Մատչելիության հղումներ

Արտգործնախարարը խուսափեց պատասխանել Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին հարցին 


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր խուսափեց պատասխանել Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի հնարավոր հանդիպման մասին «Ազատության» հարցին՝ միայն խոստանալով, որ հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթացի վերաբերյալ հանրությունը կտեղեկանա։

Միրզոյանն այսօր ընդունել էր աշխատանքային այցով Երևան ժամանած Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկին, և բանակցություններից հետո երկու պաշտոնյաներն ընդամենը հայտարարությամբ սահմանափակվեցին։

Չեխիայի և Հայաստանի արտգործնախարարներ Յակուբ Կուլհանեկը և Արարատ Միրզոյանը, Երևան, 1 հոկտեմբերի, 2021թ.
Չեխիայի և Հայաստանի արտգործնախարարներ Յակուբ Կուլհանեկը և Արարատ Միրզոյանը, Երևան, 1 հոկտեմբերի, 2021թ.

Օգոստոսի 19-ից հետո, ինչ Արարատ Միրզոյանը նշանակվեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, Կուլհանեկն արդեն երկրորդ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյան է, ում Երևանում հյուրընկալում է Միրզոյանը՝ Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկից հետո, սակայն երկու դեպքում էլ Հայաստանի նորանշանակ արտգործնախարարը խուսափեց հանդիպումների արդյունքում պատասխանել լրագրողների հարցերին՝ սահմանափակվելով միայն հայտարարություններով։

Օգոստոսի վերջից Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարները բազմիցս հանդես եկան հայտարարություններով հարաբերությունների նորմալացման վերաբերյալ։ Վերջինը՝ սեպտեմբերի 23-ին Էրդողանի կողմից, թե Հայաստանի վարչապետից դրական ուղերձներ է ստանում։

Սակայն ամենից ուշագրավը, թերևս, Թուրքիայի նախագահի սեպտեմբերի 19-ի խոսքերն էին, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։

Հաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումների։

Ճիշտ մեկ շաբաթ առաջ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո բոլոր հարցերը քննարկելի են։

«Բազմիցս հայտարարել է հայկական կողմը, նույնիսկ մեզնից առաջ նախկին իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև երբ որ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևիցե հարցում առաջ գնալ, և մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների: Բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի», - ասել էր ԱԽ քարտուղարը:

Միրզոյան-Կուլհանեկ համատեղ հայտարարության ժամանակ այսօր Հայաստանի արտգործնախարարը խոսեց հայ-չեխական հարաբերությունների ընդլայնման հնարավորության մասին, կարևորեց Եվրամիության Արևելյան գործընկերությունը և անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը։

«Հակամարտության խաղաղ կարգավորումը՝ քաղաքական կարգավորումը, մնում է օրակարգում։ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա», - ասաց Միրզոյանը։

Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկը ՀՀ ԱԳՆ-ում, 1 հոկտեմբերի, 2021թ.
Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկը ՀՀ ԱԳՆ-ում, 1 հոկտեմբերի, 2021թ.

Չեխիայի արտգործնախարարը Բաքվից է ժամանել Երևան, և երեկ Ադրբեջանի մայրաքաղաքում կոչ էր արել խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը թույլ կտա ապահովել կայունություն և ամբողջ տարածաշրջանի զարգացում։

«Չեխիայի Հանրապետությունը շարունակում է աջակցել ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացին՝ հույս փայփայելով, որ կհանգենք բանակցված խաղաղ կարգավորմանը։ Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ Չեխիայի Հանրապետությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա համանախագահներին», - նշեց նա։

Չեխիայի արտգործնախարարին ընդունել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

XS
SM
MD
LG