Մատչելիության հղումներ

Վերլուծաբանները թաքնված պատճառներ են փնտրում Պուտինի ինքնամեկուսացման մեջ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հեռավար խորհրդակցության ժամանակ, Մոսկվա, 14-ը սեպտեմբերի, 2021թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հեռավար խորհրդակցության ժամանակ, Մոսկվա, 14-ը սեպտեմբերի, 2021թ.

Պետդումայի ընտրություններից երկու օր առաջ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովների նախօրեին Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ նորից անցնում է ինքնամեկուսացման ռեժիմի:

Վլադիմիր Պուտինը որոշել է ինքնամեկուսացման դիմել այն պատճառով, որ նախօրեին ամբողջ օրը շփվել է իր վարչակազմի աշխատակցի հետ, ով ուշացումով է պատվաստվել և հիվանդացել է քովիդով: Այս մասին նա պատմել է տեսակոնֆերանսի ռեժիմով կայացած կառավարության անդամների խորհրդակցության ժամանակ։

«Ես ստիպված էի հետաձգել այցս Տաջիկստան։ Իմ ամենամոտ շրջապատում մի քանի մարդ հիվանդացել է։ Այդ աշխատակիցներից մեկն այն մարդն է, ով անմիջական հարևանությամբ աշխատում է ինձ հետ», - կառավարության անդամների հետ խորհրդակցությանը ասել է Պուտինը՝ հավելելով ․- «Սա բնական փորձ է, տեսնենք, թե ինչպես գործնականում կաշխատի «Սպուտնիկ Վի»-ն: Հուսով եմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի, և «Սպուտնիկ»-ը ցույց կտա քովիդից պաշտպանվելու իր բարձր պարամետրերը»:

Երեկ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցում նույնպես Պուտինն ասել է, որ անցել է ինքնամեկուսացման ռեժիմի և Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ ու Շանհայի համագործակցության գագաթնաժողովներին կմասնակցի տեսակապի միջոցով։ Ընդ որում, գագաթնաժողովը մեծամասամբ նվիրված է լինելու Աֆղանստանին, որն ամերիկացիների հեռանալուց հետո իսկական գլխացավանք է դարձել Ռուսաստանի համար, և շատերը, առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարները, սպասում են Պուտինի հայտարարություններին այդ գագաթնաժողովին:

Վերլուծաբանները թաքնված պատճառներ են փնտրում Պուտինի այս անսպասելի որոշման մեջ, քանի որ մինչ այդ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում էին, թե վերահսկում են համավարակի հետ կապված իրավիճակը երկրում, և բացի այդ՝ նախագահը պատվաստված է, այսինքն՝ առողջության համար չպետք է վախենա։

Տարօրինակը թերևս այն է, որ Պուտինը նորից թաքնվել է պայմանական բունկերում Պետդումայի ընտրություններից երկու օր առաջ:

Քաղաքագետ Գլեբ Պավլոնսկին ասում է, որ խորը պատճառներ Ռուսաստանի նախագահի այս որոշման մեջ պետք չէ փնտրել՝ նա պարզապես հոգնել է. - «Հեշտ բան չէ 20 տարի լինել Կրեմլում և ղեկավարել երկիրը։ Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչ դժվար է Պուտինի համար և ինչքան է նա հոգնել։ Ակնհայտ է, որ այսօր Պուտինը վերահսկում է իրավիճակը, սակայն գերադասում է անմիջապես չմասնակցել գործընթացներին, լինել միայն վերահսկողի դերում։ Հնարավոր է՝ նրա շրջապատում իսկապես ինչ-որ մեկը հիվանդացել է քովիդով, և Պուտինը սա շտապել է օգտագործել որպես առիթ ու ինքնամեկուսացվել է»: Քաղաքագետը հավելում է, թե երկրի կյանքում նախագահի ինքնամեկուսացումը ոչինչ չի փոխի։ Պետական ապարատը, Պավլոնսկու կարծիքով, արդեն սովորել է գործել Պուտինի բունկերային ռեժիմում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, իր հերթին, շտապել է հանգստացնել ռուսաստանցիներին, որ Պուտինը խնդիր չունի առողջության հետ։

Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանում մեկնարկում են Պետդումայի ընտրությունները։ Վերլուծաբանների գնահատականներով՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն այդ ընտրությունների արդյունքում չի ունենա, իսկ Կոմունիստական կուսակցությունը 20 տոկոսից ավելին ստանալու բոլոր շանսերն ունի։ Կոշտ ընդդիմությունը՝ ի դեմս Աեքսեյ Նավալնիի թիմակիցների, ընտրություններին չի մասնակցում։

XS
SM
MD
LG