Մատչելիության հղումներ

Ըստ Ավանեսյանի` օտարերկրացիներին անվճար պատվաստելը տուրիզմի համար լավ խթան է, ներդրում


Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասում է` դժվար թե պատվաստանյութի երկրորդ դեղաչափի խնդիր առաջանա Հայաստանում: Նշում է` ամեն ինչ անում են` աշնանը համավարակի սրացում չունենալու համար, հիմա քննարկվում են առաջարկները, որոնք կներկայացվեն կառավարություն, և ընդունվելու դեպքում այդ այսպես կոչված` սահմանափակումները կընդունվեն:

Ավանեսյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է: Անդրադառնում է մի շարք այլ հարցերի:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Առաջնահերթությունը ՀՀ քաղաքացիներն են, և որևէ մեկը պատվաստումից չպետք է զրկվի»

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի խոսքով` այն, որ օտարերկրացիները Հայաստանում անվճար են պատվաստվում, նաև մեծ խթան է տնտեսության զարգացման համար: Հարցին` իրանցիների համար ինչո՞ւ չեն վճարովի դարձնում պատվաստումները, դրա փոխարեն ՀՀ քաղաքացիների համար գնելու պատվաստանյութ, որպեսզի երկրորդ դեղաչափի ժամանակ դեֆիցիտի խնդիր չլինի, Ավանեսյանը պատասխանեց. «Մենք երբ նման սկզբունք որդեգրեցինք` հիմնված մարդասիրական սկզբունքների վրա, որ համավարակը չի ճանաչում ազգություն ու կարգավիճակ, իհարկե չէինք կարող կանխատեսել, որ նման լայն արձագանք կունենա մեր նման քայլը, ու հավելյալ տնտեսական էֆեկտ ունեցավ մեր կողմից որդեգրված քաղաքականությունը:

Ինչո՞ւ չենք դարձնում վճարովի, որովհետև այն ազդեցությունը, որ թողնում է տնտեսության վրա զբոսաշրջությունը, ոչ միայն իրանցիների, գալիս են, մնում են, ծախս են կատարում, նաև պատվաստվում են: Մենք գտնում ենք, որ այս պահին նախ մենք մեր քանակները պետք է վերահսկենք, բայց առաջնահերթությունը ՀՀ քաղաքացիներն են, և որևէ մեկը պատվաստումից չպետք է զրկվի»:

Ըստ Ավանեսյանի` դա տուրիզմի համար խթան է և շատ լավ խթան է, տնտեսության մեջ նաև մեծ ներդրում է:

Երկրորդ չափաբաժինների մասին

Օգտատերերը հետաքրքրվել էին` արդյոք կարող է երկրորդ չափաբաժինն ստանալու ժամանակ դեֆիցիտի խնդիր առաջանալ: Ի պատասխան նա նշեց, որ օրինակ` չինական «Կորոնավակ»-ի պարագայում տանում են հստակ հաշվետվությունը, և նրանք, ովքեր ստացել են առաջին դեղաչափը, հստակ նախատեսված են երկրորդ դեղաչափի հաշվարկի մեջ:

Ռուսական «Սպուտնիկ Վի»-ի պարագայում ևս հաշվարկները ի սկզբանե հստակ են, նույնը նաև բրիտանաշվեդական «ԱստրաԶենեկա»-ով պատվաստվածներին է վերաբերում: «Մենք ժամանակի ընթացքում համալրելով մեր պաշարներն ապահովենք հասանելիությունը, ես այս պահին գնահատում եմ, որ մենք դժվար թե որևէ խնդիր ունենանք»:

«Մենք ունենք նաև գործիքակազմ, որով կարող ենք սահմանափակումներ մտցնել»

Ըստ նախարարի` այն երկրները, որտեղ պատվաստվողներն ավելի շատ են, այնտեղ մուտացիայի շղթան կոտրվում է, դրա համար է կարևոր, որ պատվաստման գործընթացը կարճ ժամանակի ընթացքում իրականացվի:

«Պատվաստումը չենք պարտադրում, ունենք բավականին մեղմ քաղաքականություն պատվաստման: Այո, մենք ունենք նաև գործիքակազմ, որով կարող ենք սահմանափակումներ մտցնել այն անձանց համար, ովքեր հրաժարվում են պատվաստվելուց», - ասաց նախարարի պաշտոնակատարը` հավելելով, որ նման մեթոդների երկրները գնում են, երբ գործ ունեն հանրային վտանգավոր վարակի հետ:

