Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել


Եվրամիության և Հայաստանի դրոշները, արխիվ

Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կերտման գաղափարին: Այս մասին ասված է Հայաստանում հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵՄ խոսնակի հայտարարությունում:

«Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական», - նշված է հայտարարությունում, որը հրապարակված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջում:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն, այդուհանդերձ, ընդգծել է՝ քարոզչության բացասական տոնայնությունը և հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Առաքելության ընդգծմամբ՝ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում:

Դիմում-բողոքները կամ հայցադիմումները պետք է մանրակրկիտ և արդյունավետ եղանակով քննության առնվեն` կիրառելով Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերը», - հայտարարում է ԵՄ խոսնակը:

«Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական միությունը պատրաստ է է՛լ ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները և աջակցել Հայաստանին՝ կյանքի կոչել երկրում կարևոր բարեփոխումների իրականացման օրակարգը՝ հիմք ընդունելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով սահմանված համատեղ պարտավորությունները», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG