Մատչելիության հղումներ

Նախարարը պնդում է՝ բարձրագույն կրթության մասին հակասահմանադրական օրենք չեն առաջարկել. փորձագետներն այլ կարծիքի են


«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հայտարարում է նախագահ Արմեն Սարգսյանը, ով չի ստորագրել մարտի 24-ին Ազգային ժողովի ընդունած այդ օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։

«Նման օրենքի ընդունման համար նախ և առաջ պետք է ունենալ գիտության և կրթության զարգացման հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր՝ ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպիսի գիտություն ու կրթություն ենք ուզում զարգացնել: Օրենքը ներկա վիճակով լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները»,- նշված է նախագահի հայտարարությունում։

Կրթության ու գիտության նախարար Վահրամ Դումանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, արձագանքելով նախագահի հայտարարությանը, նշել է, որ նախարարությունը հակասահմանադրական ոչինչ չի առաջարկել. «Սպասվում է բուռն աշխատանք մեր կողմից, ինչպես աշխատել ենք, շարունակելու ենք աշխատել, ինչպես ասել եմ, կրկնում եմ, որ մենք կաշխատենք միայն օրենքի շրջանակում, գործող կարգերի շրջանակում և շարունակում ենք աշխատել: Որ օրենքը կլինի, այդ օրենքի շրջանակներում էլ կաշխատենք»:

Օրենքի ընդունումից հետո Երևանի պետական համալսարանն ու Գիտությունների ազգային ակադեմիան ևս կարծիք էին հայտնել, որ առանձին դրույթներ հակասում են Սահմանադրությանը: Պնդել էին, որ խախտվում է բուհերի ինքնավարության մասին դրույթը, քանի որ առաջարկվում է հանրային բուհի կառավարման խորհրդի այնպիսի կազմ, որում անդամներից 5-ը, այսինքն՝ կեսից ավելին, պետք է լինեն նախարարության ներկայացուցիչներ։ Հայտարարության հեղինակները նաև արձանագրում են, որ կառավարման խորհրդի ձևավորման կարգն ուղղակիորեն ազդում է ռեկտորի ընտրության վրա, քանի որ ըստ էության, առաջարկվող փոփոխություններով ռեկտորը ոչ թե ընտրվելու է, այլ նշանակվելու կառավարության կողմից։ «Արդյունքում ստացվում է, որ հանրային բուհերն ամբողջությամբ կախվածության մեջ են դրվում քաղաքական իշխանություններից», - հայտարարում էր դասախոսական կազմը։

Քաղաքական իշխանության ազդեցության, բուհի գործունեության խաթարման մասին է ընդգծում ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը. «9 անդամից 5-ին նշանակում է նախարարը, ընդ որում հետ կանչելու իրավունքով: Սա բուհերի կառավարման հարցում փաստորեն ռեալ միջամտության հնարավորություն է տալիս և դրանով էապես սահմանափակում բուհական ինքնավարությունը: Եվ եթե բուհն իր ինքնավարության և ինքնակառավարման սահմանափակումներ է ստանում, ապա տրամաբանական է, որ սահմանափակվում են նաև այլ հնարավորությունները: Սահմանափակման ենթակա են դառնում նաև ակադեմիական ազատությունները: Եվ երկրորդ մասը` գիտության հետ կապված, որ Սահմանադրությամբ հիմնարար և կիրառական գիտությունը պետության գործունեության նպատակ է հռչակվում: Ես եթե մի փքր այսպես հստակ չասեմ Սահմանադրության դրույթներից, ներողություն, բայց միտքը դա է, և ահա այս նոր օրենքով Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը փաստորեն թողնելով անորոշ, շատ անորոշություններ են մնում այդ գիտական կազմակերպությունների հետ, այսինքն` ակադեմիայի ինստիտուտների հետ կապված: Ահա այդ անորոշությունները, կարգավիճակի ոչ հստակ լինելը և ակադեմիայի կարգավիճակը կառավարության որոշմամբ սահմանելու այդ ուղեգիծը հենց ևս հակասում է Սահմանադրության մեջ ամրագրված կիրառական և հիմնարար գիտության գործունեության նպատակ լինելու մասին այդ դրույթին»:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իրենք դեմ էին արտահայտվել օրենքում փոփոխություններին, բայց ակադեմիկոսների կարծիքը կառավարությունը հիմնականում չլսեց. «Ոչ մեկը մեզ չբացատրեց, թե ինչ անհրաժեշտություն կար նոր օրենք գրելու»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով` Ազգային ժողովի մարտի 24-ին ընդունած օրենքն այդ տեսքով կհանգեցնի նրան, որ նախարարությունը խորհրդի իր անդամներին հստակ ուղղորդելու է ու ասելու, թե տվյալ բուհի ռեկտոր ում է պետք ընտրել․ «Բնականաբար, այդ 5 մարդը չեն կարողանալու ընդդիմանալ նախարարության ուղղորդմանը, այսինքն` մենք ըստ էության, ունենում ենք ընտրություն, որը ըստ էության, նշանակում է: Միշտ պետք է հաշվարկել, ընդհանրապես ժողովրդավարության ամբողջ իմաստն այն է, որ իշխանությունը կարող է լինել շատ վատը, և դու միշտ պետք է ունենաս հակակշիռներ: Այս նոր կարգով բուհերը լրիվ զրկվեցին հակակշիռներից, և այդ 4 ձայնն իրենց ոչ մի դեպքում չի բավարարելու»:

Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը հույս է հայտնում, որ Սահմանադրական դատարանը համարժեք արձագանք կտա:

Սահմանադրական դատարանը վարույթ ընդունելու մասին որոշումը կկայացնի 20-օրյա ժամկետում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG