Մատչելիության հղումներ

Գորիս - Կապան մայրուղու ադրբեջանցիների կողմից վերահսկվող հատվածով հայկական մեքենաներն անցնում են մեր սահմանապահների ուղեկցությամբ


Գորիս - Կապան մայրուղու ադրբեջանական դարձած հատվածով հայկական մեքենաներն անցնում են հայ սահմանապահների ուղեկցությամբ. այս մասին տեղեկացանք ՝ զանգահարելով Ազգային անվտանգության ծառայության թեժ գծի հեռախոսահամարով։

«Գորիս – Կապան ճանապարհը անվտանգ ա։ Ուղեկցողներ կան, էս պահի դրությամբ ուղեկցում են, նենց որ խնդիրներ չի առաջանում էդ չորս կիլոմետր ճանապարհահատվածը։ Ոչ մի խնդիր չի առաջանում», - վստահեցրեց հեռախոսազանգն ընդունած աշխատակիցը։

Հայաստանիցները Որոտանի հատվածը սահմանապահների ուղեկցությամբ հաղթահարում են կիրակի առավոտից։ Նախորդ օրը նույն հատվածից անհետացել էին քասախցի երկու տղամարդիկ՝ Հակոբ Հակոբյանն ու Արամ Սարգսյանը։ Նրանք իրենց ընկերոջը տեսակցելու համար էին Սյունիք գնացել։

Հակոբի եղբայրը՝ Արբակ Հակոբյանը պատմեց, որ եղբոր հետ կինը կապ է հաստատել հենց այն պահին, երբ նրանց կանգնեցրել են ադրբեջանցիները Որոտանի հսկիչ կետում. - «Կինը զանգել ա, որ գա էրեխեքին տանի լողի։ Ուզում էր իմանար երբ ա գալու, ինչ անի, ոնց անի։ Էդ պահին, ասում ա, այլազգիները կանգնացրել են, դոկումենտ են հարցնում, թուղթ են լրացնում։ Կինն ասել ա՝ այլազգիները ո՞վ, ադրբեջանցի՞ք։ Ասել ա՝ հա։ Ասել ա՝ կատակ ե՞ս անում, ասել ա՝ չէ... ու անջատել ա հեռախոսը»։

Քիչ անց ազգականներից մեկն է անհանգստացած զանգել Հակոբին։ Արբակը պատմում է. - «Հորքուրիս տղան ա խոսացել, բայց ինքը էնքան արխային ա եղել, որ հեսա ստուգելու են, բաց թողեն։ Էդ վերջին զանգը էղել ա վեցին տաս պակաս։ Մենք հետո զանգում ենք, անհասանելի ա տալի, որ դրանից հետո լուր չենք ունենում»։

Երեկ կեսգիշերին մոտ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանական կողմը Հայաստանի երկու քաղաքացիներին վերադարձրել է՝ հայ և ռուս սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում։ Հակոբը և Արամը դեռևս Քասախ չեն վերադարձել, նրանք Գորիս - Երևան ճանապարհին են։

Օգոստոսի վերջից Գորիս Կապան մայրուղին ամենօրյա լրահոսի թեմա է. միջադեպերն անպակաս են, ադրբեջանցիները մեկ ճանապարհն են փակում, մեկ իրանական բեռների ստուգում սկսում, կանգնեցնում արցախցի պատանի ֆուտբոլիստներին տեղափոխող միկրոավտոբուսը, վերջինը երկու քասախցի տղամարդկանց դեպքն է...

«Այս մայրուղու վրա նույն իրավիճակն էր 80-ականների վերջին», - ասում է Կապանի գործկոմի նախագահ ու շրջկոմի առաջին քարտուղար աշխատած Կարեն Մկրտչյանը։ - «Ութսունութի վերջից հարաբերությունները հատկապես Գորիսի հատվածից սրվեցին, սպանություն եղավ նույնիսկ, դրան գումարած փախցրեցին մերոնց»։

Ի դեպ, գործկոմ-շրջկոմի նախկին քարտուղարը ամսաթվով է հիշում, 88-ի նոյեմբերի 20-ին առաջին հայ-ադրբեջանական բախումը գրանցվեց նույն Էյվազլարի մոտ՝ գիշերային զանգ ստացավ, թե՝ Սամսոնիչ ոստիկանների խումբ ուղարկիր։ Կարեն Մկրտչյանն ասում է, որ այդ ժամանակ էլ Գորիս - Կապան ճանապարհի որոշ հատվածներում հայկական մեքենաներն սկսեցին ոստիկանական ուղեկցումով երթևեկել, բայց բնակչության շրջանում խուճապը մեծ էր, ու մտածեցին նոր ճանապարհի մասին. - «Հիշեցինք, որ Աղվանի - Տաթև կար ճանապարհ, որ ձիով, էշով, ոտքով գնում էին... Մենք ուսումնասիրեցինք, ես էն ժամանակ առաջին քարտուղար էի, հանձնարարեցի, ուսումնասիրեցին, ու տեսանք, որ միակ ելքը, որ համեմատաբար ավելի մոտ է և մի քիչ հեռու է Մ-2 գլխավոր ճանապարհից, գտանք, որ էդտեղ պիտի կառուցվի նոր ճանապարհ»։

Ճանապարհի շինարարությունն սկսվեց ու ավարտվեց Խորհրդային Միության փողերով , 91-ից շահագործման հանձնվեց որպես պահեստային ճանապարհ, բայց պատերազմի ժամանակ դարձավ ավելին. - «Ոչ միայն մարդատար թեթև մեքենաներն էին երթևեկում, այլ նաև ԿամԱԶ տեսակի մեքենաներն էին էդ մասով երթևեկում, այսինքն՝ բեռները էդ ճանապարհով էինք մենք մատակարարում Կապանի և Մեղրու ժողովրդին։ Իսկ պատերազմը որ սկսեց, առավել ևս էդ ճանապարհը դարձավ միակ, կյանքի ճանապարհ դարձավ մեղրեցիների և կապանցիների համար»։

Կարեն Մկրտչյանը շեշտում է, որ Տաթևի ճանապարհով ԿամԱԶներ կարող էին անցնել, ավելին այդ ժամանակ պետք էլ չէր, քանի որ իրանական բեռները Մեղրիի մաքսակետում պահեստավորվում էին, հետո ԿամԱԶներով տեղափոխվում։ Խնդիր հիմա կա. իրանական մեծ կցորդիչներով բեռնատարների համար այդ ճանապարհը դժվարամատչելի է ...

Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչ Վահագն Ստեփանյանը, խոսելով Գորիս - Կապանի այլընտրանքների մասին, շեշտել էր, որ Տաթևի նորոգումը մինչև տարեվերջ կավարտեն։ Զուգահեռ նախագծել են Տաթև - Լծեն ճանապարհը, որը այն դուրս է գալիս դեպի Սիսիան և նույնպես այլընտրանք է դառնալու միջպետական ճանապարհին։ Այդտեղով իրանական բեռնատարներ կարող են երթևեկել, շինաշխատանքները նախատեսում են սկսել այս տարվանից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG