Մատչելիության հղումներ

Այսօր Իրանում նախագահական ընտրություններ են


Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին քվեարկում է նախագահական ընտրություններին, Թեհրան, 18-ը հունիսի, 2021թ.

Իրանում այսօր նախագահական ընտրություններ են։ Թեկնածուները խիստ զտման պրոցես են անցել պահապանների խորհրդի կողմից, բարեփոխական համարվող մի շարք թեկնածուներ քվեարկությանը մասնակցելու իրավունք չեն ստացել և նման պայմաններում հավանական է համարվում պահպանողական Էբրահիմ Ռաիսիի հաղթանակը։

Իրանի դատական համակարգի ղեկավար 61-ամյա Ռաիսին վայելում է իսլամական երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի աջակցությունը։ 1988 թվականին Ռաիսին չորս դատավորներից մեկն էր, որոնք արագացված դատավճիռներ էին կայացնում ու հազարավոր մարդկանց դատապարտում մահապատժի և կախաղանի։ Իրավապաշտպան կազմակերպությունները նրան մեղավոր են համարում մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։

Այսօրվա ընտրություններին նրա հիմնական մրցակիցն է համարվում չափավորական Աբդուլնասեր Հեմմաթին։ Նա մինչ առաջադրվելը Իրանի կենտրոնական բանկի նախագահն էր։

Ընտրությունների ամենամեծ խնդիրը կարող է լինել ցածր մասնակցությունը։ Քանի որ հայտնի գործիչներից շատերը դուրս են մղվել պայքարից, նրանց կողմակիցները հնարավոր է չգնան քվեարկության։

Այաթոլլա Ալի Խամենեին այսօր, քվեարկելով Թեհրանում, ընտրողներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը։

«Ընտրությունների օրը իրանի ժողովրդի օրն է։ Այսօր ժողովուրդն է գլխավոր դերակատարն ու բեմադրիչը», - քվեարկությունից հետո ընտրատեղամասում կահավորած ամբիոնից ասել է Խամենեին։

Իրանում 59 միլիոն ընտրող կա։ Նախագահական նախորդ ընտրություններին՝ 2017 թվականին քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 73 տոկոսը։ Ըստ Իրանական ուսանողների հարցումների գործակալության՝ այսօրվա ընտրությունը ենթադրվում է ընտրողների կեսից քիչ՝ մոտավորապես 42 տոկոսի մասնակցություն։

Պաշտոնյաները, ներառյալ գործող նախագահ Հասան Ռոհանին քվեարկությանը մասնակցելու կոչ են արել։

Իրանի պետական հեռուստաընկերությունը ընտրատեղամասերի մոտ հերթերի կադրեր է ցույց տալիս։

Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն հունիսի 19-ին։

XS
SM
MD
LG