Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են նորից հանդիպել


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում, 6-ը հոկտեմբերի, 2021թ.
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում, 6-ը հոկտեմբերի, 2021թ.

Մեկ գերի է վերադարձվում

Այս պահին Հայաստան է վերադարձվում մեկ գերի՝ 32-ամյա Արթուր Դավիդյանը, որը այս տարվա օգոստոսին է հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Տեղեկությունն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ չներկայացնելով մանրամասներ։

Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ավագ լեյտենանտ Դավիդյանը օգոստոսի 22-ին դուրս է եկել իր մշտական տեղակայման վայրից և վատ տեսանելիության պատճառով մոլորվել ու հայտնվել ադրբեջանական կողմում:

«Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ անում են վերադարձնելու թե հաստատված, թե չհաստատված ՀՀ այն քաղաքացիներին, որոնց կենդանության հնարավորությունն այսօր կա», - շեշտեց Սուրեն Պապիկյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպման փաստը դրական գնահատեց

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են նորից հանդիպել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ամփոփելով այցը Նյու Յորք, որտեղ բանակցել էր ադրբեջանցի պաշտոնակցի հետ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական գնահատեց հանդիպման փաստն ինքնին:

«Այս ձևաչափով քննարկումների, բանակցային գործընթացի վերսկսումը միանշանակ ողջունելի է և միանշանակ բխում է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի շահերից: Փաստում ենք մեկ անգամ ևս, որ խնդիրն իրականում լուծված չէ: Ադրբեջանում սիրում են ասել, թե խնդիրն այլևս գոյություն չունի, կարծում եմ՝ նաև սա մի վկայություն է, միջազգային հանրության կողմից ևս մի հավաստիացում է այն մասին, որ խնդիրը գոյություն ունի, և խնդիրը լուծում պահանջում է», - հայտարարեց Միրզոյանը:

«Առանց քաղաքական կամքի առկայության այդ կարգի գործերը չեն կարող բացահայտվել»

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը Նիկոլ Փաշինյանից ճշտեց՝ որպես վարչապետ արդյո՞ք տեղյակ եղել է զենքի գնումների գործընթացից, որով հիմա քրեական գործ է հարուցվել, միալիարդներ հափշտակելու մեղադրանքով պաշտպանության նախկին նախարարն է կալանավորված:

«Քրեական գործը հարուցվել է վարչապետին ենթակա մարմին հանդիսացող Ազգային անվտանգության ծառայության կողմից, և միջազգային բոլոր զեկույցներն արձանագրում են, որ առանց քաղաքական կամքի առկայության այդ կարգի գործերը չեն կարող բացահայտվել և բացահայտման ուղղությամբ գնալ: Ես կարծում եմ, որ Ձեր հարցի պատասխանը Դուք շատ լավ գիտեք, և հիմա այդ հարցը Դուք, որ տալիս եք քննիչի կարգավիճակով, այդ հարցի պատասխանը տալիս է ինձ ենթակա մարմին Ազգային անվտանգության ծառայությունը, որը քրեական գործ է հարուցում, ձերբակալություններ է իրականացնում և միջնորդություններով կալանավորելու հանդես է գալիս», - ի պատասխան ասաց Փաշինյանը` հավելելով.

«Ազգային անվտանգության ծառայությունը հետևաբար ունի բոլոր հնարավորությունները` բոլոր հարցերը պարզելու և կպարզի»:

Դավաճանության և կապիտուլյացիայի մեղադրանքներ` ԱԺ-ում

Վարչապետին ընդդիմադիրների ուղղված հարցերը հիմանականում անցյալի մասին էին: «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվում էր՝ ինչո՞ւ է հոկտեմբերին մերժել պատերազմը դադարեցնելու առաջարկը:

«Ի՞նչ պատասխան եք տալու այն ծնողներին, որոնց աչքերին նայելով պիտի ասեք` ես այդ կամքը չունեցա` պատերազմը դադարեցնելու, թեկուզ ինձ դավաճան անվանելու գնով: Միևնույն է` այսքանից հետո Ձեզ և՛ դավաճան են անվանում, և՛ կապիտուլյանտ են անվանում», - հարցրեց պատգամավորը:

«Ձեզ ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են համարում, եթե դուք տեղյակ չեք, ձեզ տեղեկացնեմ, և ընտրությունների արդյունքները դրա մասին են վկայում, և ձեր դավաճան և կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք: Ես, այո, ինձ մեղավոր եմ ճանաչում, այդ թվում` բանակը կոռումպացված տարրից չազատելու համար 2018 թվականից հետո», - ասաց երկրի ղեկավարը:

«Հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք բերվել է, որի արդյունքով Հայաստանի ԱԳ նախարարը մեկնել է, Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ ստորագրվել է փաստաթուղթ, հրապարակվել է, որը մեր հանրության կողմից լայնորեն ողջունվել է, ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կատարել դա: Ես չեմ հասկանում` այդ ամեն ինչը Դուք իրոք չգիտե՞ք», - իր արձագանքը շարունակեց նա:

Արթուր Վանեցյանի առաջնորդած «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը հիշեցրեց, որ դեռ պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև օպերատիվ կապ է ստեղծվել. «Իր իսկ նշանակած օպարետիվ կապը, ակնհայտ է, որ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների, միգուցե նաև հնարավորություն ունեմ ենթադրելու, որ թուրքի կողմից ունեցած տեղեկություններն իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար»:

Ի պատասխան վարչապետը նշեց. «Այդ օպերատիվ կապը Ձեր խմբակցության ղեկավարն է (խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է- խմբ.) հիմա: Գնացեք, խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի` էդ ի՞նչ է պայմանավորվել և ո՞ւմ հետ: Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել: Զգույշ եղեք, եթե այդ համառությամբ, տենց հետևողական գնաք և այդքան տեղեկատվություն ունեք, կարող է պարզվի, որ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դուրս գա՞ք խմբակցությունից, կամ իրե՞ն հեռացնեք խմբակցությունից:

Եթե 5 միլիարդ է եղել, կարող է ինձնից դուրս պայմանավորվածություն են ունեցել»:

Պատգամավորը տեղից հորդորեց Փաշինյանին հրաժարական տալ, ինչին վերջինս արձագանքեց. «Ես հրաժարական տվել եմ, եթե Դուք տեղյակ չեք: Դուք հիմա այդտեղ նստած եք իմ հրաժարականի արդյունքում, եթե ես հրաժարական տված չլինեի, հիմա Դուք Բաղրամյան պողոտայում խորոված անելիս էիք լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG