Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիա»-ն հաղթում է Պետդումայի ընտրություններում


Ռուսաստան - Պետդումայի ընտրությունները Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում, 19-ը սեպտեմբերի, 2021թ.

Մոսկվայի քաղաքապետարանը, կորոնավիրուսի համավարակը պատճառաբանելով, չի համաձայնեցրել սեպտեմբերի 20 -ին, 21 -ին և 25 -ին Կոմունիստական կուսակցության հայտով հանրահավաքները: Իրավապահներն ամեն դեպքում այս պահին Մոսկվայի կենտրոնի Պուշկինի հրապարակում են, որտեղ Կոմկուսը պատրաստվում էր հանրահավաք անցկացնել՝ բողոքելով Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ:

Կոմունիստները հայտարարել են, որ չեն ընդունում Մոսկվայում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։

ԿԸՀ-ն հրապարակեց Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները` «Եդինայա Ռոսիան» հավաքում է ձայների 49,8 տոկոսը, Կոմունիստական կուսակցությունը՝ 19 տոկոսը, Լիբերալ -դեմոկրատական կուսակցությունը՝ 7,49 տոկոսը, «Արդար Ռուսաստանը՝ հայրենասերները՝ հանուն ճշմարտության»՝ 7,42 տոկոսը և նորաստեղծ «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,35 տոկոսը:

Վերջինը անցած տարի ստեղծված կուսակցություն է, որը հայտարարում է առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի շահերը պաշտպանելու մասին։ Կուսակցությունն անկախ վերլուծաբանները կապում են Կրեմլի հետ:

Այսպիսով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական հենարանը համարվող «Եդինայա Ռոսիան» նորից ստացել է սահմանադրական մեծամասնություն Պետդումայում: Ռուսաստանի իշխող կուսակցությունը կուսակցական ցուցակով ստանում է 112 պատգամավորական մանդատ, մեծամասնականով՝ 199: Սա նշանակում է, որ կուսակցությունը պահպանում է Պետդումայում սահմանադրական մեծամասնությունը:

Քվեարկության ավարտից մի քանի ժամ անց, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել էր հրապարակել առաջին նախնական տվյալները, «Եդինայա Ռոսիա»-ն հայտարարեց իր հաղթանակի մասին: Կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակի խոսքով՝ հաղթանակն արդար էր և ազնիվ:

Երեկ երեկոյան իշխող կուսակցության կենտրոնական շտաբ չէին եկել, սակայն, ոչ կուսակցության ֆորմալ ղեկավար, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ոչ էլ կուսակցության դաշնային ցուցակի առաջին և երկրորդ համարներ՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ներկա էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ով հայտարարեց, թե հաղթել են, և իր ելույթն ավարտեց «Պուտին, Պուտին» վանկարկումներով:

Որ «Եդինայա Ռոսիա»-ն հաղթելու է այս ընտրություններում, ոչ ոք չէր կասկածում: Հիմնական ինտրիգը թերևս այն էր, թե ինչ տոկոս կհայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և արդյոք «Եդինայա Ռոսիա»-ն Պետդումայում կունենա սահմանադրական մեծամասնություն: Երբ հաշվարկը նոր էր սկսվել, «Եդինայա Ռոսիա»-ն ուներ ընդամենը 38 տոկոս, կոմունիստները՝ 25 տոկոսից ավելի, սակայն ամեն ժամ իշխող կուսակցությունը ստանում էր մի քանի տոկոս ավելի, իսկ կոմունիստներն այդ մի քանի տոկոսը կորցնում էին:

Ամեն դեպքում, կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովը կեսգիշերին իր կուսակցության աջակիցներին շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ մարդիկ հավատացել են կոմունիստներին, և կուսակցությունը 1996 թվականից ի վեր այսքան շատ ձայներ չէր հավաքել:

Կոմունիստներին այս ընտրություններին օգնել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի «խելացի քվեարկություն» ծրագիրը. Ռուսաստանի նախագահի կոշտ ընդդիմադիրն իր աջակիցներին կոչ էր անում գնալ ընտրություններին և ձայն տալ այն թեկնածուին, ով «Եդինայա Ռոսիա»-ին հաղթելու ամենաշատ շանսերն ունի, մեծամասամբ՝ կոմունիստների ներկայացուցիչներին:

Արմատական ընդդիմությունն ասում է, որ այս ընտրություններն արդար չէին նույնքան, որքան 2011 թվականի ընտրությունները, երբ Մոսկվայում այդ ընտրություններից հետո անցնում էին աննախադեպ մարդաշատ բողոքի ակցիաներ:

Գիշերը Նավալնիի թիմակիցներ Լեոնիդ Վոլկովը, Իվան Ժդանովը Թվիթերում գրել էին, որ իշխանությունները կեղծում են քվեարկության արդյունքները հատկապես Մոսկվայում, որտեղ օնլայն քվեարկությանը մասնակցել է 2 միլիոնից ավելի մարդ:

Իշխանությունները հայտարարում են, թե ընտրությունները հանգիստ են անցել, առանց լուրջ խախտումների: Անկախ դիտորդները հակառակն են պնդում՝ հայտնելով զանգվածային և համատարած կեղծիքների մասին:
Գիշերը Սանկտ Պետերբուրգում մի քանի ընտրատեղամասերից բերման են ենթարկել «Յաբլոկո» կուսակցությունը ներկայացնող դիտորդներին՝ առանց բացատրելու պատճառը:

Մի շարք քաղաքներում բողոքում էին, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ չեն կարողանում վերահսկել ձայների հաշվարկը, քանի որ «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչները վերցրել են քվեաթերթիկները և փակվել առանձին սենյակում:

«Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունն ասում է, որ այս ընտրություններին գրանցվել են աննախադեպ շատ՝ 4 հազարից ավելի խախտումներ:

Ընտրությունների նախօրեին Եվրախորհրդարանը փաստաթուղթ է ընդունել, որում ասված է, թե Պետդումայի ընտրություններում լուրջ խախտումներ արձանագրվելու դեպքում Եվրամիության կառույցները չպետք է ճանաչեն այդ ընտրությունների օրինականությունը: Փաստաթուղթը չունի պարտադիր ուժ, Եվրամիությունն էլ սովորաբար ավելի մեղմ դիրքորոշում է ունենում Ռուսաստանի նկատմամբ, քան՝ Եվրախորհրդարանը: Այդուամենայնիվ, վերլուծաբանները նման սցենարը չեն բացառում, ինչպես նաև չեն բացառում, որ ընտրություններից հետո Արևմուտքը է՛լ ավելի կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:

XS
SM
MD
LG