Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը


Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը։ Շաբաթ ուշ երեկոյան Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի ՍԴ կայքում եռօրյա ժամկետում. «Որոշեց` 1-ին` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` ՀՀ Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփելու մասին թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ», - որոշումն ընթերցեց ՍԴ նախագահը:

Սահմանադրական դատարանի դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը նկատելիորեն ուշ մոտեցան իրենց աթոռներին։ Ամենաշատ հատուկ կարծիք գրող այս դատավորներն այս անգամ նման հնարավորություն չունեին, օրենքն ընտրական վեճերի դեպքում չի նախատեսում նման ընթացակարգ։ Դիմող կողմից «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց` որոշումը սպասելի էր. «Որոշումն ակնկալելի էր, ինչի մասին հայտնել եմ»:

Մյուս դիմումատու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ներկայացնող Արամ Վարդևանյանն ասում է` քաղաքական ճնշումները Սահմանադրական դատարանի նկատմամբ ակնհայտ էին. «Սահմանադրական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումները` պարզ և հստակ, այսինքն` եկեք պատկերացնենք մի բան` 9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանությանը դեմ գնալու դեպքում իրենց կարող է փռեն ասֆալտին, կտրեն մատները, վենդետա լինի և այլ բոլոր մյուս տերմինները: Կարելի է ասել` Սահմանադրական դատարանն այս պայմաններում չունեցավ խիզախություն` կայացնելու ճիշտ որոշում, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին է»:

Ինչպե՞ս է ստացվում, որ երբ այս նույն կազմով Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց երկրորդ նախագահ Ռորբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ, ապա ՍԴ-ն ի զորու է դիմադրել քաղաքական ճնշումներին, իսկ հիմա` ոչ, հետաքրքրվեցինք Վարդևանյանից:

«Ով էր խոսում վենդետաների մասին, մատներ կտրելու մասին, չագուճը գլխներին ջարդելու մասին, Դուք կգտնեք Ձեր հարցի պատասխանը:

Այդ որոշման ( 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու - խմբ.) վերաբերյալ, ամբողջ հարցը գիտե՞ք` ինչումն է, իմ կարծիքը նշեմ: Երբ Սահմանադրական դատարանի նկատմամբ չի լինում այնպիսի ճնշում, որը մենք տեսանք, այդ ժամանակահատվածում սահմանադրական արդարադատությունը լինում է հասանելի յուրաքանչյուրին, ընդհուպ մինչև նույնիսկ նման, կարելի է ասել, էլի ճնշումների ենթակա գործով, բայց կներեք, եկեք ժամանակահատվածը հստակ դիտարկենք», - պատասխանեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Հարցին, թե այսինքն` Քոչարյանի գործով Փաշինյանի կողմից ճնշում չկա՞ր, նա արձագանքեց. «Ժամանակահատվածը դիտարկենք, ժամանակահատվածը: Հիմա խոսում ենք չագուճը գլխներին ջարդելու մասին, և նույն պատկերը չենք ունենում մեկ այլ ժամանակահատվածում, ունենում ենք սահմանադրական արդարադատություն, ունենում ենք նման ճնշումներ Սահմանադրական դատարանի նկատմամբ, չենք ունենում արդարադատություն, այսինքն` բանաձևը շատ պարզ է»:

Փաստաբան Տիգրան Եգորյանը որոշումն իրավական է համարում: Ասում է` վեցօրյա քննության ընթացքում դիմող կողմը ոչ մի լուրջ փաստարկ չի ներկայացրել. «Այս որոշման արժեքը ոչ թե դիմումների մերժումն է, այլ այն իրավական դիրքորոշումները, որոնք Սահմանադրական դատարանը կարտահայտի տարբեր կարևորագույն ընտրական իրավունքի հիմնախնդիրների վերաբերյալ, իհարկե ոչ բոլորի, բայց դա է արժեքն այս որոշման»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։ ԿԸՀ-ի որոշումը ուժի մեջ թողնելու ՍԴ-ի որոշումը ենթադրում է, որ նոր խորհրդարանը կազմված կլինի 107 պատգամավորից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։

Սահմանադրության 90-րդ հոդվածում նորընտիր խորհրդարանի առաջին նիստի գումարման ժամկետ սահմանվում է կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը։ Կազմավորման օրը համարվում է մանդատների բաշխման օրը, որն իրականացնելու համար ԿԸՀ-ն սպասում էր ՍԴ որոշմանը։ Եթե մանդատների բաշխման արարողությունը կազմակերպվի հաջորդ շաբաթվա ընթացքում, ապա առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին, որին էլ կհաջորդի կառավարության կազմավորման գործընթացը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG