Մատչելիության հղումներ

Հարևաններին հաշտեցնելու նախաձեռնությամբ Բաքու է ժամանել Վրաստանի վարչապետը


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներից, արխիվ

Հարևաններին հաշտեցնելու նախաձեռնությամբ Բաքու է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ադրբեջանի մայրաքաղաքում այսօր կայացել է նրա հանդիպումը այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու ղեկավարները քննարկել են «տարածաշրջանային փոխակերպման կարևորությունը»։ Այս մասին Թվիթերում գրել է Վրաստանի կառավարության ղեկավարը՝ առանց մանրամասներ հայտնելու:

Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ երկու եղբայրական երկրների միջև քաղաքական երկխոսությունը եղել և շարունակում է մնալ ակտիվ՝ ընդգծելով, որ Բաքուն ու Թբիլիսին սերտ համագործակցում են արտաքին քաղաքականության հարցերում՝ հատկապես տարածաշրջանում, որտեղ, Ալիևի խոսքերով, նոր մարտահրավերներ և հնարավորություններ կան։

Մինչ Բաքու մեկնելը Ղարիբաշվիլին վստահություն էր հայտնել, թե Ալիևի հետ ունեցած իր լավ հարաբերություններն ու իրենց միջև առկա փոխվստահությունը թույլ կտա բոլոր հարցերը պատշաճ կերպով լուծել։ Վրաստանի վարչապետը այս մասին խոսել է «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում՝ տեղեկացնելով, որ նաև Հայաստան այցելելու պլաններ ունի և հույս ունի, որ դրական դեր կխաղա սահմանակից երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում. - «Ես նույն հարաբերություններն ունեմ պարոն [Հայաստանի վարչապետ Նիկոլ] Փաշինյանի հետ, ով մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում էր: Ես նաև նախատեսում եմ մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կարող եմ իմ ամբողջ էներգիան ներդնել [Երևանի և Բաքվի հարաբերությունների] կարգավորման մեջ և դրական դեր խաղալ»:

Վրաստանի կառավարության ղեկավարը թեև, ինչպես ընդդիմախոսներն են նշում, երբեք աչքի չի ընկել դիվանագիտական և միջնորդական որակներով, արդեն հասցրել է որոշակի դերակատարում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման հարցում։ Սեպտեմբերի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Հայաստանի առաջնորդը վրաց պաշտոնակցի միջոցով իր հետ հանդիպելու առաջարկ է փոխանցել։

Ղարիբաշվիլին ամիսներ առաջ էլ թիմակիցների և միջազգային գործընկերների հիացմունքին էր արժանացել, երբ, ինչպես հաղորդվում էր, պաշտոնական Թբիլիսիի ջանքերով Բաքուն հայկական կողմին վերադարձրեց 15 հայ ռազմագերիների՝ ականապատված տարածքների քարտեզի դիմաց։

«30 տարվա ընթացքում առաջին անգամ իմ միջնորդությամբ և ամերիկյան գործընկերների և ընկերների մասնակցությամբ հաջող նախադեպ է ստեղծվել, երբ Վրաստանը միջնորդություն է իրականացրել մեր եղբայրական, հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ փաստը մեծ հավանության է արժանացել ԱՄՆ կառավարության և Եվրամիության կողմից։ Մենք հավանություն ենք ստացել բոլոր կողմերից, և հենց դրանով է թելադրված մեր ցանկությունը՝ գործընթացը հասցնել ավարտին», - ասել է Ղարիբաշվիլին։

«Խաղաղ հարևանության նախաձեռնությունը»՝ «3+3»-ի այլընտրանք

Վրաստանի կառավարության ղեկավարը, սակայն, ջանքեր է գործադրում ավելի հավակնոտ նախաձեռնություն կյանքի կոչելու՝ հարևանների միջև երկարամյա հակամարտությունը վերջնականապես կարգավորելու ուղղությամբ, ինչը չէր հաջողվել այդ հարցով տասնամյակներ ի վեր միջնորդի դեր ստանձնած Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային։

Օրեր առաջ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում՝ Իրակլի Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդներին «Խաղաղ հարևանության նախաձեռնություն» էր առաջարկել, ինչը, նրա համոզմամբ, Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կապահովի։

«Թբիլիսին պատրաստ է երկխոսության հարթակ դառնալ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում»,- հայտարարում էր Ղարիբաշվիլին, ում առաջնորդած երկրին, սակայն, տասնամյակներով չի հաջողվում կարգավորել Ադրբեջանի և Վրաստանի միջև կռվախնձոր դարձած «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ վեճը։

Վրաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը», ինչպես նկատում են փորձագետները, այլընտրանք է Անկարայի առաջարկած 3+3 ձևաչափի ստեղծմանը՝ Հարավային Կովկասի երեք երկրների, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, որին պաշտոնական Թբիլիսին դժկամությամբ էր արձագանքել՝ դրանում իր հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ռուսաստանի ներկայության պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG