Մատչելիության հղումներ

Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել Մոսկվայում


Ռուսաստան- ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը «Պատրիոտ» կենտրոնում, ուր անցկացվել է «Армия-2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը, 24-ը օգոստոսի, 2021թ.
Ռուսաստան- ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը «Պատրիոտ» կենտրոնում, ուր անցկացվել է «Армия-2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը, 24-ը օգոստոսի, 2021թ.

Մոսկվայում անցկացվող «Армия-2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել ռուսաստանյան ընկերությունների հետ, հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Շուգաևը, սակայն, մանրամասներ չի նշել։

«[Պայմանագրեր] ստորագրողների շարքում մեր ավանդական գործընկերներն են՝ Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը և, իհարկե, Հնդկաստանը, Չինաստանը, Մյանման»,- ըստ РИА Новости-ի` ասել է Շուգաևը։

Ավելի վաղ «Рособоронэкспорт»-ի («Ռոսօբորոնէքսպորտ») տնօրեն Ալեքսանդր Միխեևը լրագրողներին փոխանցել էր, որ «Армия-2021-ի» շրջանակում արդեն կնքվել են ավելի քան 20 գործարքներ՝ ավելի քան 2 միլիարդ եվրո արժողությամբ։

Երեկ երկոյան Մոսկվայում այդ ցուցահանդեսին մասնակցելուց և ռուսաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպելուց հետո ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, թե Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություն ձեռք բերելուց և ծրագրում է գնել նոր, որակյալ սպառազինություն:

Ուշադրություն է գրավում, որ սպառազինության մոսկովյան ցուցահանդես է այցելել հայաստանյան երկու պատվիրակություն։ Ըստ ՊՆ-ի` նախ, օգոստոսի 22-ին Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու «Армия-2021-ի» և Միջազգային բանակային խաղերի բացման արարողություններին:

Հաջորդ օրը գերատեսչությունը հանդես եկավ նոր հաղորդագրությամբ, թե պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի մինչև օգոստոսի 28-ը Մոսկվայում անցկացվելիք «Армия-2021-ին»՝ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ», «ԿՏՌՎ» և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:

«Ունենք լիովին աջակցություն, կարող եմ ասել, որ չէ բառը չեմ լսել այստեղ: Եվ գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ, մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է` մենք ունենանք քիչ, բայց որակով և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է», - հայտարարել է նախարարը:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ` օգոստոսի 23-ին Մոսկվայում Արշակ Կարապետյանը «հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը քննարկել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ»։

«Մենք պետք է փորձենք ունենալ սեփական զենքի արտադրություն: Այստեղ նույնպես մենք ունենք աջակցություն` համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով և արագ դա անելու ենք, մենք` որպես ազգ, պետք է կարողանանք արտադրել սեփական զենք:

Եվ երրորդ խնդիրը, որ ես իմ առջև տեսնում եմ, որ թույլ չտանք, որ Պաշտպանության նախարարության և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ` հասկանալի պատճառներով: Ես կարծում եմ, որ այս երեք պայմանները պահպանելու դեպքում մենք անպայման ստանալու ենք նոր արդիականացված բանակ և 21-րդ դարին համահունչ բանակ և կարողանալու ենք դիմակայել մեր հանդեպ առկա վտանգներին», - շեշտել է Արշակ Կարապետյանը:

Ռուսաստան- ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը «Армия-2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսին, 24-ը օգոստոսի, 2021թ.
Ռուսաստան- ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը «Армия-2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսին, 24-ը օգոստոսի, 2021թ.

44-օրյա պատերազմից և հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը բազմիցս է հայտարարել հայկական զինված ուժերը արդիականացնելու, նոր սպառազինություն ձեռք բերելու ծրագրերի մասին։

«Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը։ Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները: Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում»,- ասված է գործադիրի նախորդ նիստում ընդունված կառավարության 2021-2026թթ. ծրագրում։

Այդուհանդերձ, առայժմ հստակ չէ, թե ինչ սպառազինություն է ձեռք բերելու Հայաստանը։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին նրան դաշույն է նվիրում, 11-ը օգոստոսի, 2021թ.
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին նրան դաշույն է նվիրում, 11-ը օգոստոսի, 2021թ.

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այս օգոստոսի 11-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, իր գործընկերոջը դաշույն նվիրելով` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

Ընդամենը չորս օր անց այս կապակցությամբ իր մտահոգությունը հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ CNN Turk-ի հետ զրույցում ասելով. «Մեր ակնկալիքն է, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին։ Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին։ Դա մեզ անհանգստացնում է»։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` հատկապես 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի զինված ուժերը սկզբունքորեն նոր սերնդի սպառազինության, կառավարման համակարգի և մարտ վարելու կարիք ունեն. «Անհրաժեշտ է մեր ողջ ռազմական կրթության համակարգի արմատական փոփոխություն, որպեսզի կադրերի պատրաստումն ուղղակի համապատասխանի այն պահանջներին, որը դրվում է բանակի առաջ, և ծառայողներն ապագա ուղղակի լիարժեք տիրապետեն այն ամենին, ինչով սպառազինվելու է բանակը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG