Մատչելիության հղումներ

ԿԲ-ի գնահատմամբ` 2021-ին տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ է լինելու, քան կանխատեսված 1.4 տոկոսը


Կենտրոնական բանկը 2021-ի համար կանխատեսած 1.4 տոկոս տնտեսական աճը վերանայելու է, շուտով նոր թիվ կհրապարակի, մինչ այդ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ իրենց գնահատմամբ` տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ է լինելու:

«Տնտեսական ակտիվությունն, օրինակ, առաջին եռամսյակում մեր կանխատեսած մինուս 6 տոկոսի համեմատ մինուս երկու տոկոս ընդամենը եղավ: Ծառայություններն են ավելի լավ իրենց դրսևորում, տրանսֆերտների առումով արտաքին պահանջարկից եկող ազդակներ ունենք, տրանսֆերտներն են ավելի շատ գալիս, ու էլի մի շարք այլ գործոններ», - ասաց նա:

Կենտրոնական բանկն ի սկզբանե այս տարվա համար 2 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսում, սակայն շուրջ երեք ամիս առաջ կանխատեսվող աճի թիվը նվազեց՝ դառնալով 1.4 տոկոս։ Մինչդեռ էկոնոմիկայի նախարարը տևական ժամանակ է` հայտարարում է՝ Հայաստանն այս տարին երկնիշ տնտեսական աճով կփակի։ Միջազգային կազմակերպությունները շատ ավելի համեստ թվեր են կանխատեսել. Համաշխարհային բանկն, օրինակ, շուրջ 3.1 տոկոս աճ է կանխատեսում 2021-ի համար։

Տնտեսական ցուցանիշների կանխատեսումներին զուգահեռ գնաճը շարունակում է հարվածել քաղաքացիների դրամապանակներին: Ըստ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի՝ մինչ տարվա ավարտ գնաճը կարող է արագանալ. «Արտաքինից եկող ալիքները չեն դադարում, այսինքն` մենք տեսնում ենք, որ միջազգային ապրանքահումքային շուկաներում ապրանքների գները շարունակում են աճել, որը նաև ինչ-որ տրանսլացիա կլինի Հայաստան: Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ որոշակի գնաճի արագացում կարող է տեղի ունենա»:

Ըստ մասնագետների՝ գնաճի վրա ազդող գործոններից մեկը դրամի արժեզրկումն է: Արցախյան երկրորդ պատերազմին հաջորդող ամիսներին դոլարը դրամի համեմատ թանկացավ ՝ընդհուպ հասնելով 540 դրամի, վերջին ամսվա ընթացքում, այդուհանդերձ, դրամը որոշ չափով արժևորվեց, այսօր բանկերում մեկ ամերիկյան դոլար կարելի է ձեռք բերել 521.75 դրամով։ Կենտրոնական բանկի նախագահի խոսքով` դրամի արժեքի զգալի տատանումներ այժմ չեն ակնկալվում. «Գիտեք, որ կա սեզոնայնություն: Այս ամիսների ընթացքում արտահանումն է սկսում վերականգնվել, այն մարդիկ, ովքեր, օրինակ, առաջին եռամսյակին մեկնում են արտագնա աշխատանքի, իրենք են սկսում գումարներ փոխանցել իրենց հարազատներին: Այս տարվա ընթացքում, ի դեպ, տրանսֆերտների թիվը բավականին բարձր է, ու նաև սեզոնայնությամբ պայմանավորված որպես կանոն ամառը չի լինում այն սեզոնը, երբ որ հայկական դրամի փոխարժեքը սկսում է արժեզրկվել: Հիմնականում դա տեղի է ունենում ձմռանը և գարնան առաջին ամիսների ընթացքում: Այնպես որ, այդ տեսանկյունից եթե վարքագծային հետևենք նախորդ տարիների փորձին, ապա էական ազդման այդպիսի տատանումներ դրամի փոխարժեքի հետ աճի ուղղությամբ չեն ակնկալվում»:

Երկրի գլխավոր դրամատան ղեկավարն ասում է՝ ծանր 2020-ից հետո տնտեսությունը սկսում է շնչել, սակայն նա դժվարանում է ասել՝ արդյոք մարդիկ պատրաստ են ռիսկերի դիմել և բիզնես պրոյեկտներ ու ներդրումներ իրականացնել։ Վարկերի համար դիմողները թիվը ևս նվազել է։

«Միգուցե, մարդկանց մոտ նաև ինչ-որ հետաձգված սպառման էֆեկտ կա, այսինքն` մարդիկ այս պահի դրությամբ նախընտրում են եթե, օրինակ, լվացքի մեքենա կամ հեռուստացույց պիտի փոխեին կամ նորը պիտի ձեռք բերեին, չանեն, սպասեն, մինչր եկամուտները վերականգնվեն, նոր դիմեն, որպեսզի ավելի խելամիտ լինի իրենց կողմից իրենց ֆինանսների կառավարումը: Այդ կոմպոտենտն, ինձ թվում է, այս 22.5 տոկոսի անկման մեջ էական է»:

2020-ին նվազել են արտարժույթով տրամադրված վարկերը, փոխարենը որոշակիորեն ավելացել են դրամայինները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG