Մատչելիության հղումներ

Թբիլիսիում քննարկում են Հայաստանի և Թուրքիայի միջև Վրաստանի հնարավոր միջնորդությունը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ընդունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, 1-ը հունիսի, 2021թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ընդունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, 1-ը հունիսի, 2021թ.

Արդյոք Վրաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև․ վրաց փորձագետներն այս հեռանկարը ակտիվորեն քննարկում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կիրակնօրյա հայտարարությունից հետո։

Թուրքիայի նախագահը Նյու Յորք մեկնելուց առաջ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել։

Վրաց փորձագետների կարծիքով՝ նման նախաձեռնության ի հայտ գալն ինքնին դրական երևույթ է։ Այլ հարց է, որ Վրաստանում պետք է հասկանան՝ հայ-թուրքական երկխոսության մեկնարկի դեպքում Թբիլիսիին առավելապես խորհրդանշանական դերակատարություն է վերապահվելու։

«Եթե Վրաստանը բանակցությունների համար հարթակ տրամադրի, դա խորհրդանշական և պարզապես գեղեցիկ կլինի», - նշում է թբիլիսցի վերլուծաբան Գելա Վասաձեն՝ հատուկ ընդգծելով, սակայն, որ Հարավային Կովկասում առկա խնդիրները, այդ թվում՝ հայ-թուրքական հակասությունները, արագորեն հաղթահարել հնարավոր չէ։

«Առանց համալիր լուծման, առանց առկա բոլոր հարցերի լուծումը գտնելու հնարավոր չէ հասնել առկա խնդիրներից և ոչ մեկի լուծմանը։ Բայց դա կարելի է անել քայլ առ քայլ, աստիճանաբար։ Պարզապես պետք է սկսել», - ասում է Վասաձեն։

Թբիլիսցի վերլուծաբաններից ևս մեկի՝ Ռազմավարական հետազոտությունների վրացական կենտրոնի աշխարհքաղաքական հետազոտությունների ծրագրի համակարգող, պաշտոնաթող դիվանագետ Վալերի Չեչելաշվիլիի կարծիքով էլ, Վրաստանի՝ որպես միջնորդի դերակատարությունը կարող է շատ օգտակար լինել ողջ տարածաշրջանի համար։ Ըստ Չեչելաշվիլիի, այդուհանդերձ, պաշտոնական Թբիլիսին պետք է շեշտը դնի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործողությունների վրա։

«Դա մեր ուժեղ կողմն է՝ հետևողական, ամենօրյա սկզբունքային դիվանագիտական աշխատանքը թե՛ Երևանի և թե՛ Բաքվի հետ։ Դա է մեր ձեռքի տակ եղած ռեսուրսը և այն ի ցույց դրվեց, երբ տեղի ունեցավ ականապատման քարտեզների փոխանակումը ռազմագերիների հետ։ Ի դեպ, դրանից հետո բոլորն էլ գոհ էին։ Միակ ուժը, որն իսկույն խանդեց, Ռուսաստանն էր», - նշում է Չեչելաշվիլին։

Գելա Վասաձեի համոզմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման թեման կշարունակի ակտիվ քննարկումների առարկա մնալ, բայց արդեն ոչ թե Թբիլիսիում, այլ ավելի մեծ մայրաքաղաքներում։ Վասաձեն հիշեցնում է, որ մինչև այս ամսվա ավարտը Թուրքիայի նախագահը մեկնելու է Ռուսաստան, որտեղ էլ, ըստ փորձագետի, այլ հարցերի հետ մեկտեղ երկու երկրների ղեկավարները կանդրադառնան նաև Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստանի վարչապետի միջոցով Անկարա ուղարկված առաջարկությանը։

XS
SM
MD
LG