Մատչելիության հղումներ

Կարանտինը Հայաստանում կերկարացվի ևս վեց ամսով. Անահիտ Ավանեսյան


Առողջապահության նախարարի պաշտոնական Անահիտ Ավանեսյան

Հայաստանում ևս 6 ամսով կերկարացվի կարանտինը. այսօրվա ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Մինչև սեպտեմբեր սահմանափակումների նոր փաթեթ կներկայացվի կառավարություն։ Դպրոցներում և բուհերում դասերը կարունակվեն օնլայն ձևաչափով, եթե ուսուցիչներն ու դասախոսները պատվաստված չլինեն։ Իսկ եթե սպասարկման ոլորտի աշխատակիցները պատվաստած չլինեն, ստիպված կլինեն անընդհատ ՊՇՌ թեստի արդյունքները ներկայացնել։

«Մեր ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը պիտի ակտիվ կերպով այս գործընթացին մասնակից դառնան, որ մենք չունենանք սեպտեմբերին այդ պայմանի շարունակությունը։ Սա ևս սահմանափակումներից մեկը կարող է հանդիսանալ, որ դասերը կլինեն օնլայն՝ եթե պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չէ։ Սա ազգային անվտանգության հարց է, և նման խիստ կարևորագույն հարցին պետք է համարժեք գործիքակազմ կիրառվի՝ կանխելու, զսպելու համավարակի տարածումը»։

Հայաստանն աշնանը ձեռք կբերի մեկ ներարկմամբ կիրառվող ամերիկյան Johnson & Johnson-ի 50 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Ըստ Ավանեսյանի, 300 հազար դեղաչափ էլ Novavax-ի արտադրության պատվաստանյութ կներկրվի։ Ամերիկյան այս պատվսատանյութն էլ երկանգամյա ներարկումով է արվում:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք Pfizer, Moderna պատվաստանյութերը «Կովաքս» հարթակի միջոցով կլինեն Հայաստանում, Ավանեսյանը ասաց, թե Pfizer-ի հնարավորությունը եղել է, բայց քանի որ Հայաստանն այդ պահին չուներ պատվաստանյութի պահպանման համար անհրաժեշտ սառցե շթղան՝ ցածր ջերմաստիճանով սառնարաններ, հնարավորությունը երկիրը բաց թողեց։

Այժմ, ըստ Ավանեսյանի, պետության ու դոնոր կազմակերպության շնորհիվ այդ հարցը լուծվում է։ Երկրորդ հնարավորության դեպքում ՀՀ-ն ձեռք կբերի պ Pfizer-ը. - «Հայաստանը ինքնաֆինանսավորվող երկրների շարքին է դասվում։ Եվ մենք «Կովաքս» հարթակի շրջանակներում ոչ թե նվեր ենք ստանում, այլ ինքներս ենք ձեռք բերում դեղաչափերը։ Այս երկրների շարքի համար Moderna-ն դեռ բացված չէ «Կովաքս» հարթակի շրջանակներում, իսկ Pfizer-ը հաջորդական պատուհանեի դեպքում մենք արդեն պատրաստ կլինենք նաև դրան համաձայնելու»։

Երեկվա տվյալներով, պատվաստվել է Հայաստանի բնակչության 3,5 տոկոսը։ Առողջապահության նախարարության տվյալներով, պատվաստումների առումով ամենաակտիվը Երևանն է, հետո Լոռին ու Շիրակը, ամենապասիվը Տավուշի մարզն է։

Ավելի ակտիվ կանայք են պատվաստվում։ Իսկ թե ընդհանուր պատվաստվածների թվում քանի տոկոս են կազմում օտարերկացիները, նախարարի պաշտոնակատարը չհստակեցրեց, միայն ասաց՝ շատ քիչ։

Նախարարության որոշմամբ, այսուհետև ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով և միայն Երևանում գործող շարժական պատվաստումային կետերում՝ եթե Հայաստանում գտնվելու են առնվազն 10 օր։

Ըստ Ավանեսյանի, Հայաստանը մարդասիրական աջակցության կողմնակից է, բայց նախապատվությունը կտա նախ ՀՀ քաղաքացիներին. - «Ակնկալում ենք մեր քաղաքացիների, ովքեր որ ապրում են իրենց երկրներում, նույնանման վերաբերմունք, և Հայաստանը ոչ միայն ընդունում է մարդասիրական քայլեր, այլև ինքը հանդիսանում է նման մարդասիրության կրողը»։

Հյուսիսային պողոտայի շարժական կայանում անվճար պատվաստվողների մեծ հերթ էր գոյացել, հիմնականում իրանցիներ էին։ Հարցազրույցից չհրաժարվեցին միայն երկուսը, մյուսները խնդրեցին չնկարահանել իրենց ու հրաժարվեցին խոսել։

«Ազատության» հետ զրույցում իրանցի մի քանի երիտասարդներ ասացին, որ իրենց երկրում նախ տարեցներին են անվճար պատվաստում, հետո երիտասարդներին։ Այս տեղեկությունը հաստատեցին նաև Հայաստանում Իրանի դեսպանատնից։

Չնկարահանվելու պայմանով, պատվաստման հերթում կանգնած իրանցիներն ասացին, թե շաբաթներ է տևում մինչև հերթը հասնում է երիտասարդներին, իսկ վիրուսը կայծակնային արագությամբ է տարածվում, հետևաբար գերադասում են գալ ու այստեղ անվճար պատվաստվել։

«Մեր երկրում, իմ կարծիքով, չունենք ընդունելի լավ պատվաստանյութեր, դրա համար որոշեցինք գալ Հայաստան ու այստեղ պատվաստվել», - ասաց իրանցի մի երիտասարդ կին:

Հունիսի 8-ի դրությամբ, Հայաստանում 103 հազար 317 պատվաստում է արվել, առաջին տեղում բրիտանա-շվեդական AstraZeneca-ն է, երկրորդ տեղում՝ չինական Coronavac-ը, իսկ երրորդ տեղում՝ Sputnik V-ն։

Հայաստանում քովիդից մահացածների ընդհանուր թիվն արդեն հասել է 4 հազար 540-ի, ևս 1105 վարակակիր մահացել է այլ պատճառներով:

XS
SM
MD
LG