Մատչելիության հղումներ

Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվելու են Արցախի և անվտանգային հարցերը


Փաշինյան-Պուտին հանդիպում Մոսկվայում, հուլիս, 2021թ․
Փաշինյան-Պուտին հանդիպում Մոսկվայում, հուլիս, 2021թ․

Առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները։ Մոսկվայից տեղեկությունը հաստատում են՝ չբացահայտելով հանդիպման ժամկետն ու օրակարգը։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը վերջին անգամ հանդիպել էին երեք ամիս առաջ՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այդ ժամանակ, շնորհավորելով Փաշինյանին, Պուտինը կարևորել էր «ժողովրդի վստահությունը՝ դժվար հարցերը կարգավորելու համար», սակայն չէր մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։

«Պուտին-Փաշինյան հանդիպմանը քննարկվելու են, բնականաբար, տարածաշրջանային, անվտանգային, Ղարաբաղին վերաբերող հարցեր»

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյան

Թե ի՞նչ են քննարկելու այս անգամ երկու երկրների ղեկավարները, Ազգային ժողովի իշխանական փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը միայն ընդհանուր տեղեկություններ փոխանցեց։ «Օրակարգն ընդգրկելու է հայ-ռուսական հարաբերությունների ամբողջական սպեկտրը, Ղարաբաղը, բնականաբար, հայ-ռուսական հարաբերությունների ամբողջական սպեկտրի մի թեմա է։ Բոլոր հարցերը, որոնք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում են, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերը, անվտանգային, Ղարաբաղին վերաբերող, բնականաբար, քննարկվելու են», - ասաց Ռուբինյանը։

Պատերազմից հետո սա Փաշինյանի և Պուտինի երրորդ հանդիպումն է։ Առաջինը՝ տարեսկզբին էր՝ Մոսկվայում, երբ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները տարածաշրջանային ապաշրջափաման մասին հայտարարություն ստորագրեցին։

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը Մոսկվայում, 11-ը հունվարի, 2021թ․
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը Մոսկվայում, 11-ը հունվարի, 2021թ․

Մինչև Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումը, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներն են նախապայմաններով հայտարարում հանդիպման պատրաստակամության մասին։

Հարցին, թե հնարավո՞ր է Փաշինյան-Պուտին հանդիպմանը հաջորդի Ալիև-Փաշինյան հանդիպումը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ - «Այս պահի դրությամբ, այո, կողմերը խոսել են հանդիպման պատրաստակամության մասին, բայց այդ հանդիպումը որպեսզի տեղի ունենա, նախ պետք է օրակարգ կազմվի, կազմակերպվի և այլն, այս պահի դրությամբ, այլ բան, քանի ինչ-որ կա հանրային, հայտնի չէ»։

Մեկ այլ հարցի, թե սպասվող հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարց կա՞, խորհրդարանական փոխխոսնակը պատասխանեց՝ խաղաղության օրակարգի հասցեն այլ է։ Այն հնարավոր է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

«Խաղաղության վերաբերյալ քննարկումների տեղը և ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է», - ասաց Ռուբինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի վարչապետի մասնակցությամբ որևէ հանդիպումից դրական ակնկալիք չունի

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյան

Խորհրդարանական ընդդիմությանը տեղեկություններ դեռ չեն հասել սպասվող հանդիպման օրակարգից։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Հայաստանի վարչապետի մասնակցությամբ որևէ հանդիպումից դրական ակնկալիք չունի։

«Մոտավորապես ապրիլի 23-ից հետո հակաղարաբաղյան շարժման պարագլուխից ես ոչ մի լավ բան չեմ ակնկալում։ Ես կարող էի այստեղ ձևացնել, թե ունեմ ներքին տվյալներ, ցավոք, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պահանջները, որպեսզի այս կամ այն գործադիրի ներկայացուցիչները ներկայանան և պատմեն, թե ինչ վիճակում է բանակցային գործընթացը, այս պահի դրությամբ դեռևս ցրողական տրամաբանության են արժանանում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Միջազգային օղակներում Հայաստանի իշխանությունը պետք է առաջ մղի Արցախի կարգավիճակի, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի օրակարգը, նշեց Մամիջանյանը։

«Հայկական կողմը պարտադիր, անդադար պիտի միջազգային օրակարգում պահի հայկական տարածքների՝ Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի հարցը։ Համաշխարհային հանրության համար պիտի ընկալելի և պարզ լինի, որ դրանք հայկական հողեր են, մեր հայրենիքն են, որոնք օկուպացված են թշնամու կողմից՝ մեկ, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը պիտի մշտապես պահվի միջազգային հանրության և գոնե հայկական կողմի օրակարգի առաջնային կետերում», - ասաց պատգամավորը։

Մոսկվայում սպասվող հանդիպման օրակարգից մանրամասներ չհաջողվեց լսել Փաշինյանից ու Միրզոյանից

Մոսկվայում առաջիկայում սպասվող հանդիպման օրակարգից մանրամասներ այսօր չհաջողվեց լսել վարչապետ Փաշինյանից։ Կառավարությունում ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո, ճեպազրույց էր նախատեսված։ Լրատվամիջոցներին հրավիրելով՝ չէին բացառել, որ հարցի հնարավարություն կլինի։ Սակայն Փաշինյանը ֆրանկոֆոնիայի թեմայով հայտարարությունից անմիջապես հետո հեռացավ։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ էր սրահում, որը նույնպես լրագրողների հարցերին չպատասխանեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG