Մատչելիության հղումներ

Խորհրդարանի առաջին նիստն անցավ լարված մթնոլորտում․ ԱԺ նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը


Որպես ամենատարեց պատգամավոր արդեն 3-րդ գումարումն անընդմեջ նիստը բացում 76 ամյա Կնյազ Հասանովը։ Ավանդույթի համաձայն նիստին ներկա էր նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Օրհնեց խորհրդարանին ու պատգամավորներին:

Նիստին զուգահեռ, օրենքի պահանջին համապատասխան հրապարակվեց Արմեն Սարգսյանի հրամանագիրը, խորհրդարանում մեծամասնություն ստացած ուժի, «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին։

Հաջորդ արարողակարգը պատգամավորների երդման արարողությունն էր։ Նախագահողը ընթերցեց պատգամավորների երդման տեքստը, որից հետո բոլոր 107 պատգամավորները միաժամանակ երդվեցին: Ապա Կնյազ Հասանովը առանձին-առանձին հնչեցրեց պատգամավորների անունները։

«Հայաստան» դաշինքի երկու բացակա պատգամավորների անունները հնչելիս խմբակցության պատգամավորները ոտքի կանգնեցին ու ծափահարեցին։ Խմբակցության պատգամավորները, որոշ բացառություններով հագել էին Սյունիքի՝ կալանավորված համայնքի ղեկավարների լուսանկարներով շապիկներ։

Վարման կարգով խոսեցին «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորները ու պահանջեցին ապահովել իրենց երկու կալանավորված գործընկերների ներկայությունը. «Ամենաթողություն է ուղղակի տեղի ունեցել, մեր երկու պատգամավորները գտնվում են կալանքի տակ»:

Արձագանքեց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ասաց, հարցն իրավական է. «Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի է ունեցել մինչև պատգամավորական մանդատ ստանալը և որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումներով»:

Հաջորդող կես ժամը հարթ չանցավ։ Ընդդիմադիրները տարբեր պահանջներ էին հնչեցնում, իսկ նախագահող Հասանովը մեկ ցանկություն ուներ՝ տարիքով պայմանավորված իր պարտականությունները արագ հանձնել մեկ ուրիշին:

Երկար բանակություններից հետո ստիպված 20 րոպե ընդմիջում հայտարարեց, ընդդիմության պահանջն էր:

Արդեն ընդմիջման ընթացքում միացված մնացած բարձրախոսից հասկացանք՝ իշխանությունն ընդհանուր առմամբ դժգոհ չէր Հասանովից:

ԱԺ նախագահի 3 թեկնածու առաջադրվեց։ Իշխանության թեկնածուն Ալեն Սիմոնյանն էր։ Ընդդիրմադիրները ևս օգտվեցին թեկնածու առաջադրելու իրենց իրավունքից և գործեցին միասնաբար։ «Հայաստանը» առաջադրեց կալանավորված մի թեկնածուին՝ Մխիթար Զաքարյանին, «Պատիվ ունեմն» էլ մյուսին՝ Արթուր Սարգսյանին։

Ապահովեք թեկնածուների ելույթ ունենալու հնարավորությունը, պահանջեցին ընդդիմադիրները ու մերժվելուց հետո բոյկետեցին նիստը:

Մեծամասնության թեկնածու Ալեն Սիմոնյանը ելույթ ունեցավ արդեն առանց ընդդիմադիրների. «Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները հանուն մեծ նպատակների»:

Միայն իշխանականների 71 կողմ ձայնով Սիմոնյանը երկրորդ փորձից ընտրվեց ԱԺ նախագահ։ Առաջին քվեարկությունը անվավեր էր, քանի որ գաղտնի քվեարկության քվեաթերթիկում տառասխալ էր եղել:

Ազգային ժողովն այսօր չհասցրեց սպառել օրակարգը և իշխանականները նիստի ավարտից հետո ևս մեկ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես եկան: Ազգային ժողովը դեռ պետք է ընտրի իշխանական և ընդդիմադիր Ազգային ժողովի փոխնախագահ, հանձնաժողովների նախագահներ:

Զուգահեռ ձևավորվում է կառավարությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Փաշինյանի առաջարկով Սուրեն Պապիկյանին նշանակել է փոխվարչապետ, Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար, Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակա միջավայրի նախարար, Նարեկ Մկրտչյանին՝ սոցապ նախարար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG