Մատչելիության հղումներ

Ֆրանսիան, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի ուղղությամբ. Անն Լույո


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույո
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույո

Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն։

Դեսպանը մանրամասներ չհայտնեց, սակայն հարկ համարեց ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին. - «Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, ով Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու՝ [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։ Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ միասին գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»։

«Ազատության» հստակեցնող հարցին՝ հարկավո՞ր է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացում, Ֆրանսիան ներկայացնող դիվանագետը պատասխանեց. - «ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն իսկ ակտիվացել է Նյու Յորքում, ինչպես քիչ առաջ ձեզ ասացի։ Մենք միայնակ չենք։ Կարծում եմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նույնպես շարժվեն»։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, դադարել էր գործել, և 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց՝ այս սեպտեմբերի վերջին խումբը կարողացավ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նաև առանձին հանդիպումներ ունեցան։

Հանդիպումներից հետո ղարաբաղյան միջնորդների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքը կողմերի հետ` «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ, համաձայն իրենց մանդատի»:

Անցած շաբաթավերջին էլ միջնորդները Ժնևում երկօրյա խորհրդակցություններ անցկացրեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահի հետ, որից հետո հայտարարեցին, թե դրական են ընդունել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի` միմյանց հետ հանդիպելու մասին հրապարակային հայտարարությունները և անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելուն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG