Մատչելիության հղումներ

Բրիտանական ընդդիմությունը Ալիևին առնչվող կոռուպցիոն սկանդալի հետաքննություն է պահանջում


Բրիտանական ընդդիմությունը պահանջում է պաշտոնական հետաքննություն սկսել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատի կողմից Միացյալ Թագավորության տարածքում փողերի լվացմամբ զբաղվելու մասին տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով: Այս մասին հաղորդում է բրիտանական ամենաազդեցիկ պարբերականներից մեկը` The Guardian օրաթերթը:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ աշխարհի տարբեր երկրների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը» (OCCCRP) ծավալուն մի զեկույց հրապարակեց, որում պնդում է, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-ից 2014 թվականներին եվրոպական բանկերից մեկի և Մեծ Բրիտանիայում գրանցված չորս ընկերությունների միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել:

Այդ գումարի մի զգալի մասը, ըստ հետաքննության հեղինակների, ծախսվել է Եվրամիության տարբեր պետություններ` Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բուլղարիան ներկայացնող քաղաքական գործիչներին, լրագրողներին ու գործարարներին կաշառելու նպատակով:

Լիբերալ-դեմոկրատների նախկին առաջնորդ, խորհրդարանի անդամ Թիմ Ֆարոնը հայտարարում է՝ ադրբեջանական փողերի լվացման ողջ պատմությունը հնարավոր դարձավ այն պարզ պատճառով, որ «մասնավոր ընկերությունների գործունեության դաշտը մեծ Բրիտանիայում թույլ վերահսկելի է»:

«Մեզ լիարժեք հետաքննություն է անհրաժեշտ, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ կեղտոտ փողերի միջոցով Միացյալ Թագավորության տարածքում չեն փորձել քաղաքական ազդեցության լծակներ ձեռք բերել: Ադրբեջանի կառավարությունը մարդու իրավունքների անդադար խախտումներ է թույլ տալիս, և այժմ պարզվում է, որ այդ վարչակազմը արդյունաբերական մաշտաբների ծախսեր է իրականացրել [Մեծ Բրիտանիայի տարածքում]»,- հայտարարել է Ֆարոնը:

Լեյբորիստական կուսակցության ստվերային կառավարության կազմում ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Պիտեր Դոուդի խոսքով ևս շուտափույթ հետաքննության անցկացումը բխում է նախևառաջ Մեծ Բրիտանիայի պետական շահերից: «Փողերի լվացումը հարվածում է մեր տնտեսությանը, դա գողություն է, նման գործողությունների հետևանքով բրիտանական հասարակությունը կոռուպմացվում է: Երկրի ֆինանսական համակարգը պետք է արդյունավետորեն նպաստի ներդրումների հոսքին, որը բարերար ազդեցություն կունենա ողջ տնտեսության վրա, այլ ոչ թե կավելացնի բրիտանացի և օտարեկրյա հանցագործների ու պլուտոկրատների օֆշորային հաշվեհամարներում եղած ֆինանսական միջոցները»,- նշել է Դոուդը:

Եվրախորհրդարանում Մեծ Բրիտանիան ներկայացնող Կանաչների կուսակցության անդամ Մոլի Սքոթ Կատոն ադրբեջանական փողերի շուրջ ծագած սկանդալը շոկային է անվանում: «Մեծ Բրիտանիայում գործող ընկերությունների և օֆշորային գոտիների միջև հարաբերություններն այլասերում են [այլ պետությունների] վերնախավերին: Հետագայում էլ այդ նույն մարդիկ անազնիվ ճանապարհով վաստակած այդ միջոցներով սկսում են քաղաքական ազդեցություն գնել` կանխելով մարդու իրավունքների խախտումների և վատ կառավարման համար պատասխանատվության կանչվելու հեռանկարները»,- նշում է Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG