Մատչելիության հղումներ

Ընտրակաշառք տալու համար կասկածվող պատգամավորության թեկնածուն լքել է Հայաստանը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել էր դատախազության միջնորդությունները՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

«Ազատության» տվյալներով՝ նա «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն է, որը լքել է Հայաստանի տարածքը:

Դատախազությունը տեղեկացնում է, որ ԱԱԾ-ից ստացված տվյալներով պարզվել է, որ մի խումբ բնակիչներ, գալով նախնական համաձայնության, հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, վերջինիս ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, նույն վարչական շրջանի մի շարք ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով հունիսի 14-ին առաջարկել, խոստացել կամ տրամադրել են 20.000-ական դրամ կաշառք:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը քննչական ենթակայության կարգով փոխանցվել էր ՀՔԾ-ին: Շարունակված նախաքննության արդյունքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին երկու անձինք:

Նկատի ունենալով, որ նրանցից մեկն ընդգրկված է դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել ԿԸՀ:

Ավելի վաղ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքի հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել վերջինիս ձերբակալումը: Արդյունքում տվյալ անձը լքել է ՀՀ տարածքը:

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդրություն էր ներկայացվել գործով ձերբակալված մյուս անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը ևս մերժվել էր:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս երկու որոշումների դեմ դատախազությունը ներկայացնելու է վերաքննիչ բողոք:

«Պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու և անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG