Մատչելիության հղումներ

Աննախադեպ մարդաշատ հավաք Մինսկում՝ ի պաշտպանություն Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածուի


Բելառուս - Մինսկի հանրահավաք-համերգը՝ ի պաշտպանություն նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի, 30-ը հուլիսի, 2020թ.

Բելառուսում նախընտրական շրջան է: Երեկ ընդդիմադիրներն աննախադեպ մարդաշատ հավաք են անցկացրել Մինսկում, երկու օր առաջ իշխանությունները ձերբակալել են «Վագներ»մասնավոր բանակի 33 վարձկանների և հայտարարել, թե երրորդ ուժերն ուզում են ապակայունացնել իրավիճակը երկրում: Մոսկվան հայտարարում է, որ չի միջամտում Բելառուսի ներքին գործերին, և ձերբակալված ռուսաստանցիներն ընդամենը ուշացել էին իրենց չվերթից ու պետք է թռչեին Ստամբուլ։

Աննախադեպ մարդաշատ հավաք՝ ի պաշտպանություն ընդդիմադիր թեկնածուի

Մինսկում երեկ երեկոյան տեղի է ունեցել հանրահավաք-համերգ՝ ի պաշտպանություն Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի:

Ակցիան համաձայնեցված էր իշխանությունների հետ: «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ ցույցի անցակետով անցել է ավելի քան 60 հազար մարդ: Դիտորդները նկատում են, որ սա ամենամեծ բողոքի ակցիաներից էր Բելառուսում երկրի անկախացումից ի վեր:

Երեկ իր ելույթի ժամանակ Տիխանովսկայան հայտարարել է, որ բելառուսցիները ցանկանում են կառավարության խաղաղ փոփոխություն: «Ձեր խղճի դեմ մի գնացեք, ձեր ժողովրդի դեմ մի գնացեք», - իշխանություններին դիմել է ընդդիմադիր թեկնածուն:

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Մինսկի հանրահավաքի ժամանակ, 30-ը հուլիսի, 2020թ.
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Մինսկի հանրահավաքի ժամանակ, 30-ը հուլիսի, 2020թ.

Տիխանովսկայան խոստացել է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել 1994 թվականի Սահմանադրությանը վերադառնալու հարցով: Այն նախատեսում էր նախագահական ժամկետների սահմանափակում։

Թեկնածուն նաև վստահեցրել է, որ ընտրվելուց հետո վեց ամսվա ընթացքում կանցկացնի նախագահական նոր ընտրություններ, ինչպես նաև ազատ կարձակի բոլոր քաղբանտարկյալներին:

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին:

Ալեքսանդր Լուկաշենկոն, ով երկիրը ղեկավարում է 1994 թվականից, ընտրություններին մասնակցում է արդեն վեցերորդ անգամ անընդմեջ:

Նախընտրական քարոզարշավը նշանավորվել է Լուկաշենկոյի հակառակորդների փողոցային հավաքներով: Բողոքի ակցիաները սկսվելուց ի վեր ձերբակալվել և կալանավորվել է ավելի քան 700 մարդ:

Գործող նախագահի հիմնական մրցակիցներից մեկը՝ չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոն, ով համարվում է Մոսկվայի թեկնածու, կալանավորված է՝ նրան մեղադրում են տնտեսական հանցագործությունների մեջ: Լուկաշենկոն խոստովանել է, որ նախկին բանկիրի հետապնդումները սկսվել են իր նախաձեռնությամբ:

Մեկ այլ չգրանցված թեկնածու՝ Վալերի Ցեպկալոն, զավակների հետ լքել է Բելառուսը՝ հայտարարելով, թե իշխանություններն ուզում էին իրենc ձերբակալել:

Բաբարիկոյի և Ցեպկալոյի շտաբները միավորվել են Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի հետ:

Հիշեցնենք՝ հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահները ձերբակալել են ռուսաստանյան «Վագներ» մասնավոր բանակի երեք տասնյակից ավելի վարձկանների և հայտարարել, որ նրանք Բելառուս են եկել հեղափոխություն անելու համար:

Մինսկում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցևը երեկ նախ հայտարարել էր, որ ձերբակալված ռուսաստանցիներն ունեին Բելառուսի տարածքում աշխատելու իրավունք, ավելի ուշ էլ ասել է, թե նրանք ուղևորվում էին Ստամբուլ՝ այնտեղ մասնավոր ընկերության անվտանգության ծառայությունում աշխատելու համար, և ուշացել էին իրենց չվերթից:

Երեկվա աննախադեպ մարդաշատ հավաքին Տիխանովսկայան, անդադառնալով «Վագներ»-ի վարձկանների ձերբակալությանը, հայտարարել է. - «Ոչ ոք չի հավատա, որ այդ գրոհայինները Բելառուս էին եկել հեղափոխություն անելու: Աստված իմ, մեզ գրոհայիններ պետք չեն, ի՞նչ հեղափոխություն, մենք խաղաղ մարդիկ ենք, ուզում ենք արդար ընտրություններ և խաղաղ իշխանափոխություն ընտրությունների արդյունքում»:

«Ռուսաստանը չի միջամտում Բելառուսի ներքին գործերին»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ըստ էության հաստատել է դեսպանի խոսքերը՝ասելով . - «Այժմ մենք արդեն մեծ վստահությամբ կարող ենք ասել, որ այդ ռուսաստանցիները <...> ժամանել էին Բելառուս, բայց պետք է մեկ այլ երկիր մեկնեին, Բելառուսում նրանց գտնվելը ոչ մի կապ չունի Բելառուսի կամ բելառուսական գործերի հետ։ <...> Նրանք ոչ մի հակաօրինական բան չեն ունեցել իրենց մոտ և ոչ մի հակաօրինական գործողություն չեն իրականացրել»: Պեսկովը հավելել է, որ ձերբակալվածները դեպի Ստամբուլ տոմսեր են ունեցել:

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի միջամտում Բելառուսի ներքին գործերին։

Պեսկովը հայտնել է, որ Պուտինը ռուսաստանցիների ձերբակալությունը Բելառուսում քննարկել է այս հարցով կայացած Անվտանգության խորհրդի նիստին։ Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի անդամները համարում են, որ ռուսաստանցիներին առանց որևէ հիմքի են ձերբակալել, և հույս են հայտնել, որ նրանց շուտով ազատ կարձակեն։

Փորձագետներից շատերի համար «Վագներ»-ի վարձկանների ձերբակալությունը տրամաբանական չէ, և Մոսկվան այսօր Լուկաշենկոյից ազատվելու խնդիր չի դնում, քանի որ հակառակ դեպքում Ռուսաստանի եվրոպական միակ դաշնակից երկրում մեծ հավանականությամբ իշխանության կգան արևմտամետ, հակառուսական ուժերը։

XS
SM
MD
LG