Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահի ընտանիքը՝ հերթական օֆշորային սկանդալի կենտրոնում


Ադրբեջանի նախագահը կնոջ և դստեր հետ Շուշիում տոնում է Նովրուզը, 20-ը մարտի, 2021թ․
Ադրբեջանի նախագահը կնոջ և դստեր հետ Շուշիում տոնում է Նովրուզը, 20-ը մարտի, 2021թ․

Պուտինի, Ալիևի և աշխարհի հարյուրավոր այլ առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի գործարքները և ակտիվները հայտնի են դարձել պատմության մեջ ֆինանսական փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքերից մեկի շնորհիվ: Նոր օֆշորային դոսյեն կոչվում է «Պանդորայի փաստաթղթեր»:

Ավելի քան 650 լրագրողներ՝ Հետաքննող լրագրության միջազգային կոնսորցիումի գլխավորությամբ, ուսումնասիրել են միլիոնավոր ֆայլեր, որոնք ներառում են պետությունների ներկա և նախկին երեք տասնյակից ավելի ղեկավարների և ավելի քան 300 պաշտոնյաների: Նոր դոսյեն շարունակում է վերջին 7 տարվա ավանդույթը, երբ օֆշորային ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը մի քանի անգամ արտահոսել են հանրային տարածք, օրինակ՝ Պանամայի դոսյեն: Խոսքը, մասնավորապես, Բրիտանական Վիրջինյան կղզիներում և Կիպրոսում, Պանամայում, Բելիզում, Սինգապուրում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Շվեյցարիայում գործող ընկերությունների արտահոսքի մասին է: Դոսյեի ընդգրկած որոշ անուններ արդեն հայտնվել էին կոռուպցիայի, փողերի լվացման և հարկերից խուսափելու կասկածների հետ կապված սկանդալներում:

«Պանդորայի փաստաթղթերում» հազարավոր փաստաթղթեր վկայում են այն մասին, թե ինչպես են տարբեր քաղաքական գործիչներ, օգտագործելով օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները, հսկայական քանակի անշարժ գույք գնել և վաճառել։

BBC-ն, մասնավորապես, բերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրինակը։ «Պանդորայի փաստաթղթերի» համաձայն՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքը, որը պարբերաբար միջազգային մամուլում մեղադրվում է սեփական երկիրը թալանելու մեջ, ներգրավված է եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի ավելի քան 400 միլիոն ֆունտ ստեռլինգի անշարժ գույքի գործարքներում:

Օրինակ՝ Ադրբեջանի առաջին ընտանիքը, ըստ երևույթին, ստացել է ավելի քան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ եկամուտ՝ վաճառելով Լոնդոնում իրեն պատկանող շենքերից մեկը Բրիտանիայի թագուհուն պատկանող Crown Estate ընկերությանը:

«Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանի առաջնորդ Ալիևի ընտանիքը ձեռք բերել 17 սեփականություն Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ իր 11-ամյա որդու՝ Հեյդարի համար բիզնես կենտրոն, որի արժեքն էր 33 միլիոն ֆունտ ստեռլինգ: Լոնդոնի ամենաթանկ Մեյֆեր թաղամասի շենքը գնել է Mallnick Holdings ընկերությունը, որը 2009 թվականից պատկանում է Իլհամ Ալիևի ընտանիքին: Մեկ ամիս անց սեփականության իրավունքը վերագրանցվել է Հեյդար Ալիևի անունով:

Հրապարակված ֆինանսական փաստաթղթերի վերլուծությունը նաև պարզել է, որ Ալիևների ընտանիքը 2018 թվականին 66 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառել է մոտակայքում գտնվող մեկ այլ գրասենյակային շենք:

Crown Estate-ը պարզաբանել է լրագրողներին, թե բոլոր անհրաժեշտ, օրենքով նախատեսված ստուգումները կատարվել են, և այժմ նոր ստուգումներ են ընթանում։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին տարիներին բազմիցս հայտարարել են, թե պայքարում են բրիտանական անշարժ գույքը փողերի լվացման սխեմաների համար օգտագործելու դեմ և համապատասխան ստուգումներ են անցկացնում։ BBC-ի լրագրողները, սակայն, բերելով Ալիևների օրինակը՝ գրում են, որ իշխանություններն իրենց խոստումները չեն կատարում։

Ցուցակում են նաև Պուտինի մերձավորները

Օֆշորային ընկերությունների միջոցով անշարժ գույք ձեռք բերածների ցուցակում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և «Սբերբանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գերման Գրեֆ, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և «Սբերբանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գերման Գրեֆ, արխիվ

Մասնավորապես, ինչպես վկայում են հրապարակված փաստաթղթերը, օֆշորային ընկերությունների շահառուների կամ օֆշորային ընկերությունների ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերի շարքում են Սվետլանա Կրիվոնոգիխը, ում ռուսաստանցի լրագրողները համարում են Պուտինի երրորդ գաղտնի դստեր մայրը, Պուտինի մանկության ընկերներ՝ Նիկոլայ Եգորովը, Վիկտոր Խմարինը, «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը, Առաջին ալիքի գործադիր տնօրեն Կոնստանտին Էռնստը, «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG