Մատչելիության հղումներ

Բրիտանիայում հուլիսի 19-ից հակահամաճարակային սահմանափակումները վերացնելու պլաններն ուժի մեջ են


Միացյալ Թագավորություն - Կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժական կետ Լոնդոնում, արխիվ

Կորոնավիրուսի համաճարակն ավարտված չէ, և բնականոն կյանքին վերադառնալու համար հարկավոր է սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել, մասնավորապես՝ մարդաշատ վայրերում դիմակ կրել: Այս խոսքերով Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է երկրի բնակիչներին, հայտարարելով, որ հուլիսի 19-ից սահմանափակումները վերացնելու պլաններն ուժի մեջ են՝ բնակչության պատվաստման արագ տեմպերով պայմանավորված:

Ֆրանսիայում նախագահ Էմանյուել Մակրոնն է դիմել բնակչությանը՝ հայտարարելով, որ սեպտեմբերի 15-ից բժշկական անձնակազմի, ծերանոցներում և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հաստատություններում աշխատողների համար պատվաստումը պարտադիր կլինի: Օրինագիծը կուղարկվի խորհրդարան՝ հաստատման:

Ըստ Մակրոնի, ընդլայնվում է պատվաստումների և թեստերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող առողջության անձնագրի օգտագործումը: Հուլիսի 21-ից միայն այս փաստաթղթով հնարավոր կլինեն 50-ից ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումները: Օգոստոսի սկզբից առանց դրա չի թույլատրվի մուտք գործել ռեստորաններ, բարեր և առևտրի կենտրոններ, ինչպես նաև գնացքներ և ինքնաթիռներ, որոնք երկար երթուղիներ ունեն:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նույնպես հայտարարել է բուժաշխատողների և ծերանոցներում աշխատողների պարտադիր պատվաստման մասին, համոզմունք հայտնելով, որ այդկերպ կկանխվի վիրուսի տարածումը: Հունաստանի կառավարության ղեկավարը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին աջակցել այս որոշմանը:

Միցոտակիսը նաև տեղեկացրել է, որ ուրբաթ օրվանից մինչև ամառվա վերջ բոլոր փակ տարածքները, գիշերային ակումբներն ու բարերը, կինոթատրոնները և թատրոնները կաշխատեն բացառապես պատվաստվածների համար: Հնարավոր այցելուների թիվը նախապես կսահմանվի:

XS
SM
MD
LG