Մատչելիության հղումներ

Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը մասնագետները հետպատերազմական անորոշ իրավիճակով են պայմանավորում


Դրամը դոլարի նկատմամբ շարունակում է արժեզրկվել։ Կենտրոնական բանկի տվյալով՝ 1 դոլարի միջին փոխարժեքն այսօր շուրջ 537 դրամ է կազմում, մինչդեռ առավոտյան փոխանակման կետերում արժեքը բարձրացել էր` հասնելով մինչև 545 դրամի:

Չնայած դրամի արժեզրմանը, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասում է՝ դրամը կայուն է, այն անգամ այլ արտարժույթների նկատմամբ արժևորվել է։

«Ռուսական ռուբլու նկատմամբ հունվարի 1-ից մինչև հիմա մենք ունեցել ենք արժևորում, ասենք, էլ ի՞նչն է մեզ հետաքրքրելու, վրացական լարին, լարիի նկատմամբ ևս դրամն արժևորվել է: Սա է վիճակը, այստեղ անհանգստանալու մեկ հատիկ բան չկա, որ ընդհանուր վիճակը այնպիսին է, գործոններն այնպիսին են, որ ավելի շատ պետք է պայմանավորեն դրամի արժեզրկումը, քան կայունությունը, դա հասկանալի է», - նշեց Ասատրյանը:

Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը պետք չէ անհանգստության պատճառ դառնա։ Տնտեսագետի խոսքով՝ որոշակի ճգնաժամային իրավիճակի հավանականություն կա, բայց եթե Կենտրոնական բանկն իր գործառույթներն իրականացնի, նման իրավիճակ չի ստեղծվի։

«Իհարկե, Կենտրոնական բանկը պետք է հետևի, որ հանկարծ այս լողը ճգնաժամային դրսևորումներ չունենա, կրիտիկական բաներ չանի, որ հանրության վրա, սպասումների իմաստով, բացասական ազդեցություն չթողնի», - նշեց Բագրատ Ասատրյանը:

Դրամի արժեզրկման ֆոնին, ի դեպ, Գլխավոր դրամատունը այսօր հայտարարություն տարածեց. «Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»։ Սա, ըստ ոլորտի մասնագետների, նշանակում է, որ Կենտրոնական բանկը շուկա, այսպես ասած, դոլարի ներարկում է իրականացնելու՝ դրամի արժեզրկման տեմպը նվազեցնելու համար։

«Առավոտյան ես նայեցի փոխարժեքները շատ ավելի բարձր էին, ընդ որում՝ հետաքրքիր է, որ բանկերն ավելի բարձր նիշ են բռնել վաճառքի կամ փոխանակման կետերը: Հիմա արդեն առավոտվանից ես տեսնում եմ մինչև 2, 3 դրամ վաճառքի գնից նահանջ կա: Կարծում եմ՝ արդեն Կենտրոնական բանկի այդ հայտարարությունը, որ ուշադիր է, որ հարկ եղած դեպքում նաև քայլեր պետք է անի, արդեն կայունացրել է վիճակը», - ասաց տնտեսագետը:

Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը ոլորտի մասնագետները հատկապես հետպատերազմական անորոշ իրավիճակով են պայմանավորում: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ ճգնաժամային իրավիճակներում քաղաքացիները, ներդրողներն ավելի շատ են դոլար գնում։

«Հիմա այս բացասական սպասումները մարդկանց և ներդրողներին ըստ էության պարտադրում են, որ նրանք իրենց գումարները պահեն դոլարով, արտարժույթով: Դրամի արժեզրկումը զուտ ներքին խնդիր է՝ պայմանավորված տնտեսական, քաղաքական անորոշությամբ, սպառնալիքներով, բացասական սպասումներով: Առհասարակ ընտրությունները մեծ բացասական ազդեցություն են թողնում ներդրումային միջավայրի վրա, տնտեսական ակտիվության վրա, ուր մնաց արտահերթ ընտրությունները, և միջին ու խոշոր ներդրումային նախագծերը այս պահին սառեցված են», - ասաց Պարսյանը:

Տնտեսագետն այս իրավիճակը ճգնաժամ բառով է բնութագրում: Պարսյանի կարծիքով՝ սա կբերի արտագաղթի ու տնտեսական ակտիվության թուլացման, որի հաղթահարման համար տնտեսությանն անհրաժեշտ կլինեն, այսպես ասած, լրացուցիչ ներարկումներ։

«Դա կլինի պարտքի տեսքով, վարկերի տեսքով, հարկերի տեսքով, արդեն հաջորդ կառավարության օրակարգային հարցը պետք է դառնա: Ոչ երնեկ հաջորդ կառավարությանը, որովհետև կանգնելու է նման սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առջև», - ասաց Սուրեն Պարսյանը:

Իսկ արդյոք դրամի արժեզրկումը նպաստո՞ւմ է գնաճին, տնտեսագետները այս առումով ուղիղ կապ չեն տեսնում՝ թանկացումներն ավելի շատ արտաքին գործոններով պայմանավորելով։

Վիճակագրական կոմիտեի օրերս հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ այս տարվա մարտին սպառողական շուկայում գնաճը կազմել է 5,8 տոկոս։

XS
SM
MD
LG