Մատչելիության հղումներ

Իրանում տեղի ունեցավ նախագահության թեկնածուների առաջին բանավեճը


Իրանի նախագահության թեկնածու, կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմատին, արխիվ

Երեկ Իրանում տեղի ունեցավ հունիսի 18-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը:

Երեք ժամ տևած ծրագրի ընթացքում հիմնական վեճը ծավալվել է երկու թեկնածուների՝ Իրանի կենտրոնական բանկի նախագահ, չափավոր բարեփոխական Աբդոլնասեր Հեմատիի և արդարադատության համակարգի ղեկավար, ծայրահեղ պահպանողական Էբրահիմ Ռայիսիի միջև: Բանավեճի մասնակիցները քննարկել են տնտեսության թեման:

Պահպանողական թեկնածուները քննադատել են նախագահ Հասան Ռոհանիի վարած քաղաքականությունը և Հեմատիին կոչ են արել ստանձնել պատասխանատվության իր բաժինը երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամի համար:

Հեմատին, իր հերթին, քննադատել է կարծր դիրքորոշման քաղաքական գործիչներին, ասելով, թե նրանց հայտարարությունները և կոնկրետ քայլերը նպաստել են Արևմուտքի հետ լարվածության աճին, ինչն էլ ավելի է սրել սոցիալական ծանր կացությունը:

Նա ասել է նաև, որ ժողովրդին ուղիղ ֆինանսական աջակցություն տրամադրելու պահպանողականների խոստումները տնտեսական առումով իրատեսական չեն:

Ծայրահեղ պահպանողական թեկնածու Ռայիսին բարեփոխական գործիչների հետ առճակատումից խուսափել է, սակայն ասել է, որ իր համար առանցքային նշանակություն ունի Իրանի տնտեսական խնդիրների կարգավորումը և քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու պարտավորությունը:

Մեկնաբանների համոզմամբ, նախևառաջ Ռայիսին ունի հունիսի 18-ին հաղթելու մեծ հնարավորություններ:

Իրանում մինչև ընտրությունները տեղի կունենա նախագահության թեկնածուների ևս երկու հեռուստաբանավեճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG