Մատչելիության հղումներ

Ակնհայտ է, որ կառավարությունը ձգտում է վերահսկողություն սահմանել բուհի նկատմամբ․ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան


Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը։

Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետների դեկաններ տարածած հայտարարությամբ հրաժարվում են մասնակցել կառավարության մայիսի 4-ի որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին՝ դա համարելով ապօրինի:

Երեք պետական բուհի՝ ԵՊՀ-ին, Գյումրիի պետական համալսարանին ու Երևանի մանկավարժական համալսարանին վերաբերվող որոշման համաձայն, բուհերի կառավարման մարմնում Կրթության նախարարությունն ու կառավարությունը ավելի մեծ ներկայացվածություն կունենան, քան բուհը։ Օրինակ, ԵՊՀ-ի խորհրդի կազմում նախկին 32-ի փոխարեն կլինեն 20 անդամներ՝ 11-ը՝ կառավարությունից, 2-ը՝ նախարարությունից, բուհից 5-ը ուսանողներ են լինելու, 2-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Մինչև այս, բաժանումն արված էր համամասնորեն՝ յուրաքանչյուր մարմնից 25 տոկոս ներկայացվածություն էր ապահովվում։

Իրենց ակադեմիական ազատության դեմ ոտնձգությունից բողոքող բուհերի ու կառավարության միջև չլուծվող այս հարցը տեղափոխվել է Սահմանադրական դատարանի տիրույթ․ կառավարության որոշումը բարձր դատարանում վիճարկում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ ավելի վաղ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ի դեպ, կառավարությունը, չսպասելով նախագահի դիմումի հանգուցալուծմանը, մայիսի 4-ին առանձին որոշում ընդունեց։ Կրթության նախարարությունից բացատրեցին, որ այս որոշման ընդունումը հրատապ էր՝ բուհերում կառավարման վակուում չառաջացնելու համար։

Նախագահի դիմումը ընդունվել է քննության, նիստը կկայանա հուլիսի 20-ին՝ գրավոր ընթացակարգով։ Օմբուդսմենի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցով դեռ որոշում չկա։

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, խոսելով կառավարության մայիսի 4-ի որոշումից, ասում է. – «Այս որոշմամբ ավելի հեռու են գնացել իշխանությունները և սահմանում էին 13-7 հարաբերակցությունը՝ ի օգուտ, բնականաբար, կառավարության և լիազոր մարմնի։ Եթե հենց էդ դրույթը վիճարկվում է նախագահի կողմից ինքնավարության սահմանափակման իմաստով, ապա, բնականաբար, ենթաօրենսդրական ակտը, այսինքն՝ որոշումը, որը ավելի ցածր է իր իրավական առումով, քան օրենքը, և որը սահմանում է ավելի վատ հարաբերակցություն, ոչ միայն չէր կարող ընդունվել, այլև չի կարող կյանքի կոչվել»։

ԵՊՀ-ն, որ Հայաստանի ամենամեծ բուհն է, շուրջ 2 տարի է ռեկտոր չունի․ կա ռեկտորի պաշտոնակատար, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Նախարարը խոստովանեց, որ ինքը խորհուրդ է տվել այդ հրաժարականի դիմումները ներկայացնել։ Սա ուղղակի աբսուրդի ոլորտից է։ Այսինքն՝ խորհուրդ է տվել, ներկայացրել են, որպեսզի [հոգաբարձուների] խորհուրդը չգործի և այս որոշմամբ կյանքի կոչվի այդ վատթարագույն տարբերակը, որը նախաձեռնել են։ Այնքան ակնհայտ է՝ ամեն գնով հասնել կառավարելի խորհրդի ձևավորման և դրանով բնականաբար հասնել ռեկտորի ընտրությանը՝ ցանկալի ռեկտորի, և դրանով վերահսկողություն սահմանել բուհի նկատմամբ», - ասաց Ղազինյանը։

Կրթության ոլորտը վերահսկող պետական գերատեսչությունից պնդում են, որ ցանկանում են հոգաբարձուների խորհրդի նոր համամասնությամբ լուծել բուհերում կառավարման հետ կապված խնդիրները։

Իսկ ի՞նչն է խանգարում, որպեսզի գործող օրենքով լուծվի խնդիրը, հարցնում է Իրավագիտության ֆակուլտետի դեկանը․ - «Այն ակտերը, որոնք փոխում են կարգավորումները՝ օրենք և որոշում, դրանք վիճարկվում են։ Քանի դեռ վիճարկվում են, դրանք փորձել կյանքի կոչել․․․ դա ուղղակի նոնսենս է։ Դրա համար քանի դեռ դրանք վիճարկվում են, գործում է գործող օրենքը, որը դեռ չի փոխվել, որովհետև նորը դեռ չկա։ Ի՞նչ է նշանակում․ օրենքը վիճարկվում է, փորձում են ինչ-որ կառավարության որոշմամբ գաղտնի պայմաններում բոլոր ընթացակարգերը խախտելով որոշում ընդունել՝ ավելի վատթար վիճակում դնելով բուհին հենց ինքնավարության սկզբունքի խախտման իմաստով»։

«Ազատության» հարցին ի պատասխան, թե այս պարագայում ինչ քայլեր է առաջարկում նախարարությունը, գերատեսչությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, քանի որ հարցը իրավական ոլորտում է։

Ավելի վաղ կրթության նախարար Վահրամ Դումանյանը դասախոսների հետ հանդիպմանը վստահեցրել էր, որ իրենք կընդունեն Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում։

XS
SM
MD
LG