Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, վստահեցնում է Ալիևը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, «որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և սկսվի սահմանազատման, այսինքն՝ սահմանների հաստատման գործընթաց»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk-ին տված ծավալուն հարցազրույցում։

«Սակայն մենք մինչ օրս դրական պատասխան չենք ստացել Հայաստանից։ Ըստ երևույթին, Հայաստանը պատրաստ չէ դրան, կամ էլ դեմ է դրան։ Ես ասել եմ, որ դա մեծ սխալ կլինի, և հենց իրենք կզղջան։ Քանի որ մենք հավերժ չենք պահի այդ առաջարկը սեղանին։ Եթե նրանք դեմ են դրան, թող բաց ասեն, որ չեն ցանկանում խաղաղ պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում մենք մեր քաղաքականությունը կվարենք ըստ դրա», - շարունակել է Ալիևը։

Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «այդժամ, իհարկե, տարածաշրջան կգա երկարատև խաղաղությունը», վստահեցրել է Ադրբեջանի նախագահը հարցազրույցում, որի տեքստը թարգմանաբար հրապարակել են Azertac, Interfax, APA և այլ լրատվական գործակալություններ։

«Մենք դա ցանկանում ենք։ Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար այժմ սեղանին են կոնկրետ առաջարկներ՝ ճանապարհների բացում, Զանգեզուրի միջանցքի ստեղծում, բոլոր առևտրական կապերի վերականգնում։ Այսինքն, տևական ընդմիջումից հետո խաղաղության ապահովումը Հարավային Կովկասում համապատասխանում է մեր շահերին։ Համարում եմ, որ դա համապատասխանում է նաև Հայաստանի շահերին։ Որովհետև Զանգեզուրի միջանցքը կծառայի նաև նրանց շահերին։ Նրանք կարող են երկաթուղային հաղորդակցություն հաստատել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ։ Այսօրվա դրությամբ նման կապ չկա, և նոր հնարավորություններ ի հայտ կգան նաև նրանց համար», - ասել է Ալիևը։

«Իհարկե, այդ միջանցքի բացումը Ադրբեջանի համար շատ նպատակների է ծառայում։ Ադրբեջանը կմիանա Թուրքիային նոր տրանսպորտային նախագծով... Ադրբեջանը երկաթուղային ճանապարհով կմիանա իր անբաժան մասին` Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Միաժամանակ, մենք պահանջում ենք, որ ավտոճանապարհ բացվի Հայաստանի վերահսկողության տակ գտնվող արևմտյան Զանգեզուրով։ Դժբախտաբար, Հայաստանն առարկում է դրա դեմ։ Մինչև վերջին օրերս առարկում էր Զանգեզուրի միջանցքի բացման դեմ։ Մի քանի օր առաջ այնտեղ դրական կարծիք եղավ, որ նրանք նույնպես դեմ չեն», - ասել է Ադրբեջանի նախագահը։

«Զանգեզուրի միջանցքը», ըստ նրա, նաև հնարավորություն կտա Թուրքիային տրանսպորտային կապ հաստատել Միջին Ասիայի երկրների հետ։

«Սակայն Զանգեզուրի միջանցքի լիակատար գործառնության համար պետք է լինի թե՛ երկաթուղի, թե՛ ավտոճանապարհ», - պնդել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, թե իրենց ներմուծած «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունն «արդեն մտել է միջազգային բառապաշար», և հավաստիացնելով, թե Եվրամիությունն էլ է «շատ դրական վերաբերվում այդ հարցին»։

«Այսինքն՝ դա նոր հնարավորություն կլինի թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի և թե՛ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար», - հայտարարել է Ալիևը՝ մանրամասնելով․ - «Արդեն ասացի, որ այդ երկաթուղով նրանք կարող են հաղորդակցություն ստեղծել Ռուսաստանի և Իրանի հետ։ Որովհետև Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու շինարարությունը հարց է, որ քննարկվում է հավանաբար 20 տարի, իսկ իրականության մեջ դեռևս ոչինչ չկա։ Քանի որ այդ նախագիծը պահանջում է առնվազն 3 միլիարդ դոլար։ Սակայն Նախիջևանի տարածքը՝ Նախիջևանի և Իրանի միջև արդեն կա երկաթգիծ, նրանք կարող են օգտագործել»։

Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը քանիցս շեշտել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանը «չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու», խոսքը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման մասին է։

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին»

Ադրբեջանի նախագահը նաև ասել է՝ Ռուսաստանից իրենց ակնկալիքն է, որ «կատարվեն եռակողմ Հայտարարության բոլոր դրույթները»։ Հայտարարության դրույթների մեծ մասը, ասել է նա, արդեն իրագործվել է, սակայն կան որոշ հարցեր, որոնք բաց են մնում։

«Ռուսաստանը՝ որպես Ադրբեջանի հարևան և Հայաստանի մերձավոր դաշնակից, իհարկե, հատուկ դեր է խաղում այս տարածաշրջանում։ Դա բնական է։ Հուսով ենք՝ Ռուսաստանը հետագայում էլ բոլոր ջանքերը կգործադրի այս տարածաշրջանի անվտանգության համար և քայլեր կձեռնարկի երկարատև խաղաղություն ապահովելու համար։ Միաժամանակ, մեր ակնկալիքն է, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին։ Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին։ Դա մեզ անհանգստացնում է», - հայտարարել է Ալիևը՝ շարունակելով․ - «Պատերազմն ավարտվել է։ Այսինքն՝ հայ ժողովուրդը նույնպես հաշտվել է այդ իրավիճակի հետ։ Հայաստանյան ղեկավարությունը ևս հաշտվել է պարտության հետ, և Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները դա ցույց տվեցին։ Դա պատմության մեջ չտեսնված պատկեր է, երբ պարտություն կրած ղեկավարությունը վերստին ստանում է ժողովրդի ձայները։ Այդ դեպքում, անշուշտ, Հայաստանի զինվելը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ։ Մենք դա առայժմ չենք տեսնում, չենք դիտարկում։ Բայց ռուսական կողմից եղել են որոշ հայտարարություններ։ Օրեր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սկսվել է Հայաստան ռուսական զենքի մատակարարման գործընթացը։ Դա հարց է, որը շատ է անհանգստացնում»։

Ադրբեջանի նախագահը պնդում է, թե Հայաստանը նոր ուժեր է տեղակայում Լեռնային Ղարաբաղում, ինչը, ըստ նրա, հակասում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը։ Բաքուն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի եռակողմ հայտարարության բոլոր կետերը։

Ադրբեջանական պետության ղեկավարն այդ համատեքստում անդրադարձել է նաև Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հայտարարություններին, որ, Ալիևի վերաշարադրմամբ՝ «եթե ադրբեջանական կողմը թեկուզ մեկ սանտիմետր խախտի Հայաստանի սահմանը, նրանք կրակ կբացեն»։ Իլհամ Ալիևը «շատ անպատասխանատու» է որակել այդ հայտարարությունները՝ հավելելով․ - «Այսինքն, ակներևաբար, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դեռ բոլորի համար չէ, որ դաս է դարձել։ Եթե այդպես է, մենք պատրաստ ենք նորից դաս տալ։ Հետևաբար՝ հուսով ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա»։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքն այժմ անվտանգ տարածք է, միևնույն ժամանակ՝ Հայաստանի հետ մեր սահմանին իրավիճակը երբեմն անհանգստություն է հարուցում, սակայն ընդհանուր առմամբ կայուն է»։ «Այդ պատճառով, իհարկե, մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը հաշվի առնի մեր անհանգստությունն այդ հարցում։ Քանի որ որքան էլ սպառազինություն փոխանցվի, միևնույն է, ուժերի հարաբերակցությունը չի փոխվելու», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ շարունակելով․ - «Ռուսաստանը վերջին 30 տարում անվճար Հայաստանին է փոխանցել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զենք։ Դրանց մի մասն այժմ ոչնացված վիճակում ցուցադրված են իբրև թանգարանային նմուշներ»։ Ալիևի խոսքով՝ չնայած Ռուսաստանի կողմից մեծաքանակ զենքի մատակարարումներին, Հայաստանի բանակը «ջախջախվեց»։ Այս ամենով հանդերձ, Բաքուն հուսով է, որ Մոսկվան կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

Խոսելով 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների մասին՝ նա հայտնել է, որ հայերն այնտեղ հարյուր հազարավոր ականներ են տեղադրել, և պատերազմի ավարտից՝ նոյեմբերի 10-ից մինչ օրս ավելի քան 150 «քաղաքացիական անձ և զինվորական» է զոհվել կամ կորցրել առողջությունը դրանց պայթյունի հետևանքով։ Ալիևը պնդել է, թե Հայաստանն իրենց չի տրամադրում ականապատման քարտեզները, իսկ վերջին շրջանում փոխանցված քարտեզների ճշգրտությունը 25 տոկոս է։

«Առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենար»

Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում անդրադարձել է նաև Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերին՝ նշելով, որ պատերազմում կարևոր օգնություն էր ոչ միայն անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Անկարայի կողմից, այլ նաև Թուրքիայի ղեկավարի, նախարարների, բանակի անվերապահ աջակցությունը։

«Առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենար։ Թուրքիան մեզ համար հայրենիք է, Ադրբեջանը ձեզ համար հայրենիք է», - ասել է Ալիևը՝ դիմելով CNN Turk-ի թղթակցին։

«Թուրքիան ոչ միայն «Բայրաքթար»-ներ էր մատակարարում, այլ նաև այլ զինատեսակներ, այդ թվում՝ «Կոբրա» տեսակի ռազմական մեքենաներ։ Եվ այդ պրոցեսը շարունակվում է։ Մաշալլահ, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը զարգանում է շատ արագ, և մենք իհարկե օգտվում ենք դրանից», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG