Մատչելիության հղումներ

Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար


ԵՊՀ ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյան

Նախորդ գումարման Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարն է։

Մասնագիտությամբ աստվածաբան Հովհաննիսյանին այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց, թե պետք է համալսարանում հանգիստ մթնոլորտ ապահովեն. - «Համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն՝ զերծ քաղաքական, կուսակցական բոլոր տեսակի շահարկումներից։ Դրանք պետք է թողնենք անցյալում։ Ինքս այստեղ եմ եկել որպես ապակուսակցական, ապաքաղաքական այլևս մարդ, և համալսարանը այլևս չի տեսնելու այն, ինչ տեսել է նախկինում։ Ես շնորհակալություն եմ հայտնում նաև համալսարանի բոլոր ռեկտորներին իրենց արած գործի համար, որովհետև յուրաքանչյուրը իր վաստակը, իր ներդրումը ունի համալսարանի բարելավման, զարգացման մեջ»։
Մայր բուհը ավելի քան երկու տարի չունի ռեկտոր։ Պարտականությունները կատարում էր ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ով այս տարվա ապրիլին հրաժարական էր տվել։

«Այս ընթացքում ես արել եմ ինչ-որ բաներ և չեմ արել ինչ-որ բաներ, արածներիս համար ոչ մի բանի համար չեմ զղջում, չարածների մասին խոսելն արդեն ավելորդ է», - ասել էր նա։

Այս պահին լուծարված է նաև համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, քանի որ անդամների կեսը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն, Արդարադատության նախարարի հրամանով վերջերս ձևավորվեց 3 հոգանոց ԵՊՀ ժամանակավոր խորհուրդ, որն էլ հենց ռեկտորի պաշտոնակատարին նշանակեց:

Հարցին, թե ինչո՞ւ հենց Հովհաննիսյանը, ով իշխող ուժի ներկայացուցիչն է եղել, նախարար Դումանյանն արձագանքեց. - «Ի՞նչը դուրներդ չի գալիս։ Ի՞նչ լիներ, որ ձեզ դուր գար, պատգամավոր չլիներ, իշխանության հետ առնչություն ունեցած չլիներ... ի՞նչն ա խնդիր առաջացնում»։

Հովհաննես Հովհաննիսյանի նշանակումը քաղաքական է որակում ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը։ Նրա խոսքով, մինչև ռեկտորի պաշտոնակատարի ներկայացման օրը նրա ինքնությունը գաղտնի է պահվել համալսարանականներից, հայտնի չէ նաև, թե ինչ սկզբունքով են ընտրել նրան. - «Դա, հենց քաղաքական որոշում լինելով հանդերձ, ժողովրդավարության արժեքներին ու սկզբունքներին է հակասում։ Այն առումով, որ տեղի է ունեցել նշանակում ժամանակավոր պաշտոնակատարի, այլ ոչ թե ընտրություն, չի կիրառվել ռեկտորի ընտրության կանոնակարգի դրույթները, նաև Սահմանադրության սահմանված «Բուհական ինքնավարության և ակադեմիական ազատությունների մասին» դրույթը ոտնահարվել է կոպիտ ձևով։ Որովհետև էստեղ տեղի է ունեցել ուղղակի նշանակում՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, ելնելով այն հանգամանքից, որ տվյալ անձը հանդիսանում է, գուցե ֆորմալ առումով այլևս չէ, բայց մենք տեսել ենք, որ ինքը երեք տարի շարունակ եղել է իշխող քաղաքական ուժի խորհրդարանական ներկայացուցիչ, խորհրդարանի անդամ։ Համահեղինակներից մեկն է եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» այն օրենքի, որը Սահմանադրական դատարանում ճանաչվեց հակասահմանադրական»։

Օրեր առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ակադեմիական շրջանակների կողմից լայնորեն քննադատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ։ Մարտին Ազգային ժողովի ընդունած այդ օրենքը նախագահը չէր ստորագրել ու դիմել էր Սահմանադրական դատարան։ Փորձագետների, ԵՊՀ-ի դասախոսական կազմի պնդմամբ, օրենքի ընդունմամբ խախտվում էր բուհերի ինքնավարության սկզբունքը, քանի որ առաջարկվում էր հանրային բուհի կառավարման խորհրդի այնպիսի կազմ, որում անդամներից 5-ը, այսինքն՝ կեսից ավելին, պետք է լինեն կառավարության ներկայացուցիչներ։ Հայտարարում էին նաև, որ կառավարման խորհրդի ձևավորման կարգն ուղղակիորեն ազդում է ռեկտորի ընտրության վրա, քանի որ, ըստ էության, առաջարկվող փոփոխություններով ռեկտորը ոչ թե ընտրվելու է, այլ նշանակվելու կառավարության կողմից։

Օրենքի հակասահմանադրական ճանաչվելուց հետո ի՞նչ է պատրաստվում անել կրթության նախարարությունը։

«Հակասահմանադրական կճանաչվի՝ կվերախմբագրենք մեր օրենքը, կհարմարեցնենք։ Մենք գործելու ենք այն օրենսդրական դաշտում, ինչը որ ունենք։ Մենք կարող ենք տարակուսանք հայտնել որոշմանը, ընդունել, չընդունել, բայց մենք չենք կարող չկատարել։ Մենք պետք է ենթարկվենք մեր իսկ բարձր դատարանին», - ասաց նախարար Դումանյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG