Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները. շատ տեղամասերում հերթեր են


Մոսկվայում ընտրողները, այդ թվում՝ ռուս զինծառայողները, հերթ են կանգնում տեղամաս մտնելուց առաջ, 17-ը սեպտեմբերի, 2021թ.

Այսօր Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները։ Քվեարկության հիմնական օրը համարվում է սեպտեմբերի 19 -ը, իսկ սեպտեմբերի 17-ը և 18-ը` լրացուցիչ:

Այսօր մի շարք անկախ մեդիաներ հայտնել են՝ քվեարկության առաջին՝ լրացուցիչ օրը շատ տեղամասերում աննորմալ մեծ հերթեր են․ խոսքը բյուջետային աշխատակիցների և զինվորականների մասին է:

Ըստ Ռուսաստանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած «Մեդուզա»-ի աղբյուրի, բյուջետային աշխատողների մեծ մասը պետք է քվեարկեր այսօր մինչև կեսօր, այդպես էր ծրագրված, դրա համար էլ մեծ հերթեր են գոյացել տարբեր քաղաքներում ընտրատեղամասերի առջև, այդ թվում՝ Մոսկվայում, ինչի մասին վկայում են համացանցում հայտնված տեսագրութունները։

Կրասնոյարսկում դիտորդներն արձանագրել են ընտրողների տեղափոխումը ընտրատեղամաս «Ունիվերս» մարզադահլիճում: Այս մասին հայտնում է Borus Telegram ալիքը:

Օմսկում «Ռոսգվարդիա» -ի սպաները քվեարկության էին եկել կազմակերպված: Առնվազն 50 մարդ երթով շարժվել է դեպի թիվ 264 ընտրատեղամաս: Տոմսկում Կոմունիստական կուսակցության Պետդումայի թեկնածու Վասիլի Շիպիլովը հայտարարել է՝ կոնկրետ անձանց օգտին և կոնկրետ ընտրատեղամասերում քվեարկելու վերաբերյալ պետական ծառայողները բողոք են ներկայացրել:

Եռօրյա քվեարկության ընթացքում ռուսաստանցիները Պետդումայի 450 պատգամավոր պետք է ընտրեն: Այս տարի խորհրդարանական ընտրություններին գրանցվել է 3 հազար 812 թեկնածու՝ 14 կուսակցությունից: Բացի Պետդումայի ընտրություններից, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարները կընտրվեն 12 մարզերում, ռեգիոնների օրենսդիր մարմինների պատգամավորներ՝ 39 մարզերում:

Պետդումայի պատգամավորների ընտրություններում քվեարկության մեկնարկից մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ռուսաստանցիներին՝ ընտրություններին գալու կոչով: Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու կոչով ռուսաստանցիներին դիմել էր նաև Պուտինի ամենակոշտ քննադատ, կալանավորված ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թիմը։ Նավալնիի բոլոր կառույցները արգելված են Ռուսաստանում, նրա աջակիցների մի մասը կալանավորված է, իսկ մի մասն էլ ստիպված է եղել մեկնել Ռուսաստանից։ Ամեն դեպքում համացանցում նրանք հրապարակել են «Խելացի քվեարկության» իրենց թեկնածուների ցուցակը․ ծրագիր, ըստ որի ընտրողները պետք է քվեարկեն այն թեկնածուի օգտին, ով «Եդինայա Ռոսիա»-ին հաղթելու ամենամեծ շանսերն ունի:

Նավալնիի այս ծրագիրը, որ նախկինում էլ է փորձարկվել, օգնում է Կոմմունիստական կուսակցությանը, որն իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ամենաուժեղ մրցակիցն է այս ընտրություններին: «Եդինայա Ռոսիա»-ն, որ համարվում է Պուտինի քաղաքական հենարանը, ցածր ռեյտինգ ունի, և բոլոր հարցումները վկայում են, որ սահմանադրական մեծամասնություն Պուտինի քաղաքական թիմը դժվար թե հավաքի։

Կրեմլը իշխող կուսակցության ռեյտինգը բարձրացնելու համար ստիպված է եղել կուսակցության դաշնային ցուցակից հանել կուսակցության դե յուրե ղեկավար նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունը, փոխարենը «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը գլխավորել են պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։

Այդուամենայնիվ՝ կոմմունիստները լուրջ հաջողություն գրանցելու մեծ շանսեր ունեն։ Հայտնի քաղտեխնոլոգ Աբաս Գալյամովը, օրինակ, ասում է, որ կոմմունիստներին կօգնի Նավալնիի «խելացի քվեարկությունը». «Նավալնիի հեղինակությունն այնքան մեծ է, որ ընդդիմադիր հայացքներով մարդիկ կգնան ընտրատեղամասեր և իրենց ձայնը կտան Կոմմունիստական կուսակցությանը, անկախ նրանից, թե ինչ են ասում այս ռազմավարության համար մյուս ընդդիմադիրները։ Կոմմունիստներն այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության միակ ռեալ մրցակիցներն են։ Նավալնին չի ասում ուղիղ՝ գնացեք և Կոմմունիստական կուսակցությանը ընտրեք։ Բայց «խելացի քվեարկության» թեկնածուների մեծ մասը Կոմմունիստական կուսակցությունն են ներկայացնում»։

Պետդդումայի ընտրությունները անցնում են երկու ցուցակներով՝ կուսակցական և մեծամասնական: Նավալնիի «խելացի քվեարկություն» ռազմավարությունը վերաբերում է միայն մեծամասնական ցուցակներով անցնող թեկնածուներին: Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 20-ին։

Նախօրեին Եվրախորհրդարանն ընդունեց Եվրահանձնաժողովին և Եվրոպական խորհրդին ուղղված՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ առաջարկությունները։ Հատուկ զեկույցը պարունակում է կոշտ հռետորաբանություն ընդդեմ Ռուսաստանի իշխանությունների, կոչ է անում խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և հնարավոր է համարում Պետդումայի ընտրությունների օրինականությունը մերժելը։ Փաստաթուղթն ունի առաջարկող բնույթ՝ Եվրամիության գործադիր կառույցները պարտավոր չեն առաջնորդվել դրանով, և սովորաբար ԵՄ-ն ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրում։

Զեկույցում, այդուամենայնիվ, նշված է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի չճանաչել Պետդումայի առաջիկա ընտրությունները որպես օրինական և բացառել Ռուսաստանի անդամակցությունը միջազգային խորհրդարանական վեհաժողովներին, եթե ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական սկզբունքների խախտումով և ճանաչվեն կեղծված։

XS
SM
MD
LG