Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Նավալնիի խնդրով պատժամիջոցներ սահմանեց Կրեմլի նկատմամբ


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնիին ենթադրաբար փոխադրել են Պոկրով ավանում գտնվող թիվ 2 քրեակատարողական հիմնարկ, 2-ը մարտի, 2021թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Կրեմլի նկատմամբ՝ անցյալ տարվա ամռանն ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին թունավորելու համար:

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը, նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Անդրեյ Յարինը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության փոխնախարարներ Ալեքսեյ Կրիվորուչկոն և Պավել Պոպովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն:

Այդ քայլով դեմոկրատական նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արձանագրեց լուրջ փոփոխություն նախորդ վարչակազմի դիրքորոշման համեմատությամբ: Անցյալ տարի հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը որևէ կերպ չի արձագանքել Նավալնիի թունավորմանը:

Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է 2020 թվականի օգոստոսին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, որը ստիպված վայրէջք է կատարել Օմսկում:

Այդ քաղաքում Նավալնիին բուժօգնություն են ցույց տվել, ինչից հետո Գերմանիայի կառավարության միջնորդությամբ նրան փոխադրել են Բեռլինի հիվանդանոց, որտեղ գերմանացի փորձագետները ստուգումներ են անցկացրել և հայտարարել են, որ ընդդիմադիրին թունավորել են քիմիական մարտական զենք հանդիսացող «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

Բուժվելուց հետո Նավալնին այս տարվա հունվարին վերադարձել է Մոսկվա, որտեղ անմիջապես կալանավորվել է, ապա իր նկատմամբ հարուցված գործով դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման: Հետագայում դատարանը հաշվի է առել տնային կալանքի և «Մատրոսսկայա տիշինա» բանտում մնալու ժամկետները և վերջնական պատիժ է սահմանել 2.5 տարվա ազատազրկումը:

Նավալնին և նրա աջակիցներն, ինչպես նաև Արևմուտքի լիդերները և իրավապաշտպան կազմակերպությունները համոզված են, որ դատարանը բլոգերին պատժում է նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցների կոռուպցիոն աղաղակող գործարքները բացահատելու համար:

Եվրոպական Միությունը Նավալնիի խնդրով արդեն մի շարք պատժամիոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG