Մատչելիության հղումներ

Որոտանի հատվածում ադրբեջանցիները երեկ հայ սահմանապահներին սնունդ տանող մեքենան են կանգնեցրել․ Գորիսի փոխքաղաքապետ


Գորիս-Կապան ճանապարհի Որոտան հատվածը

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահները կանգնեցրել են նաև հայ սահմանապահներին սնունդ տանող մեքենան, տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը։

Վարորդից բացի մեքենայում նաև որոտանցի երիտասարդներ են եղել, տհաճ միջադեպից հետո այսօր հայ ծառայողների համար հաց տեղափոխվել է հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։

Գորիսի փոխքաղաքապետը չի բացառում, որ հայկական պետհամարանիշերով մեքենաների վարորդների համար ճանապարհի ադրբեջանական դարձած հատվածում խնդիրներ հետո էլ ստեղծվեն:

«Չի բացառվում՝ եթե իրենք գնացել են այդ քայլին, ուրեմն այդ քայլն ունի իր հետագա քայլերը, ուղղակի մեր ղեկավարությունը պետք է կանխատեսի այդ քայլերը», - ասաց Կարո Քոչարյանը:

Վեցերորդ օրն է իրավիճակը անփոփոխ է. ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին, ստուգում փաստաթղթերը, գումար պահանջում, հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Մայրուղու այդ հատվածում այժմ էլ բազմաթիվ իրանական բեռնատարներ են խցանված կանգնած:

«Պարսիկները կանգնում են՝ չունենալով փող՝ մուծում կատարելու: Մեջները հիմնականում կան, որ օգտագործում են ուրիշ մեքենաներ, իրենք որպես վարորդներ են հանդիսանում, ստիպված զանգում են իրանց տերերին, որ գումար ուղարկեն, կարողանան մուծում կատարել, անցնել», - ներկայացրեց Քոչարյանը:

Իրանցի երկու վարորդ արդեն ձերբակալվել է, նրանցից մեկը ընտանիքով է եղել՝ կնոջ ու երեխայի հետ, նրանց ադրբեջանցիները տուն են ճանապարհել, վարորդներին՝ պահել, ասաց Քոչարյանը։ Դեռ մինչև Որոտանի ճանապարհի այս ստուգումներ սկսելը՝ ադրբեջանական տարբեր աղբյուրներ անհանգստանում էին, թե իրանական բեռներ են մտնում Արցախ:

«Ասեցին, որ իրենք գնացել են Ղարաբաղ, հիմք է հանդիսացել Ղարաբաղ մտնելը», - նշեց Գորիսի փոխքաղաքապետը։

Այժմ Սյունիքում իրանական բեռներ Հայաստան տեղափոխող վարորդների համար ուղղակի անտանելի վիճակ է ստեղծվել. մայրուղու երկայնքով բազմաթիվ մեքենաներ են շարված, Սիսիանի մաքսային կետի տարածքում բեռնատարների անվերջանալի շարան է: Վարորդները վարանում են Որոտանի ադրբեջանական հսկիչ կետով անցնել, որովհետև նոր հարկուտուրք մուծելու փող չունեն:

Բահման Ալիզադեն Իրանից Հայաստան բիտում է տեղափոխել ու մնացել այստեղ․ - «370 դոլար են ուզել, չեմ տվել՝ չունեմ, հիմա փող պիտի տամ, որ հետ գնամ»։

Բոլոր վարորդները նույնն են պնդում՝ հսկիչ կետն անցել են, պայմանով, որ վերադարձին կվճարեն, ու չգիտեն՝ ինչպե՞ս վճարել:

«Հայաստան գալիս ադրբեջանցիները գրանցել են մեր անձնագրերի տվյալները, որ վերադարձի ճանապարհին 360 դոլար վճարենք», - ասաց վարորդներից մեկը:

«Մեզնից հետո եկող մեքենաները գումար են վճարել՝ բեռնված մեքենաները 230 դոլար, իսկ դատարկ 110 դոլար նաև առողջական վիճակի մասին թղթերն են ստուգում», - նշեց մեկ այլ իրանցի վարորդ:

Իրանցի վարորդների խոսքով՝ Որոտանի ադրբեջանական դարձած այդ մի քանի կիլոմետրով անցնելու համար իրենցից մոտ 380 դոլար են ուզում: Տհաճ այս անակնկալին չեն արձագանքում նրանց գործատուները, վարորդներն իրենք ասում են՝ Հայաստանի մաքսային սահմանին համարյա այդքան վճարել են:

Որոտանի հսկիչ կետում խցանված կանգնած է մնացել նաև Աբբասը, նա ընկերոջը՝ Ալիզադեին էր զանգել անհուսությունից մի ելք փնտրելու. «Փող չտվիր, չեն թողնում, էստեղ կանգնած եմ, ասում են՝ 250՝ հիմա, հետ ես գալիս 130 դոլար պիտի տաս»:

Ասում է՝ քիչ առաջ երկու վարորդ 250-ական դոլար վճարեցին ու հաղթահարեցին ադրբեջանական անցակետը: Իրանական բեռների համար Տաթևի այլընտրանքային ճանապարհը այլընտրանք չէ, քանի որ այն դեռևս նորոգման փուլում է, դրանից բացի, բոլորովին հարմար չէ իրանական մեծ կցորդիչներով մեքենաների համար: «Չէ, ճամփան խարաբ է, ժիգուլին սկի չի գալիս, ճամփեն շատ վատն է, ավտոն երկար է», - ասաց իրանցի վարորդը։

Ի դեպ՝ իրանցի վարորդները իրավիճակը հանգուցալուծող որևէ քայլի սպասում են Հայաստանի իշխանությունից, ինչպես Աբբասն ասաց՝ Հայաստանի «մեծ մարդերից»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG