Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը


Սահմանադրական դատարանում (ՍԴ) այսօր շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործով դատավարությունը:

Սահմանադրական դատարանը մերժեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ երեկ Թովմասյանը միջնորդություն էր ներկայացրել՝ առաջարկելով ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով նիստին որպես վկա հրավիրել Հայաստանի նախագահին։ «Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել դատարանում, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, իր վրա որևէ հարկադրանք չի եղել և ինքը միանձնյա որոշել է, խորհրդակցել է, նպատակահարմար է գտել այդ օրը, որպեսզի այդ հարցն ընդհանրապես դուրս գա: Հակառակ դեպքում Սահմանադրական դատարանը պետք է ինչ-որ կերպ անդրադառնա այդ հարցին», - նշել է Հրայր Թովմասյանը:

Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները :

Դատական նիստը մեկնարկել է երեկ՝ հուլիսի 9-ին: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես երրորդ անձ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը, այդ երեք ուժերն էլ խորհրդարանում խմբակցություններ կունենան:

XS
SM
MD
LG