Մատչելիության հղումներ

Վերջնականապես հասկանալի դարձավ, որ մարդիկ չեն ցանկանում նախկին ռեժիմի վերադարձը. BBC-ն Հայաստանի ընտրությունների մասին


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը, 20 հունիսի, 2021թ.

BBC-ի ռուսական ծառայության թղթակցի գհահատմամբ՝ սա Փաշինյանի «անսպասելի հաղթանակն է», փորձագետները այսպիսի արդյունք չէին սպասում՝ Փաշինյանի վարկանիշը փլուզվել էր անցած տարի Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից հետո։

«Բայց այստեղ շատերն ասում են, որ Փաշինյանին տված ձայները բողոք էին երկիրը 20 տարի ղեկավարած երկու նախկին նախագահների գլխավորած ընդդիմության դեմ։ Այս ընտրողներից հետո վերջնականապես հասկանալի դարձավ, որ մարդիկ չեն ցանկանում նախկին ռեժիմի վերադարձը»,- եզրակացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում պահեց իշխանությունը, չնայած լայնորեն մեղադրվում էր Լեռնային Ղարաբաղի անկլավում անցած տարի ռազմական պարտության համար, արձանագրում է «Ռոյթերսը», նշելով, որ կառավարությունը արտահերթ ընտրություններ էր նշանակել` փորձելով հաղթահարել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջանների կորստի հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամը։

«Ռազմական գործողություններն առաջացրել էին միջազգային հանրության մտահոգությունը, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանը խողովակաշարերի միջանցք է բնական գազն ու նավթը համաշխարհային շուկա հասցնելու համար։ Մոսկվայի դաշնակից Հայաստանն իր տարածքում ռուսական ռազմակայան է հյուրընկալում, չնայած 2018-ին հակակոռուպցիոն օրակարգով ու փողոցային բողոքի ակցիաների արդյունքում իշխանության եկած Փաշինյանի օրոք այդ հարաբերությունները սառն էին։ Տարածաշրջանային մեկ այլ ուժ՝ Թուրքիան անցած տարվա հակամարտությունում աջակցել էր Ադրբեջանին ու մոտիկից հետևում է հայաստանյան զարգացումներին»:

«Ռոյթերսը» նշում է, որ ընտրություններում երկրորդ արդյունքը ցույց տված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը չի ընդունում ընտրությունների արդյունքները, համարելով, որ այն հակասում է անցած ութ ամիսներին հանրային կյանքի տարբեր դրսևորումներին։ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղից է, անկլավ, որը միջազգանորեն ճանչված է որպես Ադրբեջանի մաս, նշում է «Ռոյթերսը»` հավելելով, բայց բնակչության մեծ մասը էթնիկ հայեր են։ Հիշեցնում է` Քոչարյանը Հայաստանի նախագահ էր 1998-2008 թվականներին և մեղադրվում էր անօրինական գործողությունների համար, երբ 2008-ի վիճահարույց ընտրություններից հետո արտակարգ դրություն մտցրեց։ Ոստիկանության և ցուցարարների բախումնների հետևանքով առնվազն 10 մարդ էր զոհվել, նշում է «Ռոյթերսը»։

«Ասոշիեյթեդ Փրեսը» գրում է, որ Փաշինյանը արտահերթ ընտրություններ էր հայտարարել իր հրաժարականի պահանջով մի քանի ամիս շարունակված բողոքի ցույցերից հետո, քանի որ նա Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ վեցշաբաթյա պատերազմը ավարտող խաղաղության համաձայնագիր էր ստորագրել։ Ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանը վերկանգնել է Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը, որոնք ավելի քան քառրոդ դար գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։ Հազարավոր հայեր Երևանում դուրս էին եկել փողոցներ` բողոքելով այդ գործարքի դեմ, այն համարելով «ազգային շահերի դավաճանություն»։

«Դեյլի Սաբահը» զանգվածային բողոքի ակցիաների հետ հիշատակում է նաև Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը։ «Ընտրություններն անցկացվեցին նաև այն բանից հետո, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը, ինչը Փաշինյանը ռազմական հեղաշրջման փորձ էր գնահատել»,- նշում է «Դեյլի Սաբահը»:

«Ալ Ջազիրան» հիշեցնում է, որ համաձայնագիրը Փաշինյանը աղետալի էր համարել, բայց նշել, որ ստիպված էր ստորագրել մարդկային և տարածքային ավելի մեծ կորուստները կանխելու համար։ «Մոսկվայի տեսանկյունով Փաշինյանը երաշխիք է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմնա, որը ներառում է նաև շուրջ 2 հազար ռուսաստանցի խաղաղապահների տեղակայում Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծում է «Ալ Ջազիրան»։

«Ֆրանս Պրեսը» փաստում է` ընտրությունների արդյունքները ցույց տվեցին Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը արտահերթ ընտրություններին, որն անցկացրեց Ադրբեջանի հետ պատերազմից հետո առաջացած քաղաքական ճգնաժամը լիցքաթափելու նպատակով։

Գերմանական Dpa գործակալությունը, հաղորդելով Հայաստանի ընտրությունների մասին, նաև մեկնաբանում է՝ Ռուսաստանը Փաշինյանի հաղթանակի մեջ երաշխիքներ է տեսնում, որ Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված կրակը դադարեցնելու համաձայնագիրը կպահպանվի։

XS
SM
MD
LG