Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն դատապարտվեց 14 տարվա ազատազրկման


Բելառուս - Վիկտոր Բաբարիկոն դատարանի դահլիճում, Մինսկ, 6-ը հուլիսի, 2021թ.

Բելառուսի Գերագույն դատարանը նախագահի նախկին թեկնածու, ռուսական ընկերության թոփ մենեջեր Վիկտոր Բաբարիկոյին դատապարտել է 14 տարվա ազատազրկման ուժեղացված ռեժիմի գաղութում: Քանի որ դատավճիռը կայացրել Է Գերագույն դատարանը, այն բողոքարկման ենթակա չէ։ Դատարանը Բաբարիկոյին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներն օրինականացնելու մեջ:

Դատավճռի հրապարակման կապակցությամբ դատարան էին եկել տասնյակ մարդիկ, հերթ էր գոյացել։ Դատարանի շենք ժամանածների թվում էին նաև Ավստրիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանները, Եվրամիության ներկայացուցիչները:

Հունիսի 28-ի իր վերջին խոսքում Վիկտոր Բաբարիկոն ասել էր, որ ոչ մի անօրինական գործողություն չի կատարել: Նա կրկին ընդգծել էր, որ սա քաղաքական հետապնդում է և վրեժխնդրություն Բելառուսի նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկության համար:

Բաբարիկոյի հետ միասին դատվել են «Բելգազպրոմբանկ»-ի ևս մի քանի թոփ մենեջերներ: Նրանք 3-ից մինչև 6 տարվա ազատազրկման են դատապարտվել։

Amnesty International-ը Վիկտոր Բաբարիկոյին և գործով անցնող մյուս մեղադրյալներին ճանաչել է խղճի բանտարկյալներ: Բաբարիկոն միակն է, ով չի ընդունել կոռուպցիայի և փողերի լվացման մեղքը։ Մյուս ֆիգուրանտները՝ Բաբարիկոյի նախկին ենթակաները, գործարքի են գնացել հետաքննության հետ։ «Չնայած նրան, որ, հավանաբար, նյութական օգուտների տեսանկյունից ավելի ճիշտ կլիներ, որ ես ինձ մեղավոր ճանաչեմ, ես չեմ կարող խոստովանել այն հանցագործությունները, որոնք չեմ կատարել», - ասել է նա հունիսի 28-ին դատարանում:

Բաբարիկոյին և նրա թիմին մեղադրել են լատվիական բանկերում ունեցած հաշիվներին 430 մլն դոլար դուրս բերելու մեջ։ Սա մեղադրանքի հիմնական կետն է։

Վիկտոր Բաբարիկոն Բելառուսում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ: Բոլոր 20 տարիների ընթացքում, որ նա ղեկավարում էր «Բելգազպրոմբանկ»-ի վարչությունը, բանկը զգալի գումարներ է նվիրաբերել, մասնավորապես, հիվանդ երեխաների բուժման համար:

Բաբարիկոն ձերբակալվել էր 2020 թվականի հունիսին՝ նախագահի թեկնածու առաջադրվելուց մեկ ամիս անց։ Բելառուսի անկախ լրատվամիջոցներն այն ժամանակ հարցումներ էին անցկացրել և կանխատեսել նրա վստահ հաղթանակը առաջին փուլում: Ի դեպ, մինչև Բաբարիկոյի ձերբակալությունը վերլուծաբանները համարում էին, որ նա այդ ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի նաև այն պատճառով, որ լինելով ռուսական ընկերության թոփ մենեջեր՝ համարվում էր Կրեմլի թեկնածուն։

Ձերբակալությունից հետո Բաբարիկոն իր կողմնակիցներին կոչ էր արել նախագահական ընտրություններին իրենց ձայները տալ Սվետլանա Տիխանովսկայային, ով ընտրություններից հետո ստիպված է եղել թողնել Բելառուսը։

Ընտրություններից հետո Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթող էր ճանաչել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, և երկրում սկսվել էին հուժկու բողոքի ակցիաներ, Լուկաշենկոն իր իշխանությունը կարողացավ պահպանել միայն բիրտ ուժ կիրառելու և Կրեմլի աջակցության շնորհիվ։ Իսկ ընտրություններից անմիջապես հետո Մոսկվան ու Մինսկը նորից սկսեցին խոսել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին, սակայն ընտրություններից գրեթե մեկ տարի անց այս հարցում գործնականում լուրջ առաջխաղացում չի արձանագրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG