Մատչելիության հղումներ

Բուհերի կառավարման մարմինների հետ կապված որոշումը ԵՊՀ-ի համար անսպասելի է ընդունվել. ԿԳՄՍՆ-ից պարզաբանում են


ԵՊՀ

Փորձ է արվում նվազեցնել բուհերի ինքնակառավարման իրավունքը, շաբաթներ շարունակ ահազանգում են մասնագետները։ Մայիսի 3-ին Կառավարությունը ընդունեց մի որոշում, որով Հայաստանի 3 պետական բուհերում՝ Երևանի և Գյումրիի պետական համալսարաններում ու Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում փոփոխվում է հոգաբարձուների խորհրդի համամասնությունը։

Բուհերի կառավարման մարմնում Կրթության նախարարությունը ավելի մեծ ներկայացվածություն կունենա, քան բուհը։ Այս փոփոխությունը նախատեսված էր նաև խորհրդարանի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով, որը նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ապրիլի 22-ին չէր ստորագրել՝ ուղարկելով Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու համար:

Ու մինչ բարձրագույն դատական ատյանը որոշում կկայացնի, հարցը լուծվեց գործադիրի միջոցով, նկատում է Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը. «Կառավարության որոշումը դրված է եղել հանրային քննարկման մինչև մայիսի 14-ը, բայց շատ հանկարծակի, ամեն դեպքում բուհի համար անսպասելի ձևով 2 օր առաջ այն ընդունվեց գրավոր ընթացակարգով»։

Այս որոշման ընդունումը հրատապ էր՝ բուհերում կառավարման վակուում չառաջացնելու համար, հակադարձում է Կրթության նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը ու հավելում՝ նախկին համամասնությամբ խորհուրդները դժվար էին գործում և հաճախ դառնում էին առանձին խմբերի շահերի ներկայացման, տարբեր խնդիրների լուծման հարթակներ։

«Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր կառավարիչը դիմում է գրել լիազորությունները դադարացնելու, և չկա խորհուրդ, որն իրավասու է ընդունելու հրաժարականի դիմումը և նրա փոխարեն նշանակելու նոր կառավարիչ կամ կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար: Այս տեսակետից հրատապ հարց է խորհրդի ձևավորումը, և նախարարությունն իր նախագծի տեսքով, նաև այսուհետ որոշման տեսքով գտել է լուծում», - ասում է Լուսինե Գրիգորյանը:

Համաձայն կառավարության որոշման` 3 բուհերի խորհրդի կազմում նախկին 32-ի փոխարեն կլինեն 20 անդամներ՝ 11-ը Կրթության նախարարությունից, 2-ը` կառավարությունից, 5-ը ուսանողներ են լինելու, 2-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Մինչ այդ բաժանումն արված էր համամասնորեն՝ յուրաքանչյուր մարմնից 25 տոկոս ներկայացվածություն էր ապահովվում։

Հոգաբարձուների խորհրդի նոր համամասնությամբ կազմը կարող է լուծել բուհերում կառավարման հետ կապված խնդիրները, ասում է նախարարության ներկայացուցիչը: Այս կարծիքը պետական համալսարանից ոչ միայն չեն կիսում, այլև ճիշտ հակառակ արդյունքն են ակնկալում. «Կառավարությունը, քաղաքական իշխանությունը պետք է տեսլական ունենա, իսկ զուտ բուհը վերահսկողության տակ վերցնելը կամ հոգաբարձուների խորհրդի փոփոխություն իրականացնելը որևէ զարգացման հետ կապված, ամեն դեպքում այս փուլում խնդիր կամ հարց չի լուծում», - ասում է ԵՊՀ պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը։

Որոշման ընդունումը կարող է նաև իրավաբանական սխալների շղթա առաջացնել, ինչը ևս իր հերթին կխոչընդոտի բուհի զարգացմանը, ասում է Վահե Հովհաննիսյանը։ Ինչո՞ւ, որովհետև իրենք ունեն տեղեկություններ, որ կառավարության որոշման հիման վրա արդեն քայլեր են արվում բուհերի կանոնադրությունը փոփոխելու ուղղությամբ. «Պատկերացրեք մի իրավիճակ, որի կանոնադրությունը փոխվում է, դրա հիման վրա պետք է ձևավորվի նոր հոգաբարձուների խորհուրդ, և կառավարության որոշման գործողությունը կասեցվում է, հետևաբար գալու է մի իրավիճակ, եթե դատարանը մի դեպքում հակասահմանադրական ճանաչի որոշումը, մյուս դեպքում օրենքին հակասող ճանաչի որոշումը, պարզ է դառնում, որ այդ որոշման հիման վրա կատարված բոլոր գործողություններն ինքնաբերաբար դառնում են առոչինչ, որ այդ ամբողջ ժամանակահատվածում ուղղակի արհեստական խոչընդոտներ են ստեղծվում բուհի բնականոն գործունեության համար»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ է կարծում, որ որոշումը կայացվել է սահմանադրական նորմերի խախտմամբ։ Արման Թաթոյանը երեկ հայտնել է, որ ինքը ևս դիմելու է Սահմանադրական դատարան՝ որոշման սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։ Օմբուդսմենը դեռ դեկտեմբերին մտահոգություն էր հայտնել, որ օրենքի նախագիծը քննարկելիս հաշվի չի առնվել մասնագիտական շրջանակների և Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը. «Ես կարծում եմ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այս նախաձեռնությունը անարգանք է երկու սահմանադրական ինստիտուտների` նախագահի և Սահմանադրական դատարանի հանդեպ, ավելին` նախագահը դիմել է օրենքը վիճարկելու հարցով, ավելի բարձր ուժ ունեցող, և հիմա ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտով սա կարգավորվում է։ Կառավարությունը, ես տեսել եմ հրապարակային պատճառաբանությունները, նշում է, թե խնդիր է առաջացել, խնդիրն են կարգավորում: Բայց ես կարծում եմ, որ սա արհեստական առաջացած խնդիր է, և ստացվել է կառավարությունն ինքը, հիմնավոր իմ ենթադրությամբ, առաջացրել է խնդիր, հիմա խնդիրը լուծում է բուհերի ինքնավարության հաշվին: Ես կարծում եմ` դա անթույլատրելի է»:

Որոշումն ընդունվել է փակ քննարկման արդյունքում, ինչը օմբուդսմենը ևս խախտում է որակում։ Պետական համալսարանից էլ սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, իրենց չբավարարող որոշման դեպքում կդիմեն Վարչական դատարան։

XS
SM
MD
LG