլինիկա։

Նավալնիի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, իսկ Օմսկի բժիշկները ցանկանում են վերացնել թունավոր նյութի հետքերն ու դրա համար են պահում հիվանդանոցում։ Օմսկի հիվանդանոցի բժիշկները թունավորման փաստը չեն հաստատել։ Նրանց վարկածով՝ Նավալնիի օրգանիզմում հնարավոր է նյութափոխանակության սուր ճգնաժամ է առաջացել, որի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը։

Երկու օր շարունակ Նավալնիի հարազատները, աջակիցները հուսահատ պայքարում էին Օմսկի թիվ 1 հիվանդանոցի բժիշկների որոշումների դեմ։ Հինգշաբթի օրը հիվանդանոցը թույլ չէր տվել նրա կնոջը մտնել ամուսնու հիվանդասենյակ՝ պահանջելով ցույց տալ ամուսնության վկայականը։ Ուրբաթ ամբողջ օրը պայքար էր գնում Նավալնիին Գերմանիա տեղափոխելու թույլտվության համար։

Սոցցանցերի օգտատերի, բլոգերների բազմաթիվ զայրացած գրառումներ կան: «Որևէ մասնագիտություն չի մնացել, որը Կրեմլը չվարկաբեկեր։ Ուսուցիչներին դարձրել են ընտրակեղծարարներ, ոստիկաններին՝ պատժիչներ, բժիշկներին՝ բանտապահներ», - Թվիթերում գրել է «Ստալինգուլագ» օգտատերը։

Նատալյա Գևորգյան օգտատերը գրել է. - «Հասկանալի է, որ Նավալնիի վերաբերյալ որոշումները գլխավոր բժիշկը չի ընդունում։ Բայց քաղաքական գործիչների ու հատուկ ծառայությունների հրահանգներին հետևող բժիշկը դադարում է բժիշկ լինել»։

Կրեմլին ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խիստ քննադատող Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր երկու օր առաջ՝ Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում։ Օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկում։ 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին Օմսկի թիվ 1 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Նրա թիմակիցները պնդում են, որ Տոմսկի օդանավակայանում թռիչքից առաջ Նավալնին մի բաժակ թեյ է խմել, ու կասկածում են, որ նրան թունավորել են այդ ժամանակ։

Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել՝ պարզելու, թե ինչ պատճառով է Նավալնին ընկել կոմայի մեջ։

Օգոստոսի 20-ին ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենն ասել էր, որ Նավալնիի ենթադրաբար թունավորումը ծայրահեղ տագնապալից է և կարող է ազդեցություն գործել Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա։

Կասկածներ կան, որ նախկինում ևս Նավալնիին փորձել են առնվազն երկու անգամ թունավորել։ Մեկ տարի առաջ Մոսկվայի բանտում նա 30-օրյա կալանքի տակ էր, ու նրա մաշկը խիստ բորբոքվել էր, պաշտոնական վարկածով՝ եղնջացան էր, սակայն նրա բժշկի կարծիքով՝ դա կարող էր քիմիական նյութի ազդեցության հետևանք լինել։ Ավելի վաղ՝ 2017-ին նրա դեմ քիմիական նյութով հարձակում էր կատարվել, ամիսներ շարունակ նա բուժվում էր՝ վերականգնելու վնասված տեսողությունը։ Նավալնին այն ժամանակ ասում էր, թե ոչ մի կասկած չունի, որ հարձակումը կազմակերպել է Պուտինի վարչակազմը։

XS
SM
MD
LG