Մատչելիության հղումներ

Իրանի գերագույն առաջնորդն անտեսել է նախագահի խնդրանքը


Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, Իսլամական Հանրապետութըյան փաստացի ղեկավար, այաթոլա Ալի Խամենեին հրապարակավ անտեսել է հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ավելի մեծ թվով թեկնածուների մասնակցություն արտոնելու մասին պաշտոնավարումն ավարտող նախագահ Հասան Ռոհանիի խնդրանքը:

Նախագահը կառավարության անդամների հետ խորհրդակցության ընթացքում ասել է, թե նպատակահարմար կլիներ, որ թեկնածուներին հաստատող Պահապանների խորհուրդն ընտրություններն առավել մրցակցային դարձնելու համար ավելացներ թեկնածուների թիվը:

Ռոհանին նաև նամակով է դիմել գերագույն առաջնորդին: «Մրցակցությունը ցանկացած ընտրության էությունն է, մրցակցության տարրը հանելով՝ կստանանք մեռյալ ընտրություն», - գրել է Ռոհանին Խամենեիին:

Գերագույն ղեկավարի պատասխանը չի ուշացել՝ նա ժողովրդին դիմել է հատուկ ուղերձով, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ:

«Գնացեք և քվեարկեք, ուշադրություն մի դարձրեք երկրի ներսում կամ դրսից արվող հայտարարությունների վրա, դրանք դատարկ խոսքեր են, նույնիսկ եթե ոմանք ասում են, թե ժողովրդի անունից են խոսում, դա անհեթեթություն է, նրանք ստում են», - ասել է այաթոլա Խամենեին:

Նախագահ Ռոհանին իր դժգոհությունն է հայտնել, քանի որ Պահապանների խորհուրդը չի հաստատել չափավոր և բարեփոխական համբավ ունեցող մի խումբ քաղաքական գործիչների թեկնածությունը:

Խորհուրդը հավանություն է տվել 7 թեկնածուների մասնակցությանը: Նրանց թվում է Իրանի արդարադատության համակարգի ղեկավար, կարծր դիրքորոշմամբ հայտնի պահպանողական գործիչ Էբրահիմ Ռայիսին, ով, ըստ վերլուծաբանների, ունի հաղթելու մեծ հնարավորություններ:

Մայիսի 15-ին ներկայացնելով թեկնածու գրանցվելու փաստաթղթերը՝ Ռայիսին խոսել է արտաքին քաղաքականության մասին, որը կիրականացվի իր հաղթանակի դեպքում։

«Մեր վարչակազմը կհամագործակցի բոլոր երկրների, հատկապես հարևանների հետ, մենք կհամագործակցենք բոլոր նրանց հետ, ովքեր չեն ցանկանում լինել մեր թշնամիները, մենք կհամագործակցենք բարեկամաբար, պատվով և հզոր», - ասել է Ռայիսին:

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին արդեն երկու անգամ պաշտոնավարել է և չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններում:

XS
SM
MD
LG