Մատչելիության հղումներ

Ալիևի պնդմամբ՝ Զանգեզուրի միջանցքի հարցում արդեն «կան լավ արդյունքներ»


Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Մոսկվայում, 11-ը հունվարի, 2021թ.
Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Մոսկվայում, 11-ը հունվարի, 2021թ.

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե զանգեզուրյան միջանցքի շուրջ բանակցություններում արդեն կա առաջընթաց, և որ հայկական կողմը սկսել է հաշտվել դրա անխուսափելիության հետ։ Ադրբեջանի նախագահն այս մասին խոսել է երեկ՝ Բաքվում ընդունելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարին։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր՝ զանգեզուրյան միջանցքի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ։ Այն կապահովի նոր կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև», - ասել է Իլհամ Ալիևը՝ չհստակեցնելով, թե միջազգային որ հարթության մասին է խոսքը։ Որոշ մանրամասներ, այդուամենայնիվ, Ալիևը հայտնել է, մասնավորապես, պնդել է, թե Հայաստանը պատերազմից հետո՝ առաջին փուլում, դեմ է եղել այդ գաղափարին, բայց հիմա փոխել է դիրքորոշումը։

«Վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը։ Ինչպես հայտնի է, այդ հարցը քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, և կան լավ արդյունքներ», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Թե կոնկրետ ինչ արդյունքներ են արձանագրվել՝ Ալիևը չի հստակեցրել, բայց հայտնել է, որ Ադրբեջանն արդեն իսկ սկսել է առաջին գործնական քայլերն անել, մասնավորապես, մեկնարկել է երկաթգծի կառուցումը Հորադիզից մինչև Հայաստանի սահման։ «Վստահ եմ, որ այն շահագործման կհանձնվի առաջիկա երկու, գուցե՝ երկուսուկես տարվա ընթացքում», - նշել է նա։

Ալիևը տեղեկացրել է, որ Նախիջևանի երկաթգծի մեծ մասը գործում է, մնացյալ մասը կառուցելու համար էլ արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ։ «Միջանցքի մեծ մասը պետք է կառուցվի Հայաստանի տարածքում, և դրանով կբացվի նոր ճանապարհ, և կապը Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կդառնա առավել ամուր», - ասել է նա։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն, իր հերթին, հավաստիացրել է, թե Անկարան պատրաստ է աջակցել այդ ծրագրին: «Մենք Նախիջևան տանող այդ միջանցքը միասին կկառուցենք», - ասել է Ադիլ Քարաիսմայիլօղլուն:

Հայկական կողմն այս հայտարարություններին դեռ չի արձագանքել։ Մինչ այդ, Հայաստանի վարչապետ, այժմ՝ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քանիցս կրկնել է, թե Մեղրիի «միջանցքի հարց բանակցություններում չկա և չի լինելու»։ Որպես հիմք Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է մեջբերում, որտեղ միջանցք բառը չի հիշատակվում. - «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը եղել ա, և նոյեմբերի 9-ի հայտարարության մեկնաբանությունը կոմունիկացիաների մասով՝ բացվածքը, տրվել ա հունվարի 11-ի հայտարարության մեջ՝ եռակողմ էլի: Էդ հայտարարությունը հրապարակված ա, կարդացեք և տեսեք՝ էնտեղ կա՞ որևէ էդպիսի բովանդակություն: Եվ մենք չենք քննակել, չենք քննարկում և չենք քննարկելու միջանցքի հարց»:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը պարտավորվել են բացել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը նաև առանձին պարտավորություն է ստանձնել՝ երաշխավորել կապը Ադրբեջանի և Նախիջևանի արևմտյան շրջանների միջև։ Ընդ որում, արձանագրված է, որ տրանսպորտային այդ հաղորդակցությունը պետք է վերահսկեն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները։ Հունվարի 11-ի հայտարարությամբ էլ կողմերը հանձն են առել աշխատանքային խմբեր ստեղծել և կազմել հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություն ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև սահմանել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Թե ինչ ուղղություններ են մինչ օրս համաձայնեցվել՝ հստակ չէ։ Ռուսական կողմը ներկայացնող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, սակայն, օրեր առաջ հայտարարել էր, թե բանակցությունները մինչ այժմ բավականին կառուցողական են ընթացել։ «Մենք հուսով ենք, որ այն ողջախոհությունը, որ ցուցաբերել են աշխատանքային խմբի բոլոր անդամները, կգերակշռի, և մենք շուտով կհասնենք ապաշրջափակման», - ասել էր նա։ Ընդ որում, Օվերչուկը նշել էր, որ աշխատանքային խմբի հանդիպման ժամկետը կախված է Երևանից և Բաքվից, ինչից կարելի է ենթադրել, որ սեղանին կան առաջարկներ, որոնց շուրջ համաձայնությունից հետո միայն գործընթացը կարող է առաջ շարժվել։

XS
SM
MD
LG