Մատչելիության հղումներ

Իրանցիները գիշերում են Երևանի կենտրոնում՝ պատվաստվելու հերթը պահելու համար


Լուսանկարը` Ֆեյսբուք սոցիալական ցանցից

Իրանցիները գիշերում են Երևանի կենտրոնում՝ պատվաստվելու իրենց հերթը պահելու համար։ Արդեն առավոտից շրջիկ պատվաստումային կայանի մոտ մի քանի հարյուր հոգուց բաղկացած հերթեր էին։

Նախորդ օրերի համեմատ հերթում սպասողների թիվը կրկին մեծ էր, բայց տեսանելի փոփոխություն կար։ Եթե նախորդ օրերին հերթը խախտելու պատճառով պարբերաբար վիճաբանություններ էին լինում, ապա այսօր հերթը կազմակերպված էր։ Պատճառներից մեկն էլ, ըստ երևույթին, տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանների մեծ թիվն էր, այստեղ էին նաև կարմիր բերետավորները։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ ոստիկանները ըստ իրավիճակի են որոշում կայացնում, թե քանի ոստիկան պետք է տեղում պաշտպանի հասարակական կարգը, իսկ իրանցիների հետ կապված վերջին օրերին որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել։

Հերթում սպասող իրանցիների մեծ մասը խուսափում էր տեսախցիկի առաջ խոսել, բայց կային նաև համարձակները։ Տիկին Շոհրեն, օրինակ, խոսեց իր հիասթափության մասին. «Հայաստանի կառավարությունը խոստացել էր, որ զբոսաշրջիկները կարող են այստեղ պատվաստվել։ Եկել եմ ու կանգնել խնդրի առաջ, օրական ընդամենը 50 հոգու են պատվաստում, ես չգիտեմ, թե երբ իմ հերթը կհասնի: Մեզ ցուցակագրել են, և ես ցուցակում 400-րդն եմ։ Ես սրտի խնդիր ունեմ, և ինձ համար կորոնավիրուսը կարող է մահացու լինել, կփորձեմ այս գիշեր ես էլ մնալ այստեղ, տեսնեմ` այդպես գոնե հերթս կհասնի՞»։

Տեղում գիշերելու մասին շատերն էին մտածում, բայց ասում են` մեկ գիշերով հարցը չի լուծվում։ 30-ամյա Փուրիան արդեն 2 օր է` Հյուսիսային պողոտայում է գիշերում, այսօր արդեն հույս կար, որ հերթը կհասնի։ 20-րդն է ցուցակում, բայց մինչև չպատվաստվի, չի կարող հանգիստ շունչ քաշել, մտավախություններ ունի. «Եթե ես այսօր չպատվաստվեմ, ուրեմն առջևում հերթը փոխում են, գումար են տալիս և հերթը առաջ են գցում։ Մենք 6 հոգով ենք եկել այստեղ, բայց չենք կարողանում ոչ մի տեղ գնալ, ուզում էինք Սևան գնալ, գնումներ անել խանութներում, բայց ինչ եկել ենք, այստեղ հերթի մեջ ենք»։

Թե քանի օտարերկրացի է արդեն պատվաստվել, տեղում աշխատող բժշկական խումբը չկարողացավ հստակ թվեր ասել, միայն նշեցին, որ ավելի շատ զբոսաշրջիկներին են պատվաստել, քան հայաստանցիներին, իսկ գումարի դիմաց հերթը առաջ գցելու մասին շրջանառվող լուրերը ուղղակի հերքեցին։

Տեղում իրավիճակին ծանոթանալու համար նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էր եկել։ Շրջիկ կայանների մոտ իրանցիների անընդհատ մեծացող հերթերը Անահիտ Ավանեսյանը այսպես մեկնաբանեց. «Ցույց է տալիս, թե ինչքան ցանկալի և կարևոր միջոցառում է պատվաստումը, և մեր նաև օտարերկրացի, այլ երկրներից ժամանած քաղաքացիները, դիտարկելով իրավիճակը իրենց երկրներում, քովիդով վնասները, թե ինչպիսի վտանգներ է սպառնում կյանքին, առողջությանը, նման ձևով գալիս են Հայաստան` պատվաստվելու»:

Ինչ վերաբերում է քննադատությանը, թե աշխարհում պատվաստումային դեֆիցիտի պայմաններում, դժվարությամբ ձեռք բերված պատվաստանյութով այլ երկրների քաղաքացիներն ենք պատվաստում՝ դա կապելով տուրիզմի զարգացման հետ, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ իրենք տուրիզմը զարգացնելու նպատակ չեն ունեցել, ցանկանում են համարժեք պատասխան տալ հանրային վտանգավոր հիվանդությանը և Հայաստանում գտնվող քաղաքացիներին, այդ թվում` զբոսաշրջիկներին, հասանելի դարձնել պատվաստումները, ինչպես արել են քովիդի բուժման դեպքում։

«Վերջին 20 օրերի ընթացքում մենք կտրուկ ավելացում ենք ունեցել օրական պատվաստումների շրջանակներում, ես ասում եմ այն թվերը, որը վերաբերել է մեր քաղաքացիներին և հակառակը` վերջին 20 օրերի ընթացքում մեր կողմից կիրառված սահմանափակումները հակառակը՝ նվազեցրել են օտարերկրյա քաղաքացիների համամասնությւոնը ընդհանուր թվերի մեջ», - նշեց Ավանեսյանը։

Համաձայն նոր սահմանափակումների` զբոսաշրջիկները պատվաստվել կարող են միայն շրջիկ կայաններում՝ այն էլ յուրաքանչյուր շրջիկ կայան օրական կարող է պատվաստել ոչ ավելի, քան 50 օտարերկրացու։ Մեկ այլ նոր որոշման համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, իսկ հուլիսի 15-ից էլ պարտադիր կդառնա Հայաստանում 10 օր կացությունը պատվաստվելու համար։

Հայաստանում մինչ օրս պատվաստվել է 111 հազար 893 մարդ կամ 3.85 տոկոսը, այս թվի մեջ նաև օտարերկրացիներն են, քանի որ առանձին վիճակագրություն չի վարվում։ Պատվաստումների ցուցանիշը մեծացնելու համար քայլեր արվում են, վստահեցրեց Ավանեսյանը. «Քաղաքականությւոնը մշակվում է, և տարբեր երկրներում էլ կիրառվում են տարբեր չափերի գործիքակազմեր՝ սահմանափակումներ մտցնելու, տարբեր ծառայություններից օգտվելու որպես նախապայման, և մենք ևս դիտարկում ենք, փաթեթը մշակվում է, առաջիկա երևի 10 օրվա ընթացքում կներկայացվի տարբեր գերատեսչությունների, կշրջանառվի, և արդյունքում կձևավորվի վերջնական նախագիծ»:

Հայ-իրանական սահմանին մեծ հերթեր են, ֆեյսբուքյան օգտատերերը պարբերաբար տեսանյութեր են տարածում։ Հարցին՝ չկա՞ արդյոք վտանգ, որ Իրանի քաղաքացիները կարող են քովիդի նոր՝ շատ ավելի արագ տարածվող ու ավելի վտանգավոր «դելտա» շտամը Հայաստան բերել, նախարարի պաշտոնակատարը միայն ասաց, որ բոլորը սահմանը հատում են քովիդի բացասական թեստով, ինչը կիրառվող ամենագործուն մեխանիզմն է։

XS
SM
MD
LG