Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնց կիրառումը, սակայն, դեռ փաստ չէ. Փաշինյան


Տարածաշրջանային նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնց կիրառումը, սակայն, դեռ փաստ չէ, այսօր Թբիլիսիում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վրացի պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվլիի հետ շուրջ երկու ժամ տևած բանակցությունների ավարտին:

Մանրամասներ Հայաստանի ղեկավարը չասաց, սակայն, այսօր ավելի վաղ Երևանում Փաշինյանն արդեն խոսել էր Հայաստան - Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին:

«Ես վարչապետ Ղարիբաշվիլիին ներկայացրեցի Կառավարության ծրագրում ի հայտ եկած՝ տարածաշրջանային թեմաների և տարածաշրջանային լուծումների վերաբերյալ այն առաջարկությունները և պատկերացումները, որոնք մենք ունենք, որոնց մասին հայտարարել ենք։ Կարծում եմ՝ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, պետք է ջանքեր գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար։ Այո, մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորութունները, որ գոյություն ունեն։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին։ Մենք քննարկում էինք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխադարձաբար միմյանց պոտենցիալն ավելի մեծանա։ Այդ առումով հիմա, տեղյակ եք, որ իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես քննարկում ենք ծրագրեր, և հույս ունեմ, որ հնարավոր լուծումներից մեզ կհաջողվի գտնել ամենաարդյունավետ տարբերակը», - նշել է Հայաստանի վարչապետը:

Վրաստանի վարչապետն իր հերթին ընդգծեց, որ առաջիկայում Հայաստանի համար նոր հնարավորություններ կարող են բացվել Իրակլի Ղարիբաշվիլին ևս փակագծեր չբացեց. «Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար վատ մարտահրավեր էր, սակայն ծանոթանալով վարչապետ Փաշինյանի նոր տեսլականին` հավատում եմ, որ այդ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին»:

Ղարիբաշվիլին շեշտում էր, որ Վրաստանի համար շատ կարևոր է Հայաստանի կայունությունը` կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Մի քանի անգամ ընդգծվեց Վրաստանի տարանցիկ ներուժը օգտագործելու կարևորությունը. Հայաստանը ԵԱՏՄ անդամ Ռուսաստանին կապող միակ ճանապարհը անցնում է Վրաստանի տարածքով:

Հունիսի 12-ին 15 գերի վերադարձավ Հայաստան՝ հատելով վրաց-ադրբեջանական սահմանը, միջնորդական ջանքեր էր գործադրել Թբիլիսին, ինչպես հաղորդվել էր՝ անձամբ վարչապետ Ղարիբաշվիլին:

«Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն, ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստիացրի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ միջնորդի դերը` վերականգնելու վստահությունը: Պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր գաղափարներ», - նշեց Ղարիբաշվիլին:

«Պիտի ևս մեկ անգամ վարչապետ Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնեմ հունիսին 15 հայ գերիներին վերադարձի, հայրենադարձման գործում ցուցաբերած աջակցության համար։ Այդ օրերին, երբ մենք քննարկում էինք, երևի մի քանի տասնյակ անգամ իրար հետ հեռախոսով կապվել ենք, և դա նախընտրական քարոզարշավի շրջան էր, ես նույնիսկ հումորով ասում եմ՝ այդ երկու օրվա ընթացքում ես ավելի շատ Վրաստանի վարչապետի հետ էի շփվում, քան մեր ընտրողների։ Կարծում եմ, որ այդ երկու օրերը շատ կարևոր էին նաև մեր անձնական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորելու առումով, և այդ օրերին ձևավորված մթնոլորտը շատ լավ հենք է, որպեսզի մեր երկրների և կառավարությունների հարաբերություններն ավելի արդյունավետ և սերտ տրամաբանություն ունենա», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ղարիբաշվիլին համոզիչ որակեց Փաշինյանի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, Հայաստանի վարչապետն ասում էր, որ տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանը շարունակաբար ի ցույց են դնում նվիրվածությունը ժողովրդավարությանը:

Վարչապետերի առանձնազրույցին հաջորդեցին ընդլայնված կազմով բանակցությունները, Հայաստանի պատվիրակության կազմում են նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանին ընդունեց նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան էր այցելել այս տարվա մայիսին, նաև Ադրբեջանում և Թուրքիայում էր եղել:

Այս այցը հատկապես կարևորվում է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին Երևանից, Բաքվից, Անկարայից և Մոսկվայից հնչող հայտարարությունների ֆոնին: Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը պաշտոնական է, պաշտոնավարման ընթացքում երրորդը. վարչապետ ընտրվելուց օրեր անց Փաշինյանը առաջին պաշտոնական այցը հենց հարևան երկիր էր կատարել, Թբիլիսիից էլ ուղևորվել հայաշատ Ջավախք:

Այս անգամ հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ: Փաշինյանն այսօր շնորհակալություն հայտնեց Վրաստանի Կառավարությանը բոլոր հնարավորությունների համար, որ ստեղծված են վրացահայության ինքնության պահպանման և զարգացման համար:

Վրաստանում այժմ համաճարակային ճգնաժամ է, կորոնավիրուսով վարակվելու օրական հազարավոր դեպքեր են գրանցվում, ամեն օր 50-ից 80 մարդ է մահանում հիվանդանոցներում, այս պահին էլ մոտ 1500 վարակակիր ծանր վիճակում է: Այդուհանդերձ կոշ սահմանափակումներ՝ լոքդաուն Վրաստանում հայտարարված չէ, բայց փակ են ուսումնական հաստատությունները, չի գործում հանրային տրանսպորտը:

XS
SM
MD
LG