Մատչելիության հղումներ

Զինված ու դիմակավորված ադրբեջանցիները արցախցի պատանիների ավտոբուս են կանգնեցրել, սպառնալից քարոզչությամբ զբաղվել


Ադրբեջանի ոստիկանության անցակետը Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում, սեպտեմբեր, 2021թ․
Ադրբեջանի ոստիկանության անցակետը Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում, սեպտեմբեր, 2021թ․

Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում զինված ու դիմակավորված ադրբեջանցի ոստիկանները երեկ արցախցի պատանիներին տեղափոխող ավտոբուսն են կանգնեցրել ու սպառնալից քարոզչությամբ զբաղվել։ «Արդեն իմացեք՝ Լեռնային Ղարաբաղ չկա, դուք արդեն ադրբեջանցի եք», - ռուսերեն ասում էր ադրբեջանցի ոստիկանը պատանիներին։

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստները ընկերական խաղից հետո Կապանից վերադառնում էին Արցախ, երբ ադրբեջանցի ոստիկաները կանգնեցրել են ավտոբուսն ու սկսել ստուգում իրականացնել, ասում է արցախյան ակումբի պատասխանատու Մհեր Ավանեսյանը։

«Ասում էին, որ «Ղարաբաղը Ադրբեջան ա», էդ ա, ուզում էին, որ էրեխեքը իրանք իրանցով ասեին, որ՝ «հա», բայց ոչ մեկը չի ասել, հանգիստ, սուս-փուս նստած էին տեղները», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Ավանեսյանը՝ հավելելով․ - «Էդ կարգի բան ա, էլի, որ իրանց լեզվով՝ «Ղարաբաղ բիզիմդիր», ռուսերեն՝ «Ղարաբաղ էտո Ազերբայջան»։

Հարցին՝ երեխաներից պահանջում էին կրկնե՞լ այդ արտահայտությունը, արցախյան ակումբի պատասխանատուն արձագանքեց․ - «Չէ, պահանջել չէ, էլի, ուզում էին հասկացնեին, որ տենց ա, շուտ-շուտ ասում էին էդքանը»։

Ավանեսյանի տեղեկացմամբ՝ ավտոբուսում 15-16 տարեկան 18 պատանի է եղել, նրանց հետ մարզիչներն ու բժիշկը։ Ֆուտբոլային ակումբի պատասխանատուն ասում է՝ ավտոբուսը շուրջ կես ժամ է մնացել անցակետի մոտ, հետո ադրբեջանցի ոստիկանները բաց են թողել։

Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե ադրբեջանցիներն Արցախի ֆուտբոլային ակումբի անդամներին թույլատրել են շարժվել, երբ ռուս խաղաղապահներն են մոտեցել։

Ադրբեջանի ոստիկանության անցակետը Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում անցած շաբաթավերջին է հայտնվել։

«Ադրբեջանցիները կանգնեցրել են՝ գոռգոռալով, երեխաների վրա բարձր խոսալով, դանակները հանել, սկսել քերելը դրոշը, երեխաներին վախեցրել։ Իհարկե երեխաները վախեցել են։ Ռուս խաղաղապահները նկատել են, եկել են երեխաներին ճանապարհել», - նշեց Գորիսի փոխքաղաքապետը։

Սոցիալական ցանցներում տարածված տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է ադրբեջանցի մի ոստիկան մեքենայի վրայից դանակով քերում «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի տարբերանշանն ու Արցախի դրոշը։

Այս միջադեպին այսօր նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է անդրադարձել։

«Տեսել եմ, բայց կարծում եմ՝ որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Կարելի է ասել, որ տենց մանր գործողությունների ձևով միգուցե, բայց դա ապարդյուն գործ է, որը ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելու, մարդկանց հույզերի վրա ազդելու։ Բայց նորից եմ ասում՝ չի ստացվելու», - լրագրողների հետ զրույցում ընդգծել է ԱԺ խոսնակը։

Իշխող ուժի ներկայացուցիչը, սակայն, չի խոսել բուն միջադեպից՝ դիմակավորված ու զինված ադրբեջանցի ոստիկանների սպառնալից պահվածքից:

Ո՞վ պետք է ապահովեր երեխաների անվտանգությունը՝ այս հարցի պատասխանը «Ազատություն»-ը ցանկանում էր կառավարությունից իմանալ, գործադիրից առաջարկեցին Ազգային անվտանգության ծառայությանը դիմել՝ Գորիս-Կապան ճանապարհը սահմանապահ ծառայության իրավասության ներքո է, ասացին։ Գերատեսչությունից «Ազատության» զանգերն անպատասխան են թողնում։

Մինչդեռ Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն ակնարկում է՝ միջադեպի վերաբերյալ իր բաժին պատասխանատվությունը նաև հայաստանյան իշխանությունն ունի։ «Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարձակ պահվածք», - հայտարարել է Թաթոյանը։

Ահաբեկչություն երեխաների նկատմամբ՝ այսպես է որակում երեկվա միջադեպը Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Գեղամ Ստեփանյանը դատապարտում է ադրբեջանցի ոստիկանների արարքը:

«Երեխաներին տեղափոխող ավտոբուսը կանգնեցվել է, և երեխաներին, զենքով, դիմակավորված, մոտենում են մարդիկ ու պարտադրում են իրենց կամքը երեխաներին։ Սա երեխաների իրավունքների, երեխաների անվտանգության, ապահովություն լուրջ խնդիր է, խախտում է, և, իհարկե, կարող ենք բնութագրել, որ ահաբեկչական ակտ է՝ ուղղված մեր երեխաների դեմ», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Արցախի օմբուդսմենը։

Ստեփանյանի խոսքով՝ այս միջադեպն Ադրբեջանում տարիներով իրականացվող հայատյաց քաղաքականության վառ արտահայտումն է․ - «Ադրբեջանի համար ատելության է արժանանում Արցախում ապրող մարդը, Արցախում ապրող մարդու ստեղծած արժեքները, սիմվոլները, և երեկվա դեպքը դրա վառ ապացույցն էր, որ որևէ հանդուրժողականություն մեր նկատմամբ, մեր կյանքի իրավունքի նկատմամբ, մեր ստեղծած արժեքների նկատմամբ Ադրբեջանում ուղղակի չկա»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի օմբուդսմենի հետ միասին Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպը պատրաստվում են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացնել։

Նույն այդ ընթացքում «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն Արցախում շարունակում են մարզումները, պատրաստվում նոր հանդիպումների։ Ավտոբուսի վրա էլ կրկին փակցվել են ակումբի տարբերանշանն ու Արցախի դրոշը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG