Մատչելիության հղումներ

Նախարար. Հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց, ավելի լավ է քիչ, բայց որակով


Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություն ձեռք բերելուց, այսօր Ռուսաստանում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

«Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ, մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է` մենք ունենանք քիչ, բայց որակով և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է», - շեշտել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:

Մեկ այլ խնդիր ևս նախարարը մատնանշել է. «Մենք պետք է փորձենք ունենալ սեփական զենքի արտադրությունը», - նշել է Կարապետյանը` պնդելով, թե այստեղ ևս կա աջակցություն` համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով:

«Արագ դա անելու ենք, մենք` որպես ազգ, պետք է կարողանանք արտադրել սեփական զենք», - շեշտել է նախարարը:

Ըստ նրա` մեկ այլ խնդիր էլ է պետք լուծել` թույլ չտալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև լինեն միջնորդներ: Նրա կարծիքով` այս երեք պայմանների պահպանման դեպքում կստացվի արդիականացված բանակ. «Եվ կարողանալու ենք դիմակայել մեր հանդեպ առկա վտանգներին»:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով է Ռուսաստանում, այսօր նա եղել է է «Պատրիոտ» կենտրոնում, որտեղ անցկացվում է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը: Պաշտպանության նախարարը, ըստ նախարարության հաղորդման, նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ:

XS
SM
MD
LG