«ԱստրաԶենեկա»-ի մասին` որևէ տարբերություն չի կարող լինել և չկա

Հարցին, թե ինչու է Հայաստանում պատվաստումն անվճար, իսկ կորոնավիրուսի թեստը` ոչ, Ավանեսյանը պատասխանեց. «Երբ անձին ցուցված է թեստավորումը, Հայաստանում ևս թեստավորումը անվճար է իրականացվում, սակայն պետության հոգածության բեռը չպիտի լինի, եթե անձը թեստ է հանձնում օրինակ` ճամփորդության մեկնելու համար»:

Համացանցում շրջանառված տեղեկությանը, թե ԵՄ-ում «ԱստրաԶենեկա»-ի այլ տեսակ է կիրառվում, ՀՀ-ում` այլ, և այդ պատճառով դրանով պատվաստվածներին հնարավորություն չի տրվում ճամփորդել Միության տարածք, առողջապահական գերատեսչության ղեկավարն արձագանքեց. «Որևէ տարբերություն չի կարող լինել և չկա, ԵՄ-ն նախնական հավանություն է տվել, որ Հայաստանը, լինելով կանաչ գոտու երկիր, և այն քաղաքացիները, ովքեր կունենան իրենց մոտ ճանաչված պատվաստանյութով հավաստագիր, հնարավորություն կունենան դիմելու վիզաների»:

Ամեն ինչ պետք է անել, որ բարվոք վիճակը պահպանվի. Ավանեսյան

Մեկ այլ օգտատեր հետաքրքրվել էր, թե արդյոք պատվաստումների նման ցածր մակարդակը չի կարող հանգեցնել նրան, որ աշնանը Հայաստանում լինի համավարակի սրացման ևս մեկ ալիք: Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց. «Իհարկե ուսումնական տարվա մեկնարկը մեծ մարտահրավեր է լինելու, և մենք այդ պատճառով էլ այս պահին մշակում ենք որոշակի հավելյալ պահանջների փաթեթ, որը կներկայացնենք կառավարության դատին ու հավանության դեպքում օնլայն դասընթացներ, եթե չեն պատվաստում ուսուցիչները... նման բարվոք իրավիճակը պետք է ամեն ինչ անենք, որ պահպանվի»:

«Ամեն մեկս որոշակի քայլ պիտի կատարենք ընդհանուր իրավիճակը բարենպաստ պահելու և մահեր չունենալու համար»

Դիտարկմանը, թե այս դեպքում արդյոք չե՞ն խախտվում ուսուցիչների իրավունքները, նրանց, ովքեր չեն ցանկանում պատվաստվել, նախարարի պաշտոնակատարն այսպես պատասխանեց. «Իսկ արդյոք չե՞ն տուժում մյուս ուսուցիչները, աշակերտի հետ նույն տանն ապրող տատիկ-պապիկները չե՞ն տուժում, երբ վարակը երեխան տուն է բերում: Հանրային պատասխանատվության շատ կարևոր հարց ունենք մենք այսօր, բոլորս պիտի հասկանանք` ամեն մեկս որոշակի քայլ պիտի կատարենք ընդհանուր իրավիճակը բարենպաստ պահելու և մահեր չունենալու համար, սա որևէ մեկի քմահաճույքը չի»:

Անահիտ Ավանեսյանը նաև ասաց, որ պետք չէ մտավախություն ունենալ, թե շոգի պայմաններում պատվաստանյութերի որակը կարող է վատանալ, դրանք պահպանվում են հատուկ սառցային խցիկների մեջ, իսկ շարժական կետերը համընդհանուր օգտագործվում են նաև այլ երկրներում:

Ստիպում են պատվաստվե՞լ. Ավանեսյանի մեկնաբանությունը

Ինչ վերաբերում է ահազանգերին, որ տարբեր գերատեսչություններում ստիպում են, որ պատվաստվեն, նախարարի ԺՊ-ն ասաց` նման բողոք չի ստացել, հակառակը` իրենք տարբեր կազմակերպություններից ստանում են պատվաստվել ցանկացողների խմբերի մասին հայտարարություններ, դա ապահովում են:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG