Մատչելիության հղումներ

Մուրճի ցուցադրումը սիմվոլ է, Փաշինյանի խոսքի համատեքստը բռնությանը չի վերաբերում, ՍԴ-ում պնդեց դատախազությունը


Մուրճի ցուցադրումը սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ, այսօր Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննության 4 -րդ օրը հայտարարեց հարակից պատասխանող, դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը։

Նման եզրահանգման դատախազությունում եկել են` ուսումնասիրելով բոլոր չորս դիմումներում շեշտադրված բռնության կոչերի փաստարկը։ Ընդդիմադիրները դիմումներում, մասնավորապես, խոսել էին մուրճի մասին, որը ձեռքին պահած էլ` Փաշինյանը նախընտրական քարոզչության ընթացքում շրջեց մարզից մարզ։

«Քննարկման առարկա դարձրած բոլոր կոչերն արվել են ընտրություններին մասնակցող, մասնակցած քաղաքական ուժերի ղեկավարների կողմից: Սա մի կարևոր հանգամանք: Երկրորդ կարևոր հանգամանքը` հայտարարությունների համատեքստը, այս առումով Բա՛րձր դատարան, ես կուզենայի շեշտադրել այն հանգամանքը, որին դիմումատուները չեն անդրադառնում, միգուցե դիտավորյալ չեն անդրադառնում, բայց քննարկման առարկա դարձված բոլոր այդ հայտարարություններում, որոնք հնչեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարմիր թելի նման անցել է հետևյալ գաղափարը, որ մուրճի ցուցադրումը սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ:

Այս պայմաններում, Բա՛րձր դատարան, կարծում եմ` ակներև է, որ խոսքի համատեքստը ամենևին էլ բռնությանը չի վերաբերում, միգուցե կարող է վերաբերել հարկադրանքին, բայց վերադառնամ իմ նախորդ մտքին` ցանկացած հարկադրանք բռնություն չէ», - ասաց Դատախազության ներկայացուցիչը:

Դատախազությունում անհիմն են համարում նաև դիմումների այն դիրքորոշումը, որ Փաշինյանն իր հայտարարություններով սպառնացել է մյուս քաղաքական ուժերի առաջնորդներին և ահաբեկել է քաղաքական ուժերի աջակիցներին ու հնարավոր ընտրողներին։ Բիշարյանը բացատրում է այսպես` Փաշինյանի նման հայտարարությունները հնչել են` ի պաշտպանություն ազատ ընտրության իրավունքի։ Օրինակ է բերում Կապանի ելույթը:

«Թեկնածուն հայտնել է. «Ստացված տեղեկության համաձայն` Զանգեզուրի պնձամոլիբդենային գործարանում աշխատակիցներին նախազգուշացրել են, որ եթե գնան վարչապետի հետ հանդիպումներին, աշխատանքից ազատվելու են»: Նշել է, որ նման նախազգուշացումներ կատարողներն իրենք չեն աշխատելու գործարանում, իսկ նման սպառնալիք ստացած անձինք ոչ միայն վերականգնվելու են աշխատանքի, այլև ողջ աշխատավարձերը ստանալու են հենց նրանց հաշվին», - ներկայացրեց Բիշարյանը:

Դատախազության ներկայացուցիչները ծավալուն ելույթներ ունեցան, ապա ներկայացրին 1000 էջից բաղկացած փաստաթուղթ։ Սահմանադրական դատարանում քննարկում սկսվեց` պե՞տք է ներկայացված փաստաթղթերը գործի նյութ համարել: Կարծիքները կիսվեցին նաև այն հարցում, թե որ փուլում կողմերը պետք է հնարավորություն ստանան հարցեր ուղղել դատարանին։ Պարզվեց` դատավոր Հրայր Թովմասյանն անգամ դեմ է քվեարկել, որպեսզի դատախազությունը այս գործով որպես հարակից պատասխանող հանդես գա։

«Բացի ելույթից, մնացած մասը չհամարել գործի նյութեր, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ` ինձ համար այդ ամբողջ կից նյութերում չի լինելու որևէ բան, ինչպես նախօրոք ես ասել եմ, որը գործի ելքի համար նշանակություն ունեցող հանգամանք է լինելու», - ասաց դատավորը:

Հրայր Թովմասյանի և ՀՀԿ-ի մասնակցությամբ կազմված «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի կարծիքներն այս անգամ էլ համընկան: «Միջնորդում եմ դատարանին` չընդունել այդ նյութերը որպես այս գործի հետ առնչություն ունեցող նյութ: Ես կարծում եմ` այդ նյութերը ոչ մի դերակատարում մեր քննվող գործի հետ կապված չունեն», - ասաց Հարությունյանը:

Դատարանը մեկ՝ Հրայր Թովմասյանի առարկությամբ որոշեց ներկայացված փաստաթղթերը գործի նյութ դիտարկելու հարցի քննությունը հետաձգել, դրանց ծանոթանալուց հետո։ Հարակից մյուս պատասխանողներին լսելուց հետո անցան հարցերին։ Ընտրությունների արդունքերը վիճարկող «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դատախազության ներկայացուցչից հետարքրքրվեց. «Ուզում եմ հիմա հասկանալ, ամեն դեպքում պարոն Բիշարյանը քանի որ մանրակրկիտ նաև նկարագրում էր, թե մուրճն իրենից ինչ է ենթադրում և այլն, այդ դեպքում քանի որ դատախազությունը նման տեսակ մանրամասն վերլուծություն էր իրականացնում, եկեք, օրինակ հասկանանք` իսկ դրանց սաղին բռնելու եմ …, ի՞նչ է ենթադրում: Մուրճն օրենքի, իրավունքի դիկտատուրան էր, ոնց ասաց պարոն Բիշարյանը, բա այս արտահայտությունն ի՞նչ է»:

«Պարո՛ն Վարդևանյան, մենք այդ արտահայտություններից որևիցե մեկի բովանդակության դետալացման անհրաժեշտություն չունենք», - արձագանքեց դատախազության ներկայացուցիչը:

Ապա Վարդևանյանը հետաքրքրվեց` Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության տնօրինության կողմից աշխատակիցների վրա հարկադրանք կիրառելու մասով որևէ քրեական գործ կա՞: Բացասական պատասխան ստանալուց հետո Վարդևանյանը շարունակեց. «ԶՊՄԳ-ն հայտարարություն է արել` ես ձեզ զգուշացրել էի մի քանի անգամ, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերեք, դո՛ւք` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու, ինչ հայտարարեք, չհայտարարեք, ձեր հարցը լուծված է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին», - ներկայացրեց նա:

Ապա հնչեց պատասխան հարցը. «Ո՞րն էր այստեղ բռնության կոչը, դա եմ ուզում հասկանալ»:

Սահմանադրական դատարանը 4-րդ օրն է` քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը: Բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։ Բարձր դատարանը դատաքննությունը պետք է ավարտի մինչև այս ուրբաթ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG