Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ընտրությունների կապակցությամբ


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների դիտարկման առաքելության ընդհանուր առմամբ դրական գնահատականը», - երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

Նեդ Փրայսը գոհունակություն է հայտնել ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունների առնչությամբ, համաձայն որոնց՝ ընտրողների իրավունքները և հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, մասնակիցները կարողացել են ազատորեն քարոզարշավ իրականացնել, և որ ԺՀՄԻԳ-ը ընտրությունների օրը քվեների հաշվարկը դրական է գնահատել:

Միևնույն ժամանակ, պաշտոնական Վաշինգտոնը միանում է ԺՀՄԻԳ-ի մտահոգություններին՝ կապված մասնակիցների խիստ բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության հետ: «Հորդորում ենք բոլոր քաղաքական ուղղություններին հարող հայաստանցիներին հարգել այս ընտրությունների արդյունքները, երբ դրանք վավերացված կլինեն, մտահոգիչ խնդիրների հետ կապված կիրառել ընտրությունների բողոքարկման իրավական գործընթացը և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից, մինչ Հայաստանը շարունակում է հետամուտ լինել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագային», - ասված է հայտարարությունում:

«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդմանը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա», - նշել է Փրայսը՝ բարձր գնահատելով Հայաստանի առաջընթացը բարեփոխումների ուղղությամբ և ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, քաջալերելով Հայաստանին «շարունակել այդ ճանապարհը՝ 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած իղձերին համահունչ»:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավարական սկզբունքները և անհամբեր սպասում ենք նոր Կառավարության հետ աշխատանքին՝ ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Նեդ Փրայսը նաև բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը դեսպան Լին Թրեյսիի և Երևանում ԱՄՆ դեսպանատան ամբողջ անձնակազմի աջակցությունը: «Նրանց նվիրվածության և ջանադիր աշխատանքի միջոցով մենք շարունակում ենք առաջ մղել ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG