Մատչելիության հղումներ

Հայաստանի սահմաններից դուրս շարունակում են մեկնաբանել կիրակնօրյա քվեարկության արդյունքները


Արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժը շարունակում է շնորհավորանքներ ստանալ արտերկրից։

«Մենք շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների առթիվ», - անցած գիշեր տարածած հայտարարության մեջ նշել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ միաժամանակ կոչ անելով հայաստանյան կուսակցություններին ընդունել ընտրությունների արդյունքները և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից։

«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդմանը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա», - նշել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը՝ բարձր գնահատելով Հայաստանի առաջընթացը բարեփոխումների ուղղությամբ և կոռուպցիայի դեմ պայքարում գործադրվող ջանքերը։

«Ջերմ շնորհավորանքներ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ», - նշել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ հավելելով, - «Բարեփոխումների խորացման հարցում ԵՄ աջակցում է Հայաստանին։ Մենք պատրաստ ենք նաև շարունակել մեր գործունեությունն ուղղված տարածաշրջանում իրադրության կայունացմանն ու հակամարտության համապարփակ կարգավորմանը»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի երեկոյան ևս հանդես է եկել Հայաստանում կայացած ընտրություններին նվիրված մեկնաբանությամբ։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Ակնկալում ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները՝ դրանց օրենսդրական ձևակերպումից հետո, կնպաստեն Հայաստանի շարունակական զարգացմանը, հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ողջ Անդրկովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը՝ նախևառաջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների նոյեմբերի 9-ի և հունվարի 11 -ի հայտարարությունների լիարժեք իրագործման տեսանկյունից»:

Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորել են նաև մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Վրաստանի և Չեխիայի վարչապետերը։

«Սրտանց շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին ընտրությունների հաջող անցկացման և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։ Հաջողություն եմ մաղթում ապագայում և անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրություններում տարած հաղթանակի առթիվ և նրա նոր կառավարությանը հաջող վստահության քվե եմ մաղթում», - Twitter-ում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

Ստացվող շնորհավորանքներին զուգահեռ միջազգային մամուլը շարունակում է վերլուծել կիրակնօրյա քվեարկության արդյունքները՝ արձանագրելով, որ Փաշինյանի կուսակցության ստացած բարձր ցուցանիշը բավական անսպասելի էր։

«Քվեարկությունում, որ դիտարկվում էր որպես ընտրություն ժողովրդավարության և անվտանգության միջև, [հայաստանցի] ընտրողները նախապատվությունը տվեցին առաջինին», - արձանագրում է հեղինակավոր Foreign Policy հանդեսը՝ արձանագրելով, որ Փաշինյանին հաջողվեց հաղթել «մարտահրավեր նետելով պատերազմում կրած աղետալի պարտությանն ու հրաժարականի պահանջներին»։

«Մինչև վերջին պահը քվեարկողների զգալի մասը չէր կողմնորոշվել՝ պնդելով, որ սա չարյաց փոքրագույնի ընտրություն է», - գրում է Foreign Policy-ն՝ մեջբերելով նաև Քարնեգիի հիմնադրամի փորձագետ Աննա Օհանյանի խոսքերը: «Քոչարյանի վերադարձը քաղաքական ասպարեզ մոբիլիզացնող էֆեկտ ունեցավ հօգուտ Փաշինյանի։ Չկողմնորոշված ընտրողների մեծ խմբեր ի վերջո քվեարկեցին Փաշինյանի օգտին՝ անտեսելով հիասթափությունը նրանից և նրա կառավարությունից», - նշում է Օհանյանը։

«Հարցումները վկայում են, որ պարոն Փաշինյանի ներքին քաղաքականությունը, այն է՝ պայքարը կոռուպցիայի դեմ, կենտրոնացվածությունը ճանապարհների կառուցման և գյուղական բնակավայրերի զարգացման վրա, շարունակում է ժողովրդականություն վայելել», -գրում է New York Times-ը՝ հատուկ ընդգծելով. «Հետազոտություններից կարելի է եզրակացնել, որ տնտեսական խնդիրները հայաստանցիներին ավելի շատ են հուզում քան կորսված տարածքները»։

Ամերիկյան մեկ այլ պարբերական՝ Christian Science Monitor-ը, անդրադառնալով հայաստանյան ընտրություններին, արձանագրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը կանխատեսելի չէր։ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ նվաստացման ենթարկվեց անցած տարի Ադրբեջանի հետ ծագած պատերազմում կրած պարտության պատճառով։ Ապրիլին նա ստիպված էր հրաժարական ներկայացնել՝ դառնալով վարչապետի պաշտոնակատար»:

«Նրա կուսակցության հաղթանակը սակայն վկայեց, որ հայերը ժողովրդավարությունն ավելի հուսալի պաշտպանություն են համարում իրենց երեք միլիոնանոց երկրի համար քան Ռուսաստանի անվտանգության համակարգին ապավինելը։ Բացի այդ, նրանք ռազմական պարտությունը կոռուպցիոն խոր ժառանգության հետևանք են համարում», - գրում է Christian Science Monitor-ի մեկնաբանը։

France 24 հեռուստաալիքը երեկ երեկոյան ուղիղ միացմամբ լուսաբանում էր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը։

«Եթե այս ընտրությունների իմաստը հայաստանցիների համար առավելապես նախկին վարչակազմի ներկայացուցիչներին իշխանությունից հեռու պահելն էր, ապա հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, հասկանում է՝ իր սխալներն ու թերությունները չեն ներվել, մասնավորաբար այն աղետալի պարտությունը, որը նա կրեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ընթացքում», - նշել է երկուշաբթի երեկոյան Հանրապետության հրապարակում աշխատող France 24-ի թղթակիցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG