Մատչելիության հղումներ

Դրամը կայունանում է, գործոնները մի քանիսն են


Վերջին օրերին հայաստանյան բանկերում ամերիկյան դոլար կարելի է ձեռք բերել 500 դրամից էլ քիչ գումարով. ամիսներ շարունակ տևած վայրիվերումներից հետո դրամը կայունանում է։

Դոլարի փոխարժեքի նվազման՝ դրամի արժևորման միտումը նկատվում էր արդեն ապրիլ ամսից։

Ի՞նչը նպաստեց դրամի արժևորմանը. տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մի քանի գործոններ է առանձնացնում: Նա ընդգծում է՝ դրամի արժեզրկման հիմնական պատճառը հանրության շրջանում առկա բացասական սպասումներն էին:

Տնտեսագետի գնահատմամբ` այսօր արդեն ապագայի նկատմամբ վախն ու սարսափը չկա. «Բայց սրան գումարվեցին մի շարք դրական տնտեսական գործոններ, մասնավորապես արտահանման աճի տեմպերի ավելի բարձր աճի տեմպերը ներմուծման նկատմամբ` 120 տոկոս արտահանման աճ ունենք այս 5 ամիսների ընթացքում, մինչդեռ ներմուծումը ընդամենը 6.7: Տնտեսության մեջ ընդհանուր դրական դինամիկան, իհարկե չէիր ընդունի այն ամպագոռգոռ հայտարարությունները երկնիշ տնտեսական աճի մասին: Մենք գործ ունենք վերականգնողական աճի հետ, դեռ վերականգնվում է նախորդ` 19 թվականի մակարդակը, փոքր-ինչ այո, դրական բաներ կան, բայց դա զարգացում չի»:

Դրամն արժեզրկվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Տնտեսագետները բացատրեցին՝ քաղաքացիներն իրենց խնայողությունները արտարժույթի՝ մասնավորապես դոլարի էին վերածում, ինչն էլ հանգեցրել էր դրամի արժեզրկմանը։

«Հիմա կարծես արդեն կայունացել է: Կարելի է ենթադրել, որ հասել են մի մակարդակի, որը միառժամանակ կպահպանվի: Իհարկե, դա պայմանավորված է լինելու այն գործոններով, որոնք և պայմանավորեցին այս երևույթը», - ասում է ԿԲ նախկին նախագահը:

Դրամի արժևորմանը Բագրատ Ասատրյանի խոսքով` նպաստել է նաև արտարժույթի ներհոսքը Հայաստան. «Մասնավոր տրանսֆերտների հոսքի ավելացումը, ունենք 4 ամիսների արդյունքը, կարծես 5-րդ ամիսն է արդեն նշմարվում, շուրջ 30 տոկոս աճ ունենք մասնավոր տրանսֆերտների հոսք: Մյուս գործոնը արտարժութի ներհոսքը տարբեր գործոններով պայմանավորված, այստեղ, իհարկե, կարևորը արտաքին պարտքի մակարդակի ծավալների ավելացումն է: Բայց տեսեք` արտարժույթային հաշվեկշռի տեսանկյունից արտարժույթի մեծ ներհոսք է եղել, մոտավորապես 750 միլիոն միայն մեկ գործարքից: Ուզում եմ հիշեցնել դա եվրոբոնդերի թողարկումից»:

Նախորդ տարեվերջից հայաստանցիների գրապաններին գնաճը հարվածեց, թանկացան առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները: Գնաճի այս միտումը շարունակվում է մինչ օրս։

Բագրատ Ասատրյանի խոսքով՝ դրամի կայունացումը կազդի գնաճի տեմպերի վրա, սակայն մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ. «Նախ որոշակի ժամանակային հատված է պետք, երկու-երեք ամիս հետո: Տեսեք` սա կարող է ներմուծվող ապրանքների գների վրա իր ազդեցությունը թողել, բայց մեծ, էական տատանում պետք չի ունենալ այստեղ, և այդ ավանդականը կա, երբ որ գները պետք է բարձրանան, անմիջապես բարձրանում են` հենա փոխարժեքով պայմանավորված, բայց երբ որ պետք է նվազեն, շատ երկար կարող է սպասենք ու այդպես էլ չտեսնենք, որովհետև գնային նոր համամասնությունները շուկայում ձևավորվեն: Եվ դրա համար իսկապես շատ մեծ ժամանակ է պետք, որ այս համամասնությունը վերափոխվեն հօգուտ գների նվազեցմանը»:

Այս ամիս Կենտրոնական բանկը որոշեց 0.5 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.5։ Դրամավարկային այս գործիքը կիրառվում է գնաճի տեմպերը վերահսկելու համար։

XS
SM
MD
LG