Մատչելիության հղումներ

Չնայած քարոզարշավում ընդգրկված էին ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, Լոռիում ասում են՝ քվեարկությանը մասնակցել են ազատորեն


Լոռու մարզում ընտրություններին մասնակցածների 60 տոկոսը ձայն է տվել իշխող «Քաղաքացիական պայմանագրին», 15 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի օգտին է քվեարկել, 7 տոկոսը՝ «Պատիվ ունեմ»-ի օգտին։

Մյուս մարզերի համեմատ առանձնահատուկ տարբերություններ չկան։ Միայն ծնունդով վանաձորցի Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանի» ստացած ձայներն են այստեղ փոքր-ինչ տարբեր մարզերի մեծամասնության համեմատ։ Եթե շատ տեղերում «Լուսավոր Հայաստանը» նույնիսկ մեկ տոկոս քվե չի ստացել, ապա Լոռիում ու Տավուշում կուսակցությունն ավելի քան 2 տոկոս ձայն ունի։

Քվեարկության ընթացքում «Ազատությունը» ողջ օրը շրջել է տարբեր համայնքներում, էական խախտումներ չենք արձանագրել։ Քվեարկությունն անցել է հանդարտ անգամ այն համայնքներում, որտեղ ենթադրում էին, թե թեժ պայքար կարող էր լինել, քանի որ քաղաքական ուժերի քարոզարշավներում ընդգրկված էին վարչական ու ֆինանսական լուրջ ռեսուրսներ տիրապետող անձինք՝ սկսած համայնքապետերից մինչև խոշոր գործարարներ ու նախկինում մեծ ազդեցություն ունեցած դեմքեր։

Քվեարկության ընթացքում ընտրատեղամասերի առջև որպես վստահված անձ ներկայացող անձինքն էին պտտվում։ Գյուլագարակի բնակավայր Վարդաբլուրի վարչական ղեկավարի հայրը՝ Գեղամ Վարդանյանը «Հայաստան» դաշինքի վստահված անձն էր։ Գյուղի ընտրատեղամասերից մեկում ժամանակ առ ժամանակ զրույցի էր բռնվում ընտրողների հետ, վայց «Ազատությանն» ասաց՝ քվեարկությունից չի խոսում. «Բայց ո՞վ ընտրողի հետ խոսեց, նա ընտրեց դուրս եկավ, ուրեմն իմ տան անդամի հետ իրավունք չունի՞ խոսելու»:

Սպիտակի տեղամասերի տարածքներում անցած շաբաթ պաշտոնից հեռացած համայնքապետ Գագիկ Սահակյանն էր։ Բայց ընտրողները հիմնականում ասում էին, որ այդ ամենն իրենց չի կաշկանդում, քվեարկությանը մասնակցել են ազատորեն։ Անցել են վախի ժամանակները, «Ազատությանն» ասացին Գյուլագարակում. «Մենք մեր իրավունքների տերն ենք, ո՞վ կարա պարտադրի»:

Վանաձորում իշխող կուսակցության հիմնական մրցակից «Հայաստան» դաշինքի քարոզչության համար բացված մեծաթիվ շտաբներում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք հեղափոխությունից հետո՝ 2018-ին տեղի ունեցած ընտրություններին առհասարակ չէին երևացել։ Քոչարյանի քարոզարշավին մեծ թափով միացել էին նաև Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ։ Աշխատակազմի քարտուղարն ու Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը պատգամավորի թեկնածուներ էին։ Վանաձորի կենտրոնական գրադարանում տեղակայված ընտրատեղամասում Գոռ Բադյանը հետևում էր քվեաթերթիկների հաշվարկին։ Բադյանը, որ մեծ հույսեր ուներ հենց այս ընտրատեղամասից, քանի որ իր բնակության տարածքն էր, «Հայաստան» դաշինքը պարտվեց ձայների գրեթե կրկնակի տարբերությամբ։ Գոռ Բադյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։

Կեսգիշերից հետո, երբ արդեն պարզ էր, որ Քոչարյանի գլխավորած դաշինքը պարտվում է մարզի բոլոր համայնքներում, «Ազատության» հարցերին հրաժարվեց պատասխանել նաև մինչև 2016 թվականը 14 տարի Վանաձորը ղեկավարած Սամվել Դարբինյանը։ Նա Քոչարյանի քարոզարշավի Վանաձորի պատասխանատուն էր։

Երեկվա քվեարկության նախնական արդյունքներով խորհրդարան չի անցել սպիտակցի մեծահարուստ Արկադի Համբարձումյանի որդին՝ մի քանի ընկերությունների սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանը, որ «Պատիվ ունեմ» դաշինքի 14-րդ համարն է։

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Սպիտակում ընկերություններից մեկի աշխատակցուհի է ձերբակալվել ընտրակաշառքի կասկածանքով։ Նա իր տնօրենի որդու օգտին քվեարկելու համար ընտրողին 10 հազար դրամ էր առաջարկել, մեկ ուրիշին խոստացել էր 7500 դրամի պարտքը չեղարկել դաշինքի օգտին քվեարկելու դեպքում։

Քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում ևս Լոռիում միջադեպեր չեն արձանագրվել, բացի այն, որ մի քանի այլ մարզերի հետ, Լոռու մարզի մի շարք համայնքներ, այդ թվում՝ Վանաձորը հոսանքազրկվեց։ 5 րոպե հանձնաժողովներն աշխատեցին հեռախոսների լույսի տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG