Մատչելիության հղումներ

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ


Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ։ Երեկ կայացված որոշմամբ բարձր դատարանը մասնավորապես հակասահմանադրական է ճանաչել բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին վերաբերող դրույթները, որոնց միջոցով, ըստ կրթության փորձագետների, բուհերի կառավարումը հանձնվում էր կառավարությանը։

Եթե օրենքն ուժի մեջ մտներ, ապա բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի՝ նախկին 32-ի փոխարեն, որից 5-ին նշանակելու էր լիազոր մարմինը՝ կառավարությունը, իսկ 4-ին բուհի ակադեմիական խորհուրդը, ընդ որում, սահմանված ժամկետում 4 անդամներին չառաջադրելու կամ պակաս առաջադրելու դեպքում անդամների համալրումն իրականացնելու էր համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ պարզաբանում է ԵՊՀ պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը։

«Խնդիրը կայանում էր նրանում, որ օրենքում նախատեսված բուհերի կառավարման կամ հոգաբարձուների խորհրդի ձևավորման համամասնությունը չէր ապահովում բուհի ինքնակառավարման իրավունքի իրացում, և Սահմանադրական դատարանը քննության առնելով դիմումը հստակ դիրքորոշում արտահայտեց», - ասաց Հովհաննիսյանը:

Ակադեմիական շրջանակների կողմից լայնորեն քննադատված օրենքը արդեն լուծարված 7-րդ գումարման ԱԺ-ի մեծամասնության կողմից ընդունվել էր դեռ մարտ ամսին։ Այդուհանդերձ, նախագահ Արմեն Սարգսյանն այն չէր ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան։

Որ օրենքը հակասահմանադրական կճանաչվի, սպասելի էր՝ ասում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Հիմա բուհերի, ինչպես նաև գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ պետք է մտածեն, որտեղ լիազոր մարմինը չի կարող ունենալ մեծամասնություն և հետևաբար չի խախտվի բուհերի ինքնակառավարման սկզբունքը։

«Կառավարման խորհուրդը նշանակում է կամ ընտրում է ռեկտորին, ռեկտորը գործադիր մարմինն է բուհի պարագայում, և ըստ էության նրա որոշումից շատ բան է կախված, իսկ այստեղ թույլ տալ, որպեսզի օրինակ՝ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները, որոնք առանցքում են գտնվում յուրաքանչյուր համալսարանում, նրանց ձայնն ավելի քիչ կշիռ ունենա, քան լիազոր մարմնի, ուղղակի անթույլատրելի է: Մանավանդ Հայաստանի պարագայում դա նշանակում է օրվա քաղաքական իշխանության անմիջական ենթակայության տակ դնել բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ հանրային կամ պետական, ինչպես նաև գիտական կազմակերպությունները», - նշեց Մխիթարյանը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը կրթության ոլորտը վերահսկող պետական գերատեսչությունից կապում էին բուհերում կառավարման խնդիրների հետ։ Բայց Կրթության նախարարության կայացրած որոշումներն ու նախագծերը եղած ճգնաժամը միայն խորացրեցին՝ ասում է Վահե Հովհաննիսյանը։ ԵՊՀ-ն արդեն 2 տարի է՝ ռեկտոր չունի, ունի ռեկտորի պաշտոնակատար, իսկ հոգաբարձուների խորհրդի անդամների կեսը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ստեղծված իրավիճակում ամենամեծ բուհի՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորը մեկ լուծում է տեսնում. «Ամենակարճ լուծումը կլինի գործող օրենքով մրցույթ կազմակերպելը: Եթե մենք փորձեինք իրոք իրականացնել մրցութային ընտրություն, արդեն բոլոր տիպի հարցերը լուծված կլինեին, և այս ճգնաժամը շուտվանից հաղթահարված կլիներ, ուղղակի խնդիրը շատ պարզ է՝ արդյոք քաղաքական իշխանությունը պատրա՞ստ է գնալ բաց մրցակցային ընտրությունների, թե՞ պատրաստ չէ»:

Կրթության նախարարությունից առայժմ հրաժարվում են մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումն ու ներկայացնել առաջիկա անելիքները, բայց ավելի վաղ նախարար Վահրամ Դումանյանը դասախոսների հետ հանդիպմանը վստահեցրել էր, որ իրենք կընդունեն Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում։

Հիմա, ըստ ընթացակարգի, պետք է օրենքը վերանայվի և համապատասխան փոփոխություններով ուղարկի կառավարություն, որտեղ հաստատվելուց հետո կրկին քննարկման ներկայացվի արդեն նոր խորհրդարանում։

XS
SM
MD
LG