Մատչելիության հղումներ

Ապրիլի հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ, ինչը պատմական ռեկորդ է Հայաստանի համար, նշում է Փաշինյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ, ինչը մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ճիշտ է, էստեղ կա մի փոքր, կոպիտ ասած, խորամանկություն՝ այն առումով, որ հիշում եք, որ անցյալ տարի մենք, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հետաձգեցինք, ավելի ճիշտ՝ կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել նախորդ տարի, և այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումներ վրա, ինչը ոչ թե վատ է իրականում, այլ՝ լավ, որովհետև, ըստ էության, արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը, և դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի էն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, այսինքն, ըստ էության, իրենից օտարեր, մնա շրջանառության մեջ և օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել», - ասաց Կառավարության ղեկավարը։

Նա նաև հիշեցրեց, որ բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 22 միլիարդ դրամով։ «Եվ ես հույս ունեմ, որ այս տեմպը մենք կկարողանանք ոչ միայն պահպանել, այլև՝ ավելացնել», - նշեց Փաշինյանը։

Հաջորդ շատ կարևոր ցուցանիշը, ըստ Կառավարության ղեկավարի, այն է, որ «ապրիլի դրությամբ մենք, բիզնեսին հարկերի վերադարձման գծով, ունենք պարտքերի պատմական մինիմում»: «Այսինքն՝ ապրիլ ամսվա արդյունքներով պարտքը կազմել է 67.4 մլրդ դրամ, ընդ որում՝ մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը: 2020 թվականի օգոստոսին պարտքը եղել է էլի պատմական մինիմում՝ 69.4 մլրդ դրամ», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ ճշտելով, որ 2018 թվականի դրությամբ պարտքը բիզնեսին կազմել է 276 մլրդ դրամ, Փաշինյանն ասաց․ - «Երեք տարվա ընթացքում մենք 200 մլրդ դրամի չափով գումար վերադարձրել ենք բիզնեսին: Ուզում եմ հիշեցնել, որ այս գործընթացի հանգրվանները հետևյալն են. նախ, օրենսդրական կարգավորումներ իրականացրեցինք և ավելացված արժեքի հարկի ցիկլը 6 ամսից դարձրեցինք 3 ամիս, և վերջերս էլ 3 ամսից դարձրեցինք 1 ամիս, ինչը 2018 թվականի մեր տված խոստումների շրջանակում էր: Բայց կար պարտքի որոշակի դրամագլուխ՝ մոտավորապես 50 մլրդ դրամի չափով, որը, ըստ էության, կարգավորված չէր, և 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման արդյունքներով մենք մոտավորապես 50 մլրդ դրամին մոտ գումար վերադարձրեցինք բիզնեսին: Սրանք այն գումարներն էին, որոնք կուտակվել էին շատ երկար ժամանակներում, և որոնց վերադարձի հույս որևէ մեկը չուներ»:

Կառավարության ղեկավարը ներկայացրեց մեկ այլ ցուցանիշ 2021-ի ապրիլին կատարված գործարքները 8.8 մլն հատով կամ 24 տոկոսով ավելի են 2019-ի ապրիլից: «Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե 2020 թվականի հետ ենք համեմատում ապրիլը, երբ արդեն լոք-դաուն վիճակն էր, այլ 2019 թվականի հետ: Իսկ դրանով արձանագրված շրջանառության ծավալները 130 մլրդ դրամով կամ 26.6 տոկոսով ավելի են 2019 թվականից: Իհարկե, այստեղ էլ ծավալի առումով որոշակի ազդեցություն գնաճը կունենա, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ գործարքների թիվը 8.8 մլն հատով ավելի է, և սա բավական լավ և էական ցուցանիշ է», - շեշտեց վարչապետի պաշտոնակատարը։

«Կարծում եմ՝ այս ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է», - եզրակացրեց Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG