Մատչելիության հղումներ

Ըստ կանխատեսումների, Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն կարող է ստանալ ձայների 42-46 տոկոսը


Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական և տեղական ընտրությունների մասին հայտարարող պաստառ, 8-ը սեպտեմբերի, 2021թ.

Պետդումայի ընտրություններից առաջ անցկացված վերջին ուսումնասիրությունների արդյունքում սոցիոլոգներն ու փորձագետները «Եդինայա Ռոսիա» -ին տալիս են կուսակցական ցուցակներում 89-ից 117 տեղ՝ 225-ից: Սա կարող է բավարար չլինել սահմանադրական մեծամասնության համար:

Կրեմլին մոտ կանգնած Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնադրամը կանխատեսում է՝ քարոզարշավի արդյունքում իշխող կուսակցությունը կարող է ստանալ ձայների 42-46 տոկոսը, Կոմունիստական կուսակցությունը՝ 17-19 տոկոսը, Լիբերալ -դեմոկրատական կուսակցությունը՝ ԼԴՊՌ -ը՝ 11-13 տոկոսը և «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության»-ը՝ 7-9 տոկոսը:

Հիմնադրամի ներկայացուցիչները նշում են, որ երկու կուսակցություն ևս կա, որ կարող են անցնել Պետդումա՝ «Նոր մարդիկ» և Թոշակառուների կուսակցությունը: Մեծամասնական ցուցակներով «Եդինայա Ռոսիա»-ն քաղտեխնոլոգների կանխատեսումներով կարող է ստանալ 180 մանդատ 225-ից։

Դումայի պարզ մեծամասնության համար պահանջվում է 226 մանդատ, սահմանադրական մեծամասնության համար՝ 300:

Անկախ փորձագետները շեշտում են, որ իշխող կուսակցությունը այնքան ցածր վարկանիշ ունի այսօր, որ նույնիսկ Կրեմլը սթափ է մոտենում հարցին և ուզում է պարզ մեծամասնություն ստանալ։ «Եդինայա Ռոսիա» -ի վարկանիշը 2008 թվականից ի վեր մնում է չափազանց ցածր։ Պետական ՎՑԻՈՄ-ի վերջին տվյալների համաձայն, իշխող կուսակցությանը սատարում է հարցվածների միայն 28 տոկոսը, հունիսից այս ցուցանիշը չի աճել, իսկ օգոստոսին նույնիսկ իջել է մինչև 27 տոկոս:

«Միասնական Ռուսաստան»-ի վարկանիշը վերակենդանացնելու համար Կրեմլը նույնիսկ ստիպված եղավ առաջին անգամ կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևին հեռացնել կուսակցության ցուցակներից, սակայն դա էլ չօգնեց:

Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ համավարակի պատճառով ընտրությունները կանցկացվեն երեք օր՝ սեպտեմբերի 17 -ից 19 -ը: Ինչպես նշում է «Գոլոս» շարժումը, մեկ օրից ավելի քվեարկելը «զգալիորեն նվազեցնում է քաղաքացիների, թեկնածուների և կուսակցությունների համար քվեարկությունը վերահսկելու հնարավորությունը». երեք օրվա համար, մասնավորապես, անհնար է դիտորդներ գտնել բոլոր ընտրատեղամասերում միանգամից:

Ռուսաստանը նախագահական պետություն է և այստեղ նախկինի պես բարձր է նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը։ Պուտինի հիմնական քաղաքական հենարանը, իհարկե, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է, սակայն հարկ եղած դեպքում թե՛ կումունիստները, թե՛ Ժիրինովսկու ղեկավարած ԼԴՊՌ-ը Պետդումայում կքվեարկեն այնպես, ինչպես կուզեն Կրեմլում, ասում են վերլուծաբանները՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության տպավորիչ հաղթանակը նույնպես կարևոր է Կրեմլի համար։

Կոշտ ընդդիմությունը ի դեմս Ալեքսեյ Նավալնու և նրա թիմակիցների ընտրություններին չեն մասնակցում, նրանք կա՛մ ձերբակալված են, կա՛մ ստիպված են եղել հեռանալ Ռուսաստանից։ Նավալնին կոչ է անում ամեն դեպքում գալ ընտրություններին և ձայն տալ իրենց մշակած խելացի քվեարկության առաջարկած թեկնածուին, այսինքն՝ այն թեկնածուին, ով ի վիճակի է այս կամ այն տեղամասում հաղթել իշանությունների թեկնածուին։

Ի դեպ՝ այս ընտրությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, Պետդումա կանցնի հայտնի լրագրող Մաքսիմ Շևչենոկ, ով վերջին տարիներին ակտիվ զբաղված է Ադրբեջանի շահերի լոբբինգով։

XS
SM
MD
LG